«Հայելի» ակումբում, պատասխանելով հարցին, թե ըստ տարածվող տեղեկությունների այսօր երեկոյան հրավիրվելիք ԱԺ խորհրդի նիստում իշխանական պատգամավորները, հնարավոր է, որոշեն ու ընդդիմադիր 33 պատգամավորների մանդատից զրկելու հարցով առայժմ չդիմեն Սահմանադրական դատարան, քաղաքական-հասարակական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ասաց. «Չկա այդպիսի բան: Այսօր 18:30-ին լինելու է ԱԺ խորհրդի նիստ: Ուղղակի ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջով այդ պատգամավորների մասնակցությամբ պետք է խորհրդի նիստը տեղի ունենա: Որովհետեւ յուրաքանչյուրի վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Այսինքն, ԱԺ խորհուրդը չի կարող մի որոշումով երկու պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցով դիմել ՍԴ: Յուրաքանչյուրի հետ կապված որոշումը պետք է կայացվի առանձին եւ իր ներկայությամբ:
Քանի որ այդ պատգամավորները չեն գնալու ԱԺ խորհրդի այսօրվա նիստին, կանոնակարգը նախատեսում է, որ հաջորդ նիստը պետք է լինի մեկ շաբաթ հետո եւ կարող է կայանալ արդեն առանց իրենց մասնակցության: Այսինքն, այսօր խորհրդի նիստը կանեն 18:30-ին, այդ պատգամավորները չեն գնա, կհետաձգվի մեկ շաբաթ ու մեկ շաբաթ հետո նիստը կանեն: Սա ֆորմալ կողմն է: Իրենք քաղաքական որոշումը կայացրել են եւ դիմելու են ՍԴ: Եվ դա ոչ թե իրենց բարի կամքով ու ցանկությամբ, այլ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով: Ընդամենը սա է տեղի ունենալու:
Թող սկսեն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունը պետք է իրականացնի բանավոր ընթացակարգով եւ գործի քննության համար անհրաժեշտ է այդ պատգամավորների, ներկայությունը ՍԴ-ում: Ու դիմումը մուտքագրվելուց 30-օրյա ժամկետում դատարանը պետք է որոշում կայացնի: Հիմա հետաքրքիր է, թե 33 հոգու վերաբերյալ դատարանը 30 օրում ո՞նց պետք է որոշում կայացնի: Այն էլ՝ այս դատարանը ու այս արձակուրդների շրջանում»,- ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ