Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր գաղտնի ծառայությունները կասեն, որ դա թշնամական երկրի օպերացիա է՝ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության, ԿԲ-ն կանի տասնապատիկ ավելի, որ կանխի». ԿԲ նախագահ

Հուլիս 14,2022 17:45

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց գնաճի հետ կապված խնդիրը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ցույց տալու համար, թե իրենք որքան ճիշտ քաղաքականություն են վարել, հարեւան Թուրքիայի օրինակը բերեց. «Թուրքիայում իրենք ունեն մի հատ շատ հետաքրքիր նախագահ, որը կարծում է որ ինքը տնտեսագիտությունիից շատ լավ հասկանում է, խորը գիտելիքներ ունի: Արդյունքում այն մարդիկ, որոնք ասում են ճշմարտությունը, տնտեսագիտական աքսիոման, ինքը այդ մարդկանց գործից հանում է: Անցած տարվա ընթացքում փոխել է Կենտրոնական բանկի 3 նախագահ, որոնք իրեն ասել են աքսիոմատիկ ճշմարտություն, ասել են՝ եթե կա գնաճ, գնաճի դեմ պայքարելու ձեւը տոկոսադրույքները բարձրացնելն է: Հիմա գտել է մի ԿԲ նախագահ, որին ինքը կարողացել է համոզի, որ եթե ԿԲ-ն տոկոսադրույքը իջեցնի, գնաճը կվերանա: Արդյունքում Թուրքիայում օֆիցիալ ունեն 70-80% գնաճ: Թուրքիայի ֆենոմենը մեզ ի՞նչ է ցույց տալիս՝ իրենց տնտեսությունը մեկ շնչին ՀՆԱ-ից 4000$-ից հասել է 12 հազար դոլար, երբ որ Թուրքիայում գնաճը եղել է ցածր ու կառավարելի: Եթե հանկարծ ձեզ ինչ-որ մեկը խորհուրդ կտա, կասի, որ հարգելի պատգամավորներ, տոկոսադրույքը ճիշտ է նվազեցնել, որ գնաճը զսպվի, կարող եք միանգամից ասել՝ 180 երկրում 50 տարում նման բան տեղի չի ունեցել ու կարծում ենք, եթե դուք Թուրքիայից չեք, դուք սխալվում եք»:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց. «Այն իրավիճակը, որ այսօր Հայաստանում կա ֆինանսական շուկայում՝ արտարժույթ է գալիս Հայաստան, դրամն արժեւորվում է, ենթադրենք, դա արհեստականորեն լիներ, ասենք, ինչ-որ թշնամական երկրի ինտերվենցիա, ԿԲ ռեակցիան էլի նո՞ւյնը կլիներ»:

ԿԲ նախագահը պատասխանեց. «Եթե հանկարծ մեր գաղտնի ծառայությունները կասեն, որ դա թշնամական երկրի օպերացիա է՝ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության եւ պետականության, բնականաբար ԿԲ-ն այն, ինչ անում է, կանի տասնապատիկ ավելի, որ կանխի: Մենք բոլորս այս երկրում ենք ապրում ու հասկանում ենք, որ արտադրողները, արտահանողներն ունեն խնդիր ու ԿԲ-ն վերջին մի քանի ամսվա ընթացքում, հասկանալով շուկայի փոքրությունը, անկատարությունը՝ մոտ 300 մլն դոլար շուկայից ձեռք է բերել, այնպես չի, որ մեզ դրել ենք բանի տեղ, ասում ենք՝ ոչ մի բանի հետ կապ չունենք»:

Նա նշեց, որ վերջին 16 տարվա ընթացքում ՀՀ ԿԲ-ի վարած քաղաքականության արդյունքում գնաճը պահել են 4%-ի սահմաներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031