Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով՝ Կառավարությունը որոշում է ընդունել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին: ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանի զեկուցմամբ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՏԿԵՆ-ին հատկացնել 11,809,378,358 ՀՀ դրամ, որից 2,6 մլրդ ՀՀ դրամը կուղղվի 2 միջպետական նշանակության, 5,5 մլրդ ՀՀ դրամը՝ 6 հանրապետական նշանակության, 3,7 մլրդ ՀՀ դրամը՝ 4 մարզային նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգմանը: Նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են, մրցույթները, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի, հայտարարված են, և որոշման ընդունումից հետո հնարավոր կլինի արագ սկսել շինարարական աշխատանքները:
Վարչապետը ներկայացրել է, թե որ ճանապարհների մասին է խոսքը. «Առաջինը՝ Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 կմ-անոց հատվածի հիմնանորոգում. Դիլիջանի ոլորանների մասին է խոսքը: Ես, ինչպես նկատեցի, այստեղ արդեն սկսվել են աշխատանքները: Այսինքն՝ մենք նախորդ տարի ոլորանների մասով իրականացրել ենք և հիմա շարունակությունն ենք իրականացնում՝ մինչև Դիլիջան հասնող հատվածը: Հաջորդը՝ Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհի 8.3 կմ-անոց հատվածի հիմնանորոգում. Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գեղհովիտ, Մադինա համայնքների տարածքներով կամ մերձակայքով անցնող ճանապարհների մասին է խոսքը: Արարատի մարզի Մասիս-Ռանչպար հանրապետական նշանակության ճանապարհը. այս ճանապարհի նորոգման խոստումը 2019 թվականին էինք տվել, երբ ես այցելել էի Ռանչպար համայնք: Հաջորդը՝ Արարատի մարզի Դաշտավան, Զորակ, Սայաթ Նովա բնակավայրերի միջև գտնվող հանրապետական նշանակության ճանապարհը. 5 կմ-անոց հատվածի մասին է խոսքը: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը մայրուղուն միացնող ճանապարհահատված. Հ-39, 3.4 կմ-անոց հատված: Հաջորդը՝ Շիրակի մարզի Հ-75 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.1 կմ հատված: Ջրարփի, Աղին, Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր բնակավայրերի միջև: Հաջորդը՝ Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգում, Շիրակի մարզ. Երերույքի տաճար տանող ճանապարհի մասին է խոսքը: Հաջորդը՝ Լոռվա մարզի Ստեփանավան համայնքի Ուրասար-Կաթնաղբյուր բնակավայրերի 8-րդ և 9-րդ փողոցների հիմնանորոգում՝ 8.6 կմ-անոց հատված և Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում են կատարվելու աշխատանքները: Հաջորդը՝ Վայոց ձորի մարզի Տ-9–19 Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ավտոճանապարհը: Հաջորդը՝ Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ բեռնային համալիր տանող 1.7 կմ-անոց ճանապարհահատվածի մասին է խոսքը: Տ-8-49 Լծեն ավտոճանապարհի Լծեն-Շամբ հատվածի մասին է խոսքը Սյունիքի մարզում: Ընդհանուր առմամբ, նախագծով նախատեսվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 11.809 մլրդ ՀՀ դրամ հատկացնել: Աշխատանքների մի մասն սկսվել է, մյուսը կնախագծվի, և շինարարությունը կսկսվի»:
Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել շինարարական աշխատանքների որակի վրա՝ մասնավորապես, նշելով. «Հարգելի գործընկերներ, մենք, իհարկե, ճանապարհաշինության ոլորտում ծավալուն աշխատանքներ ենք իրականացնում: Բայց պետք է նաև արձանագրենք, որ աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չենք լուծել: Եվ անընդհատ, ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված պրոբլեմներ են ի հայտ գալիս: Իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Ընդ որում, բացի ճանապարհների որակի հետ կապված խնդրից, մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր, և մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով պատշաճ նպատակին: Պարոն Ասոյան, այս թեմայով մենք ո՞ւր ենք հասել: Ես տեղյակ եմ, որ արդեն որոշ սարքավորումներ ձեռք են բերվել: Իմիջիայլոց, մեր դիտարկումը ցույց է տալիս, որ խնդիրն առավելապես վերաբերում է այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյունաբերական ոլորտը, այսինքն՝ հատկապես հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում, որոնք ճանապարհի օգտագործելիության ժամանակահատվածի վրա շատ նեգատիվ ազդեցություն են ունենում»:
Կարդացեք նաև
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականով հարցը հատուկ ուշադրության կենտրոնում է, համապատասխան օրենսդրական փոփոխություններ են իրականացվել և սկզբնական փուլում կար 2 շարժական կշեռք, որոնք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էր իրականացվում հիմնական խնդրահարույց՝ հանքարդյունաբերության հատվածներում: Այս փուլում արդեն ձեռք է բերված 2 ստատիկ կշեռք և 1 շարժական կշեռք: Շարժական կշեռքն ներկայում Արմավիրի մարզում գործածության մեջ է: Ընդ որում, տեղերը պարբերաբար փոխվում են՝ հաշվի առնելով այն, որ երբ վարորդները տեղեկանում են, անմիջապես այլընտրանքային լուծումներ են գտնում, շրջանցիկ ճանապարհներով են երթևեկում: Ա. Ասոյանի խոսքով՝ ամբողջովին քարտեզագրված է շարժական կշեռքի օգտագործման տարածքը, իսկ ստատիկ կշեռքի համար նախնական պլանավորման արդյունքում հանրապետության տարածքում նախատեսվել է 9 հիմնական ուղղություն: Դրանցից են՝ Արարատի մարզ, Մ-2-ի Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 10-15-րդ կմ հատված, Վայոց ձորի մարզ, Մ-2-ի 110-130 կմ ճանապարհահատվածի վրա: Ձեռք բերված 2 կշեռքի համար աշխատանք է տարվում Մ-2-ի Սիսիանի հատվածում տեղակայելու համար, շինաշխատանքներն ընթացքի մեջ են: Մ-1-ի հետ կապված՝ նախատեսվում է Աշտարակի տարածքում: Ա. Ասոյանը նշել է, որ ստատիկ հատվածներում նախատեսվում է ունենալ մոտավորապես 6 մ լայնության, 50 մ երկարության հարթ, բետոնապատ մակերեսով տարածք, որտեղ իրականացվելու է կշռման պրոցեսը: Կշեռքների գործարկումից հետո կատարվել է 522 մշտադիտարկում, կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ մինչև 2022 թ.՝ 14 մլն դրամի շրջանակում, 2022թ. արդեն 60 իրավախախտման դեպք է արձանագրվել՝ 13.6 մլն դրամի չափով: Որոշակի դադար է եղել 2020թ. վերջ-2021թ. սկիզբ՝ կշեռքները շարքից դուրս գալու պատճառով, ինչը, կարելի է ասել, միտումնավոր կազմակերպվում էր վարորդների կողմից:
Վարչապետը հանձնարարել է ձեռք բերել ճանապարհային որակյալ կշեռքներ, որպեսզի վարորդների կողմից դրանք վնասելու, կոտրելու խնդիր չառաջանա, և մարդկային գործոնի միջամտությունը հասցվի նվազագույնի. «Կա ժամանակակից համակարգ, որը ճանապարհին ներկառուցվում է, էլեկտրոնային եղանակով տվյալը փոխանցվում է, և դրանով հարցը լուծվում է: Ինչ ձեռք ենք բերել, թող մնա, բայց շարունակություն պետք չէ, որովհետև միշտ մի բան ձեռք ենք բերում, հետո պարզվում է, որ վարորդները գիտեն այն կոտրելու ձևը, հետո ուրիշ բան ենք մտածում: Եկեք անելիս միանգամից անենք հնարավորինս լավագույնը, որովհետև ասացվածք կա, որն ասում է. «Ես այնքան հարուստ չեմ, որպեսզի էժան ապրանք առնեմ»: Անընդհատ էժան ապրանք առնելով՝ տպավորություն է, որ մեր ռեսուրսներն անսահամանափակ են: Անելիս միանգամից արեք լավը, որպեսզի այդ հարցն արագ և ֆունդամենտալ ձևով լուծվի»:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն Սյունիքի մարզպետից հետաքրքրվել է Կապան-Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակից: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը զեկուցել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են, բայց տեմպի խնդիր կա, քանի որ հատկապես փոքր մեքենաների համար, մասնավորապես Տաթևից Քաշունի ընկած հատվածում լուրջ խնդիրներ են ստեղծվում ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով: Վարչապետը նշել է, որ այդ կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել փոխվարչապետին և ՏԿԵ նախարարին, ինչպես նաև կարևորել Տաթև-Լծեն ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը, որը Տաթևի ոլորանները շրջանցող ճանապարհ է լինելու, և Սիսիանի մոտակայքում Տաթևից դուրս է գալու մայրուղի:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Մեղրիի մանկապարտեզի կառուցման խնդրին՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել գործընթացը: «Սյունիքի մարզի հետ կապված ևս մի տեղեկատվություն, որ ինձ համար շատ ցավալի և զարմանալի է: Դեռևս 2018 թ. ես Մեղրի քաղաքում խոստացել եմ Մեղրիի մանկապարտեզի շինարարություն, որը շահագործման կհանձնվի: Դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել՝ որպես համաֆինանսավորող, բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում: Այստեղ էլի գործողություններ կան, որ պետք է անենք՝ պարզելու համար, թե ինչու ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել, ինձ լուսանկարներ են ուղարկել այնտեղից և, ըստ էության, խայտառակ պատկեր է: Բայց ես այլ բան եմ ասում, պարոն Ղուկասյան, Ձեզ և փոխվարչապետ Մաթևոսյանին հանձնարարականը տվել եմ, որ հսկողության տակ առնենք հարցը: Դա համարում եմ անձնական պատասխանատվություն ինձ համար՝ անկախ նրանից, թե ով է կապալառուն, որովհետև ծրագիրն իրականացրել է համայնքը: Այսինքն՝ մենք գումարը տվել ենք համայնքին, որպեսզի համայնքն իրականացնի: Ինչո՞ւ համայնքը չի իրականացրել, ուրիշ խնդիր է, բայց այս պարզաբանման պրոցեսից երեխաները չպետք է տուժեն, այսինքն՝ պարզաբանման գործընթացը պետք է տարանջատենք մանկապարտեզի կառուցման գործընթացից: Ձեր առաջ դրվող խնդիրը հետևյալն է՝ օր առաջ մանկապարտեզը, մեր սկզբունքներին համաձայն, պետք է շահագործման հանձնվի, և երեխաների առջև դռները բացվեն», – նշել է վարչապետը:
Վարչապետը հորդորել է քաղաքացիներին խստիվ պահպանել հակահրդեհային կանոնները
Կառավարությունը որոշում է ընդունել Արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը զեկուցել է, որ նախագծով նախատեսվում է գերատեսչությանը 1,2 մլրդ ՀՀ դրամ հատկացնել վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: Նա նշել է, որ հրշեջ-փրկարարարական ջոկատները հիմնականում տեղակայված են 60-70-ական թվականներին կառուցված տիպային շենքերում, որոնք բավական հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասով՝ 60 տոկոսից ավելին, մարտական հաշվարկների են դրված ԽՍՀՄ տարիների արտադրության մեքենաներ, որոնք հնամաշ են, ծախսատար և բացասաբար են ազդում աշխատանքի որակի վրա: Նախատեսվում է ձեռք բերել 6 տոննա ջրի տարողությամբ ավտոբաքեր, փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման ավտոմեքենաներ, ինչպես նաև վերանորոգել ԱԻՆ վարչական շենքի 2-րդ մասնաշենքը և բարելավել Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 ՀՓՋ-ների, Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները, կապիտալ նորոգել Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղին:
Վարչապետը կարևորել է որոշման ընդունումը և նշել, որ հատկացվող գումարը ծախսվելու է մի շարք հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման վայրերի հիմնանորոգման կամ նորոգման համար: «Պարոն Փամբուխչյան, ինչպես պայմանավորվել ենք, այս դեպքում ևս՝ երբ նկատի ենք ունենում շենքի նորոգում, նշանակում է՝ այդ շենքում որևէ հին գույք այլևս պետք է չլինի: Իհարկե, եթե ձեզնից որևէ մեկը բախտ ունեցել է այցելել այս ՀՓՋ-ների տարածքները, կարծում եմ՝ տեսել եք, թե ինչ վիճակ է, որը պետության համար ուղղակի հանդուրժելի չէ: Երբեմն պետք չէ նկարներ տեսնել, դրանք ճանապարհների վրա են տեղակայված, և նույնիսկ վայրկյաններ մեքենայով անցնելիս կարելի է տեսնել վիճակը: Խոսքը միայն շենքային պայմանների մասին չէ: Տեխնիկայի բարելավման շրջանակում նախատեսվում է այս որոշմամբ թարմացնել մեքենաների ավտոպարկի շուրջ 12.5 տոկոսը: Ուզում եմ ընդգծել, որ այս տեխմիկայի թարմացման առումով ՀՀ-ն բավական շոշափելի աջակցություն է ստացել Ճապոնիայի կառավարությունից, ինչի համար շատ շնորհակալ ենք, նաև Ռուսաստանի Դաշնությունն է աջակցություն ցուցաբերել: Բայց սա մեր պարտավորությունն է՝ մենք պետք է մեր պետական ինստիտուտները կայացնենք: Խոսք է գնում նաև կենցաղային և այլ կանչերի համար նախատեսված ամենագնացների ավտոպարկերի թարմացման մասին, որի ավելացումը կկազմի 20, 7 տոկոս», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի հարցին ի պատասխան, թե մինչև տարեվերջ այս աշխատանքների իրականացումն իրատեսական է՝ ԱԻ նախարարը զեկուցել է, որ արդեն իսկ նախնական նախագծեր կան, և նախատեսվում է մինչև դեկտեմբերի 10-15-ը ավարտել գործընթացը:
Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել մեկ այլ կարևոր խնդրի՝ բարձր ջերմաստիճանով պայմանավորված հրդեհային վտանգի և այդ ուղղությամբ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների վրա: «Հարգելի գործընկերներ, երեկ այս թեմայով աշխատանքային քննարկում ենք ունեցել, և քանի որ հիմա ահազանգեր կան, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է տեղի ունենալու, իմ հանձնարարականն է՝ ամեն ինչ անենք անտառային հրդեհներից և ընդհանրապես հրդեհներից խուսափելու համար: Այստեղ ամենակարևոր գործոնը մեր հարգելի և սիրելի քաղաքացիների մոտեցումն է և նրանց որոշակի վարքագիծը բնության գրկում: Պիտի խնդրենք հակահրդեհային կանոնները խստիվ պահպանել: Հատկապես ուզում եմ ընդգծել, որ ապակե տարաներ թողնելը բնության գրկում ամենավտանգավոր բանն է, որովհետև արևից անդրադարձով հրդեհ է բռնկվում:
Մեր հաջորդ խնդիրը այն է, որ ԱԻՆ-ը, նախ, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնի և երկրորդը՝ պատրաստ լինի նաև օպերատիվ արձագանքել եղած դեպքերին: Մենք նախորդ տարի 2 ուղղաթիռ ենք ձեռք բերել, որոնք հնարավորություն են տալիս հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, և եթե չեմ սխալվում, արդեն փորձարկումներն իրականացրել ենք: Ամեն դեպքում, պարոն Փամբուխչյան, ևս մեկ անգամ կհամոզվեք, որ այդ ուղղաթիռներն իրոք գործունակ են, այսինքն՝ կա պատրաստված անձնակազմ, որն անհրաժեշտության դեպքում նաև պլան ունի, թե որ տեղանքում հրդեհ բռնկվելու պարագայում որտեղից է ջուրը վերցնելու՝ այդ ուղղաթիռները հընթացս ջուրը վերցնում են ջրամբարներից, ջրավազաններից, տեղափոխում են հրդեհի վայր և հրեդեհաշիջում են իրականացնում: Ամեն դեպքում պետք է համոզվել, որ անձնակազմն ու տեխնիկան, որ ունենք, պատրաստ են:
Եվ, իհարկե, հանրային իրազեկումը: Այն մեկ անգամ պետք չէ անել, պարոն Հարությունյան, պետք է կարողանանք լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով անընդհատ այդ ահազանգը հնչեցնել, որովհետև մարդիկ անտառներում էլ են հեռախոսներով: Այնպես անենք, որ հեռախոսների էկրաններին հնարավորինս հաճախ այդ ահազանգը հնչի՝ խնդրանքով, ակնկալիքով, որ հակահրդեհային կանոնները պահպանվեն: Սա էլ է այն դեպքերից, որ մեկ անգամ հայտարարություն անելով կամ Կառավարության նիստում ասելով չէ: Պետք է անընդհատ մարդկանց այդ ուղերձը տրվի՝ որ շատ վտանգավոր վիճակ է, և պետք է ամեն ինչ անենք, որ տեղի չունենան վատ զարգացումներ»:
Ա. Փամբուխչյանը վստահեցրել է, որ ԱԻՆ-ն ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը, կատարվում են վարժանքներ, ինչպես նաև շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ համատեղ իրազեկման միջոցառումներ են իրականացվում թե՛ քաղաքացիների, թե՛ տնտեսվարողների շրջանում:
Հաստատվել է պետգույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը
Գործադիրը որոշում է ընդունել Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը զեկուցել է, որ ռազմավարության ընդունումը պայմանավորված է համակարգային բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով՝ ոլորտում առկա է մեծ չիրացված ներուժ թե՛ պետական և համայնքային բյուջեների եկամուտների ապահովման, թե՛ տնտեսական զարգացման ու ներդրումների ներգրավման քաղաքականության տեսանկյունից: Նախատեսվում է ինչպես գործող կարգավորումների բարելավում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրումը, այնպես էլ պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության, տնտեսվարողների կողմից ստանձնված ներդրումային պարտավորությունների վերահսկողության գործընթացների կանոնակարգումը, պետական գույքի օգտագործման արդյունավետության, մշտադիտարկման գործուն համակարգի ձևավորումը և այլն: Արմատական փոփոխություններ են նախատեսվում նաև պետական գույքի մասնավորեցման ոլորտում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ռազմավարության կարևորությունը՝ անդրադառնալով թեմային վերաբերող մի շարք հարցերի. «Առաջինը ներդրումային պարտավորությունների նկատմամբ հսկողությունն է: Համոզված եմ՝ եթե մասնավորացված օբյեկտների մասնավորեցման պայմանագրերը դիտարկենք, բազմաթիվ դեպքեր կունենանք, երբ ներդրումային պարտավորությունները չեն կատարվել: Այսինքն, ըստ էության, ներդրումային պարտավորությամբ սեփականաշնորհվել է տարածքը, ցանկապատել են ու այդ ցանկապատից ներս կամ կիսավեր վիճակ է, կամ մոլախոտեր են աճում, և սա պրոբլեմ է: Նախ առնվազն, մենք մեր շրջանում արդեն արված մասնավորեցումների հետ կապված պետք է խստիվ վերահսկողություն ունենանք ներդրումների կատարման ընթացքի նկատմամբ, և սա շատ լուրջ քաղաքական խնդիր է: Պետք է կողմնորոշվենք՝ ի վերջո, ինչ վերաբերմունք ենք որդեգրում նախկինում տեղի ունեցած այն մասնավորեցումների հետ կապված, որտեղ ներդրումային պարտավորությունները կատարված չեն: Որքան հասկանում եմ, մենք այս հարցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռևս չունենք, բայց եթե սկսում ենք այդպիսի գործընթաց, պետք է կողմնորոշվենք, քաղաքականություն մշակենք, թե ինչ վերաբերմունք ենք դրսևորելու:
Հաջորդ խնդիրը պետական գույքի մասնավորեցման կամ վարձակալության տալու հետ կապված գրավչության բարձրացումն է, որի վերաբերյալ մի քանի մեխանիզմներ քննարկել ենք, այդ թվում հրապարակային՝ Կառավարության նիստում: Կարծում եմ՝ սա ամենակարևոր կոմպոնենտն է, որովհետև մենք էլի դեպքեր ունենք, որ պետական շատ գրավիչ գույքը դրվում է մասնավորեցման, աճուրդի, 1, 2, 3 աճուրդ և այդպես էլ որևէ մասնակցություն չի լինում: Մենք պետք է հասկանանք՝ որն են պատճառները: Իհարկե, ընդհանուր առմամբ գիտենք, թե որոնք են համակարգային խնդիրները, բայց գաղափարը՝ որ մենք գույքը պետք է կարողանանք բերել-հասցնել ինչ-որ մի գրավիչ վիճակի և մաքուր, առանց պարտավորություններով ծանրաբեռնվածության, որոշակի ծրագրային հեռանկար բացելով, դնենք մասնավորեցման, շատ հետաքրքիր գաղափար է, և որքան հասկանում եմ, այդ գաղափարը ռազմավարության մեջ ներդրել ենք: Այսինքն՝ հարգելի գործընկերներ, խոսքն այն մասին է, որ ոչ թե ուղղակի շենք վաճառենք, այլ վերցնենք այդ շենքը, տանք կազմակերպա-իրավական ձև, հետագա զարգացման համար որոշակի հորիզոն բացենք, փաստաթղթային հարցեր լուծելով պատրաստի հաշվեհամար ունենա՝ թույլտվությունով, ճարտարապետահատակագծային առաջադրանքով և այլն:
Եվ երրորդը՝ ի վերջո, մենք չենք արձանագրում, որ պետական բյուջեն կազմելիս ըստ էության, պետգույքի կառավարումը որպես եկամտային աղբյուր երկրորդական, երրորդական պլան է մղված: Ինչպես Պետական եկամուտների կոմիտեի առաջ խնդիր ենք դնում, որ բյուջեի եկամուտների մասով այսքան հարկային եկամուտ լինի, պետք է Պետգույքի կառավարման կոմիտեի առաջ էլ խնդիր դնենք, և այդ խնդրի կատարման մեխանիզմ ունենանք, որ ակնկալում ենք պետական բյուջեի այսքան եկամուտ պետական գույքի կառավարման արդյունքում՝ դա կլինի մասնավորեցում, վարձակալություն, այլ գործարք: Սա ևս ռազմավարության կարևոր ուղղություններից է»:
Վարչապետը նաև նկատել է՝ ահազանգեր կան, որ որոշ դեպքերում ոչ պրոֆիլային գույքը մի պետական գերատեսչությունից փոխանցվում է մեկ ուրիշ գերատեսչության, ինչը պետք է բացառել: «Մեր ընդհանուր քաղաքականությունը հետևյալն է՝ ոչ ճյուղային գույքը պետական կառավարման մարմինները պետք է փոխանցեն Պետական գույքի կառավարման կոմիտեին: Նման դեպքերը կամ բացառել, կամ առանց համապատասխան զեկուցման այդպիսի որոշումներ չկայացնել», – հանձնարարել է Կառավարության ղեկավարը:
Լիարժեք պետական է դառնում «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերության գործառույթը
Կառավարությունը որոշում է ընդունել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ Ոստիկանության ենթակայության ներքո ստեղծվելիք ՊՈԱԿ-ը, տեխնիկական միջոցների օգտագործմամբ, օժանդակելու է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացմանը, իսկ այլ դեպքերում՝ լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ տրամադրելու միջոցով օժանդակելու է վարույթին։ Հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն օրենքով սահմանված կարգով մուտքագրվելու են պետական բյուջե։ Նախատեսվում է, որ նշված ՊՈԱԿ-ը կմիանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ ծրագրին, ինչպես նաև դեղատների, զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինությունների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների և խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին։ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերն իրականացվելու են Ոստիկանության տարեկան բյուջեի հաշվին:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եթե կարճ ձևակերպենք, կայացնում ենք հետևյալ որոշումը. այն գործառույթը, որն իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերությունը, մենք վերցնում և իրականացնում ենք պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Գիտեք՝ այս պատմությունը որտեղից է սկսվել, ժամանակի ընթացքում բազմիցս ենք դրան անդրադարձել, նախկինում ընդդիմադիր դաշտում գործելու ժամանակահատվածում ևս: Բայց, ըստ էության, այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, երբ մենք մրցույթ էինք հայտարարել և փորձել ենք հնարավորինս այդ մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը և տեսել ենք, որ մրցույթը, մրցութային օրենսդրությունը որոշակի մանիպուլացիաների համար են օգտագործվում, ինչ-որ սխեմաներ են օգտագործվում և այլն: Մենք որոշել ենք այս թեման ընդհանրապես ֆունդամենտալ ձևով փակել: Ինչո՞ւ ավելի շուտ և ավելի արագ չէինք կայացնում այս որոշումը, որովհետև գործառույթն ինքնին բավական բարդ է, և մեր հիմնական խնդիրը հետևյալն էր՝ արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել: Բավական երկար ժամանակ աշխատանքներն արվել են, համոզված ենք, որ այդ գործառույթները պատշաճ ձևով կիրականացվեն, և այլևս խոսակցություն չի լինի, թե պետությունը եկամտի որ մասն ում հետ պետք է բաժանի: Մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ, մնացածն արդեն մեր ներքին քննարկումների հարցն է: Ըստ էության, արձանագրենք, որ պայմանականորեն ասած, «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանն այսպիսով բարեհաջող ավարտվում է, և գործառույթը դառնում է լիարժեք պետական»:
Կառավարության ղեկավարը կարևորել է որոշման կայացումը նաև հանցագործությունների բացահայտման առումով՝ ընդգծելով, որ հանցագործությունների հետ կապված դեպքերն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ հաճախ երբ տեսախցիկների ներքո տեղի է ունենում հանցագործություն, հանցագործությանը մասնակից անձինք, մոտակայքում գտնվող խանութի, այլ մասնավոր կազմակերպության հետ լեզու գտնելով, արագ ջնջում են տեսանյութերը, իսկ երբ քննչական մարմիններն արդեն տեղ են հասնում, որպեսզի առգրավեն, պարզվում է, որ ոչ մի բան չկա և հաճախ վերականգնել հնարավոր չէ: «Մենք ուզում ենք օրենսդրական կարգավորումներ ներդնել, որպեսզի նաև այն մասնավոր կազմակերպություններին պաշտպանենք, որոնց տեսախցիկի տեսանելիության ներքո տեղի է ունեցել հանցագործություն, որովհետև մարդիկ ջնջում են, մենք չգիտենք՝ ինչ հարկադրանք և սպառնալիք է գործադրվել: Ուզում ենք օրենսդրական կարգավորում անել, որ այդ տեսախցիկների պարունակությունը ինչ-որ մի ժամանակ պարտադիր պահպանվի: Սա գաղափար է, որը պետք է քննարկվի, և տեսնենք, թե ինչ քննադատություններ, ռիսկեր կան, կան, թե չկան, և այդ ռիսկերն ինչպես ենք կառավարում: Եվ մեր օպերատիվ մարմինների, քննչական մարմինների ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստին, որ հանցագործության կատարման փաստն արձանագրելուց, քրեական գործ հարուցելուց հետո կարող են այդպիսի գործողություններ լինել: Սա ասում եմ, որպեսզի շահարկումներ չլինեն, թե մենք տեսախցիկների նյութերը փորձելու ենք անընդհատ վերցնել և վերահսկել: Միայն հանցագործության դեպքում, այսինքն՝ քրեական գործի առկայության պայմաններում: Այսօր էլ, ըստ էության, գործում է նույն կարգավորումը, ընդամենը մեկ բաղադրիչ ենք ավելացնում՝ ուզում ենք որոշակի երաշխիք ստեղծել, որ երբ քննիչն առգրավվելու անհրաժեշտություն տեսնի, առգրավվելու ենթակա բան լինի», – ասել է վարչապետը և Ոստիկանապետից հետաքրքրվել, թե երբ կսկսի գործել այս ՊՈԱԿ-ը: Ի պատասխան Ոստիկանապետը տեղակացրել է, որ ՊՈԱԿ-ն իր գործառույթները կսկսի իրականացնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:
Այլ որոշումներ
Գործադիրի որոշմամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Վարդավանք բնակավայրը ներառվել է ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշմամբ սահմանված՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում: Արդյունքում Վարդավանք բնակավայրի ընտանիքները կօգտվեն սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսված սոցիալական աջակցությունից՝ անշարժ գույքի հարկի, բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի նկատմամբ տրվող արտոնություններից:
Նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել շարունակելու գիտական և մտավոր ստեղծագործական գործունեությունը՝ գործադիրը որոշումներ է ընդունել Նարեկ Սուքիասյանին և Էրիկ Վարդանյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին: Կառավարության որոշմամբ ՀՀ մի շարք քաղաքացիներին տարկետում կտրվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022թ. ամառային զորակոչից՝ առանց ընդհատման միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելու համար:
ՀՀ կառավարություն