Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կուրսը 480-ի մակարդակի վրա պահեինք, 2-3 ամիս հետո կունենայինք 17% գնաճ». ԿԲ նախագահը բացատրում է, թե ինչու փոխարժեքին չեն միջամտում

Հուլիս 14,2022 16:29

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը բացատրեց, թե ինչով են պայմանավորված փոխարժեքի այս դրսեւորումները ու գնաճը: Նա նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանի բանկերում ոչ ռեզիդենտների ավանդները աճել են, աճել են նաեւ վարձակալության գները. «Հասկանում ենք չէ՞, որ արտարժույթը նույն ապրանքն է, եթե արտարժույթի պահանջարկը մնում է նույնը, բայց կտրուկ ավելանում է առաջարկը, նշանակում է ազգային արժույթի գինը պիտի ավելանա: Սա ասում եմ, որ միանգամից փակվի խոսակցությունը, թե ԿԲ-ն արժեւորեց հայկական դրամը: Այս երեւույթներով պայմանավորված հայկական դրամն արժեւորվել է օբյեկտիվորեն ու եթե ինչ-որ մի բան պետք է անի ԿԲ-ն, արհեստականորեն պիտի արժեզրկի հայկական դրամը: Դրա նպատակահարմարության մասին խոսենք. հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք չունենայինք այն արժեւորումը, որն ունեցանք ապրիլ, մայիս, հունիսի ընթացքում, գնաճը մայիսը ապրիլի նկատմամբ կլիներ ոչ թե 0,1%, ոնց փաստացի եղել է, այլ կլիներ 0.9%, այսինքն, 9 անգամ ավելի: Ըստ էության կարող ենք փաստել, որ մենք մոտավորապես այդ երեք ամիսներին 3% ավելի գնաճ կունենայինք»:

Մարտին Գալստյանն ասաց, որ գիտի՝ առանց ԿԲ միջամտության այս երկրում գնաճն ինքն իրեն չի վերանալու. «Այդ հորդորները՝ ԿԲ, արի դու արժեզրկի փոխարժեքը, որ արտադրողները չտուժեն, ընդունում եմ, բայց պիտի հասկանանք, որ դրա արդյունքում ունենալու ենք շատ ավելի բարձր գնաճ, ունենալու ենք մի իրավիճակ, երբ խարիսխները քանդվելու են ու ԿԲ-ն անհամաչափ տոկոսադրույք է բարձրացնելու: Եթե ԿԲ-ն ունի երկու ձեռք, որից մեկը փոխարժեքի միջոցով գների վրա ազդեցությունն է, մենք ասում ենք՝ ԿԲ, քո հիմնական աջ ձեռքը կապիր ու բոքս կպի ձախով՝ տոկոսադրույքով, դու այդ դեպքում անելու ես անկանոն ու անհամաչափ շարժումներ: Լսում ենք հորդորներ՝ Կենտրոնական բանկ, փոխարժեքը 480 արա: Իսկ ի՞նչ կլիներ դրա արդյունքում: Եթե անվանական փոխարժեքը մնար նույնը, գնաճը էական կբարձրանար, որի արդյունքում ԿԲ-ն ստիպված էր լինելու տոկոսադրույքը էականորեն բարձրացներ միանգամից, որի արդյունքում մեր ներքին պահանջարկը մեռնելու էր, այսինքն, մենք տնտեսությունը սպանելու էինք ու ռեցեսիայի մեջ էինք ընկնելու՝ առանց ակնհայտ եզրահանգումների, որ մենք կկարողանանք գնաճի դեմ պայքարել»:

ԿԲ նախագահի խոսքով՝ եթե դրսից եկած փողն առնեին, կուրսը 480 մակարդակի վրա պահեին, 2-3 ամիս հետո կունենայինք 17% գնաճ. «Տոկոսադրույքը կբարձրանար, ոչ մի բիզնեսմեն Հայաստանում վարկ չէր վերցնելու, պետական պարտքը դառնալու էր 20%-անոց, որի արդյունքում ներքին պահանջարկի էական նվազում կունենայինք ու երկարաժամկետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031