ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Բագրատ Եսայանի եւ այլ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց՝ Արսեն Վարդանյան, Էմանուել Սինան, Նարեկ Վերդյան, Արշակ Սարգսյան, Սարգիս Կարապետյան, Տարոն Մանուկյան, Մեսրոպ Եղիազարյան, Աշոտ Հովհաննիսյան, Նարեկ Մանթաշյան, դեմ հարուցված գործով վկաների հարցաքննությունն այսօր շարունակվում էր:
Հիշեցնենք՝ քաղաքական գործիչների ու քաղաքականապես ակտիվ 10 անձանց դեմ գործ է հարուցվել ՝ գլխավոր դատախազության դեմ ցույցին մասնակցելու եւ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական վանկարկումներ անելու, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար:
Այսօր դատարանում վկայություն են տվել երեք ոստիկաններ: Պաշտպաններից Ալեքսանդր Կոչումբաեւն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկաններն իրենց վկայություններով, ըստ էության հերքել են խուլիգանության մեղադրանքը, որն առաջադրվել այս գործով: Ըստ պաշտպանի, ոստիկանները հերքել են, որ այդ օրը, այդ տեղում բնույթով այնպիսի խախտումներ են եղել, որոնք կարող էին առաջացնել խուլիգանություն, հասարակության մոտ վախի ու տագնապի զգացողություն: Ոստիկանների նման հայտարարությունները փաստաբանին եւս մեկ հիմք են տալիս պնդելու, որ «10-ի գործը» քաղաքական է, տասն ամբաստանյալները հետապնդվում են բացառապես իրենց քաղաքական հայացքներից ելնելով:
Այս գործով անցնող ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանն էլ փոխանցեց, որ ոստիկաններից երկուսն առհասարակ, հայտարարել են, որ ամբաստանյալներից որեւէ մեկին անգամ չեն ճանաչում: Միայն մեկ ոստիկան է ասել, որ ամբաստանյալներից մի քանիսին ճանաչում է, բայց նրանց կողմից որեւէ հանցանք պարունակող արարք չի տեսել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ