Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիկնիկային թատրոնն այսօր տարբեր ժանրերի, տարիքային տարբեր խմբերի համար ունի որակյալ առաջարկ. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հուլիս 14,2022 17:20

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մայիս-հունիս ամիսներին Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Համադանում,  Կամպանյայում, Վենիսում (ԱՄՆ)  մասնակցել է 5 միջազգային փառատոների (7 ներկայացում)՝ ստանալով ավելի քան 10 մրցանակ:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի  է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված թատրոնի միջազգային համագործակցությանը, արտասահմանյան հյուրախաղերի արդյունքում ձեռք բերած հաջողություններին և առաջիկա ծրագրերին:

Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, դերասան Աղասի Մելքոնյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արտաշես Բաբայանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է թատրոնի ողջ անձնակազմին վերջին ամիսների ընթացքում արձանագրած հաղթանակների և հաջողությունների կապակցությամբ և ուրախությամբ նշել, որ արդի հայ թատրոնի համար չափազանց կարևոր է սեփական ինքնամեկուսացման հաղթահարումը:

«Ի տարբերություն այլ բնագավառների՝ երաժշտարվեստի, կերպարվեստի, պարարվեստի և կատարողական արվեստի այլ ոլորտների, թատրոնը կարիք ունի  ներկայանալու աշխարհին, ընդլայնելու միջազգային հարաբերությունները և այդ հարաբերությունների սահմանները. այս տրամաբանության մեջ Տիկնիկային թատրոնն առաջամարտիկներից և առաջատարներից է: Այս թատրոնը ապացուցել է, որ համարձակ է կառավարման նոր ձևաչափեր որդեգրելու հարցում, որովհետև լինելով մանկական թատրոն՝ չի վարանում փորձարարությունից, տարիքային սահմանափակումները հաղթահարելուց, ինչը չափազանց կարևոր է: Եվ ըստ էության, Տիկնիկային թատրոնն այսօր տարբեր ժանրերի, տարիքային տարբեր խմբերի համար ունի որակյալ առաջարկ: Ուրախությամբ պետք է փաստեմ նաև՝ ակնհայտ է, որ գեղարվեստական բովանդակությանը զուգահեռ՝ թատրոնը ձեռք է բերում կառավարման որակապես նոր մոդել, նոր պատկեր: Կառույցի գործունեության արդյունավետությունը գնահատվում է նաև միջազգային համագործակցության շրջանակներով, և նախորդ տարիներին պետական հատկացումները պայմանավորված էին նաև նրանով, որ երկրի ներսում իրենց առաքելությունն իրականացնելուն զուգահեռ՝ կարողանում են պատշաճ ներկայանալ միջազգային տարբեր հարթակներում»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արա Խզմալյանը տեղեկացրել է, որ թատրոնը, չբավարարվելով այս ձեռքբերումներով, 2022 թվականին տարբեր ներկայացումներով շրջագայելու է նաև Տոմսկում, Կահիրեում, Կրակովում, Մոսկվայում, Չելյաբինսկում, Բրյուսելում և այլն:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թատրոնը չափազանց կարևորում է և՛ մարզային, և՛ միջազգային ծրագրերը, որոնց շրջանակում ակտիվորեն հանդես են գալիս ՀՀ մարզերում, Արցախում և միջազգային հարթակներում:

«Վերջին ամիսներին թատրոնի փառատոնային գործունեությունը բավականին  հագեցած էր՝ մայիս-հունիս ամիսներին մասնակցել ենք 5 միջազգային փառատոների՝ արժանանալով տարբեր մրցանակների: Սակայն այս տարի նոր մոտեցում է ավելացել, ինչը խոսում է մեր թատրոնի միջազգային վարկի մասին: Կազմակերպիչները խնդրել են, որ մեր թատրոնը հանդես գա վարպետության դասերով՝ ԱՄՆ-ում, Իրանում: Փառատոնային հյուրախաղերը սկսել ենք Սանկտ Պետերբուրգի «Ծիածան» միջազգային փառատոնում՝ հանդես գալով «Անպարկեշտ տոնի մեկնաբանությունները» ներկայացմամբ, Թբիլիսիում մասնակցել ենք «Թաոբա» միջազգային մանկապատանեկան փառատոնին՝ ներկայացնելով «Մատնաչափիկը» ստվերային ներկայացումը և «Կոկորդիլոսը» մոնոներկայացումը: Հետո մեկնել ենք երկու ուղղությամբ՝ ԱՄՆ Վենիս քաղաք, որտեղ ներկայացրել ենք «Գելը» և «Քրիստոֆեր» ներկայացումները, այնուհետև Աղասի Մելքոնյանն Իրանի Համադան քաղաքում «Կոկորդիլոս» ներկայացմամբ մասնակցել է փառատոնին և հանդես եկել հայկական համայնքի համար»,- ներկայացնելով հյուրախաղերի փառատոնային բազմազանությունը՝ նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը և հավելել, որ արվեստը սահմաններ չունի. այդ հաղորդակցությունը  տարբեր մշակույթներով հարստանալու և հարստացնելու միջոց է:

Դերասան Աղասի Մելքոնյանը ներկայացրել է փառատոներին իր մասնակցության մանրամասները, իսկ թատրոնի գլխավոր պրոդյուսեր Արտաշես Բաբայանը անդրադարձել է միջազգային գործընկերների հետ հարաբերությունների և գործակցության նոր մակարդակին, ինչն անշուշտ ոգևորիչ է:

Նշենք նաև, որ միջազգային փառատոների ղեկավարների հետ բարեհաջող բանակցությունների արդյունքում Տիկնիկային թատրոնն արդեն իսկ ունի նախնական պայմանավորվածություններ՝ մասնակցելու 2023-2024 թվականներին անցկացվելիք միջազգային թատերական փառատոներին՝ Բարսելոնայում, Սանկտ Պետերբուրգում, Կահիրեում, Տորոնտոյում, Վենիսում, Ֆլորիդայում:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ  ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031