Պարզվում է՝ Հայաստանում գնաճի պատճառներից մեկն այն է, որ ռուս տուրիստները եկել են Հայաստան: Այդ մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում գնաճի թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա այսպես ներկայացրեց գնաճի պատճառները. «Երկար ժամանակ ՀՀ-ում իրականացվել է նպատակադրված ցածր գնաճային քաղաքականություն: Վերջին շրջանում համաշխարհային գների բարձրացում է եղել, որը պայմանավորված է համաճարակով: Լոքդաունի որոշումները խաթարել են արտադրական ու տրանսպորտային բոլոր շղթաները, դրա արդյունքում գները բարձրացան: Երկրորդ էպիզոդը, երբ մենք էլի տեսնում ենք, որ գները կտրուկ բարձրանում են, դա արդեն ռուս-ուկրաինական հակամարտության տիրույթն է: 2020-ի համեմատ, երբ լոքդաուն, տնտեսական անկում էր, 2021-ին բոլոր երկրներում տեղի են ունենում տնտեսական աճ, այսինքն, տնտեսության վերականգնում, որը էականորեն նպաստում է ապրանքների ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի ավելացմանը: Տեղի է ունենում համ փաստացի գնաճի, համ գնաճային սպասումների ավելացում: 2018-2019-ին ՀՀ բնակչության զգալի մասը չուներ որեւէ բարձր գնաճային սպասումներ: Եթե ես գիտեմ, որ այս շիշը վաղը արժենալու է 10 դրամ ավելի, ես այդ շշից գնում եմ այսօր 2 հատ՝ փորձելով ինձ պաշտպանել գնաճից, որը ստեղծում է հավելյալ աժիոտաժ ու հավելյալ գնաճ: Մեր մոտ աճում են ոչ միայն սեզոնային պարենային ապրանքները՝ լոլիկ, վարունգ, աճում են ոչ սեզոնային ապրանքները, որոնց հիմնական մասը ներմուծվող են՝ ցորեն, շաքարավազ, ձեթ եւ այլն: Եվ ինչը ամենահետաքրքիրն է, աճում են, օրինակ, ծառայությունների գները: Գնաճը կարող է գա երկու ճանապարհով, առաջինը առաջարկից է. դրսում ցորենը թանկացավ, մենք այդ գնաճը բերում ենք Հայաստան, երրորդ ֆենոմենը այն է, որ մենք ավելի շատ սպառում ենք, քան մեր արտադրական հնարավորությունները թույլ են տալիս: Մարդիկ աժիոտաժ կամ պահանջարկ ստեղծելով՝ ավելացնում են գինը այդ ապրանքի: ԿԲ-ն, որպես կանոն, արձագանքում է հենց այդ ֆենոմենն, որովհետեւ առաջարկով եկած գնաճի դեմ դժվար է պայքարել: Հայաստանում պահանջարկով ձեւավորվող գնաճ կա ու դրա հիմնական աղբյուրներից մեկը Ռուսաստանից կամ այլ երկրներից հիմա Հայաստան ժամանած մարդիկ են, ովքեր իրենց գալով՝ ստեղծել են հավելյալ պահանջարկ մեր ապրանքների ու ծառայությունների նկատմամբ»:
ԿԲ նախագահն ասաց, որ ակնկալում էին, որ 2022-ին հասնելու են գնաճի թիրախին երկրորդ եռամսյակի ընթացքում, բայց 2022-ի փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, որի արդյունքում գները, որ չպիտի բարձրանային սկսեցին բարձրանալ: ՌԴ-ի ու Ուկրաինայի որոշակի պարենային ապրանքներ՝ հացահատիկ, եգիպտացորեն, գարի, պարարտանյութեր, մեր սպառողական զամբյուղում դրանք մեծ կշիռ ունեն:
Կարդացեք նաև
Բացի այդ, նա նշեց, որ մասնավոր հատվածի աշխատավարձի աճ կա, հիմնականում IT ընկերությունների աշխատակիցների աշխատավարձն է բարձրացել, կա նաեւ գործազրկության նվազում. «Բոլորս ասում ենք, որ գնաճը համաշխարհային երեւույթ է, բայց հատկանշական է, որ Հայաստանում սկսել են աճել ծառայությունների գներ, որոնք պատմականորեն վերջին տասնամյակի ընթացքում չեն աճել: Օրինակ, վարսավիրական ծառայությունների գները: Մարդիկ ավելի շատ են գնում վարսավիրանոց, այդ թվում այն մարդիկ, որոնք այսօր ՀՀ-ում են գտնվում՝ 30 հազար, 60 հազար հոգի ու վարսավիրը, տեսնելով ընդհանուր գնաճային միջավայրը, բարձրացնում է իր ծառայության գինը: Պահանջարկի ֆենոմենն է ավելանում»:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում գնաճի արագացում է տեղի ունեցել, ԱԺ-ն թիրախներ է սահմանել ԿԲ-ի առաջ, բայց այդ թիրախի շրջանակներից դուրս է եկել: Դրան զուգահեռ տեսնում են, որ ոչ միայն ՀՀ-ն, այլ նաեւ ողջ աշխարհը բարձր գնաճային պայմաններում է գտնվում: Այդուհանդերձ, այն, որ հունիսին գնաճը Հայաստանում 10,3% է դարձել, մտահոգիչ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ