Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունների, դաշինքների անուններն այլեւս չեն կարող պարունակել անձնանուն

Հուլիս 14,2022 17:30

2023թ․-ից ուժի մեջ մտնող՝ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի համաձայն կուսակցությունների դաշինքների անվանումներն այլեւս չեն կարող պարունակել անձնանուն, պետական կամ ՏԻՄ մարմինների անվանումներ եւ շփոթելու աստիճան դրանց նման անվանումներ ու հոլովաձեւեր։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացնելով ՔՊ-ի հեղինակած՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Խոսքը նրա մասին է, որ ընտրություններից առաջ ձեւավորվում են դաշինքներ՝ անուն ազգանուններով։ Մենք ընտրել ենք համամասնական ընտրակարգը, եւ, ըստ էության, հաջողել դրանում, գրանցել ընտրական գործընթացի առաջընթաց։ Իսկ անուն ազգանուններով դաշինքներով ընտրությունների մասնակցելը մեծամասնական ընտրակարգի տրամաբանության մեջ է։ Կուսակցությունները եւս չեն կարող անվանման մեջ պարունակել անձնանուն»,-տեղեկացրեց Արթուր Հովհաննիսյանը։

Կառավարության դիրքորոշումը նախագծի վերաբերյալ դրական է։ «Արտախորհրդարանական ընդդիմությունը եւս մասնակցել է քննարկումներին, իսկ խորհրդարանական ընդդիմությունը` կարծես թե` ոչ։ Բայց նրանց հրավերներ հղվել են»,-իր հերթին ասաց հարցի հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այս նստաշրջանին եւս չեն մասնակցում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031