Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն իր թիմում չունի թիվ 2-ը, դրա համար էլ թիվ 2 հանդես է գալիս իր ընտանիքի անդամը»․ Աղասի Ենոքյան

Հուլիս 14,2022 17:42

«Սա ուղղակի ցույց է տալիս այն մեթոդաբանությունը, որով Նիկոլ Փաշինյանն աշխատում է։ Այսինքն՝ ամեն անգամ իր կառավարումն արդարացնելու համար որոշակի օրենքներ են մտցնում, փոփոխություններ են կատարվում, դրանով փորձում են հասնել իրենց համար ցանկալիին»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությանը՝  ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար դիմել Սահմանադրական դատարան։

Ըստ Աղասի Ենոքյանի՝ սա այն կամայականության արտահայտությունն է, որը երկրում արդեն շուրջ չորս տարի տիրում է։ Նրա համոզմամբ՝ եթե մի քանի ընդդիմադիր պատգամավորներ զրկվեն մանդատից, դա առանձնապես մեծ փոփոխություն չի բերի, բայց միևնույն ժամանակ շեշտեց․ «Մի կարևոր բան կլինի։ Դա այն է, որ այս խորհրդարանի միջազգային լեգիտիմությունը բավականին ցածր կլինի և դրանից հետո խորհրդարանի՝ ընդհանրապես ցանկացած միջազգային որոշում՝ խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, սահմանային հարցեր, բավականին թույլ կլինեն իրավական կողմով և հետագայում կարող է հանգիստ վիճարկվել»։

Հարցին՝ արդյոք այս քայլով Նիկոլ Փաշինյանը չի՞ ցանկանում ծուղակը գցել և նոր արտահերթ ընտրություններ հայտարարել, որպեսզի արդեն 100 տոկոս հավաքի խորհրդարանում, քաղաքագետը պատասխանեց․ «Ի՞նչ տարբերություն՝ հարյուր տոկոս կլինի՞, թե՞ հիսուն- վաթսուն։ Դա որևէ տարբերություն չի առաջացնում երկրի կառավարման հարցում։ 50-60 տոկոս մանդատն էլ բավարար է նրանց համար իրենց կամայականություններն անելու համար»։

Աղասի Ենոքյանը կարծում է, որ խաղաղության թեզով իշխանության գալով՝ ըստ էության Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին։ Նա պարզաբանեց․ «Ակնհայտ է, որ խաղաղության թեզը կեղծ է, դա ակնհայտ է, քանի որ խաղաղության հասնելու համար պետք է լինես ամուր, քեզ պատերազմ չպարտադրեն ու քեզնից բաներ չպոկեն։ ՀՀ-ն իրականացնում է մի քաղաքականություն, որտեղ հնարավորինս հանձնվում է։ Այս ամենից հետո խաղաղության մասին խոսելը հիմարություն է։ Պետությունը չունի իր քաղաքացու անվտանգությունն ապահովելու հիմնական գործիքները․ դրանից հետո մենք խոսում ենք ընտրությունների, խաղաղության օրակարգի մասին։ Ինչի՞ մասին է խոսքը»։

Խոսելով Դիմադրության շարժման արդյունքների մասին՝ Աղասի Ենոքյանն ասաց․ «Որոշակի հաջողությունների հասավ ընդդիմության շարժումը։ Առաջինն այն է, որ սրված վիճակ էր, անընդհատ խոսում էին Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին, մեր բարձրաստիճան պաշտոնյաները Եվրոպա էին գնում։ Պատճառն այն էր, որ Արևմուտքը զգացել էր այստեղ Ռուսաստանի որոշակի վակուումը և որոշակիորեն օգտագործեց այս հանգամանքը։ Ընդդիմության ցույցերի պատճառով է նաև, որ այդ պայմանագրի ստորագրումը չասեմ չեղարկվեց, բայց ընկավ հեռավոր դարակներ։ Այս շարժումի միջանկյալ արդյունքներ կարելի է արձանագրել»։

Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմում չունի երկրորդը, դրա համար էլ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանն է ակտիվ։ Նա պարզաբանեց․ «Նիկոլ Փաշինյանն իր թիմում չունի թիվ 2-ը, ում կարող է պատվիրակել այս կամ այն հարցերը, դրա համար էլ թիվ 2 հանդես է գալիս իր ընտանիքի անդամը։ Սա ներքպական ժողովրդավարության կարևոր արտահայտությունն է»։

Քաղաքագետի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկալի է բոլոր միջազգային դերակատարների համար։ Նա շարունակեց․ «Ակնհայտ է, որ նա դրական խոստումներ է տալիս բոլորին՝ սկսած ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջան։ Հետո հնարավորության դեպքում այդ խոստումներից ետ է կանգնում։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը միշտ եղել է փակուղային իրավիճակում։ Մինչդեռ իր գնահատականն այն է, որ ինքը կարող է ընդդիմության հախից գալ, իր իշխանությունն ամրապնդել, ուրեմն ոչ մի փակուղի էլ չկա, իսկ Ադրբեջանը կգա, Արցախը կգրավի, Բերձորը կգրավի կամ Թուրքիան կպահանջի միջանցքներ ստեղծել, այդ ամենը ձեռքի հետ լուծվող հարց է։ Կարևորն այն է, որ ինքն իր իշխանությունը պահպանում է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031