12 տարի առաջ Ստեփանակերտի զորամասերից մեկում մահացած, իսկ մոր պնդմամբ՝ սպանված Վալերիկ Մուրադյանի քրեական գործը մինչ օրս չի ավարտվում, հանցագործները չեն բացահայտվում։
Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ցույց էին անում խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները, այդ թվում՝ Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։
«Տղայիս սպանել են վառելանյութի գողությունը տեսնելու համար։ 12 տարի է՝ նախաքննություն է գնում, 4 անգամ գործը կասեցրել են, կասեցումից հանել են, նորից կասեցրել։ Բայց մինչեւ այսօր ոչինչ չի փոխվել»,-ասում է Նանա Մուրադյանը։
Նա լրագրողների հետ զրույցում հիշեցնում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանձնաժողով էր ստեղծվել, ընդգրկվել էին երեք փաստաբաններ՝ տուժողի իրավահաջորդի կողմից, երեք իրավաբաններ էլ՝ կառավարությունից․ «Մեր քրեական գործերը սկսեցին ուսումնասիրել։ Գոհ ենք դրանից, որովհետեւ հարյուր էջից ավելի խախտումներ են հայտնաբերել, կոպիտ խախտումներ։ Իրենք էլ են տեսել ու համոզվել, որ սա իրենց պաշտոնական վարկածին չի համապատասխանում, իբր թե տղայիս ինքնասպանության են հասցրել։ Դրանից հետո անցել է մեկ տարի ու էլի ոչինչ չի արվում»։
Կարդացեք նաև
Նանա Մուրադյանն ասում է՝ ուրախ է, որ Աննա Վարդապետյանը պետք է դառնա գլխավոր դատախազ, քանի որ նա քաջատեղյակ է այս գործերից, սպասում է, որ կբացահայտի գործը։
ՄԻԵԴ-ը այս տարի բավարարել է Նանա Մուրադյանի բողոքն ընդդեմ ՀՀ-ի։ Մուրադյանն ասում է․«ՄԻԵԴ-ը հօգուտ մեզ վճիռ կայացրեց, որ պետությունը մեղավոր է այս գործում։ Զարմանում եմ, որ 12 տարի գործը քննել են ինքնասպանություն հասցնելու վարկածով, ինչո՞ւ հիմա չեն քննում գործը սպանության վարկածով, եթե այդպես քննեն՝ շուտ կբացահայտեն։ Հիմա իբր թե Ռուսաստանից մի տղայի են բերում, որը իմ տղային ինքնասպանության է հասցրել։ Ասում են՝ թղթաբանության հարց է եւ այլն։ Բայց այդ տղայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2016-ի վերջին։ Փաստորեն, ըստ Աննա Վարդապետյանի, ուղղակի գրված է եղել հետախուզում, բայց ոչինչ չեն արել։ Այդ ոչինչ չանողներին ինչո՞ւ պաշտոնանկ չեն անում, դե արեք, ինչո՞ւ քրեական պատասխանատվության չեն ենթարկում, դե ենթարկեք»։
Մուրադյանն ասաց, որ իրենք՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները սպասում են վարչապետի ընդունելությանը, խոստացել է ընդունել, բայց 4-րդ գործն է ավարտվել, չի ընդունել․ «Վարչապետը խոստացել էր, որ ամեն ինչ կանի գործը բացահայտելու համար, ու մենք այդ ընթացքում փողոց դուրս չգանք, թողնենք աշխատեն։ Մենք էլ սպասեցինք ուսումնասիրեցին, ավարտեցին, խորհրդատվական եզրակացություն տվեցին, բայց դրանից հետո մեկ տարին անցել է, կրկին ոչինչ չեն անում։ Այսինքն՝ 12 տարի էլ սպասեմ, որ գործը նորից պտտեն․․․»։
Մուրադյանի փոխանցմամբ՝ իրավապահներն ասել են, որ փորձաքննություններ են իրականացնում, սակայն, ինչպես մայրն է ասում՝ տարակուսելի է, թե ինչպես են անում այդ փորձաքննությունը․ «Տղայիս սապոգները չկան։ Քննիչին հարցնում եմ՝ ո՞ւր են տղայիս սապոգները։ Ասում է՝ կարեւոր չեմ համարել փորձաքննության ենթարկել, դրա համար էլ մի տեղ է երևի, կարող է՝ զորամասում»։
Ծնողները վճռական են, ասում են՝ այսքան տարի պայքարել են, ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե մի օր կհոգնեն ու կդադարեցնեն պայքարը, մինչեւ հանցագործները չպատժվեն, մայրերը հանգիստ չեն լինի։
«Չմտածեն, թե կարող են մեր աչքերին թոզ փչել։ Եթե Աննա Վարդապետյանը նստեց գլխավոր դատախազ ու ոչինչ չարեց այս գործով՝ մենք իրեն է՛լ բեթար խայտառակ ենք անելու։ Չենք հանգստանալու։ Մենք այն մայրերը չենք, որ հրաժարվենք պայքարից։ Ես 12 տարի Հոկտեմբերյանից հասել եմ ստեղ, մեզ քարշ են տվել ստեղ-ընդեղ, չգիտեմ էլ՝ ինչ օրի են գցել։ Ինձ համար նախկին- ներկա -ապագա չկա։ Իմ երեխայի սպանողը պիտի պատժվի, ու այնպես չլինի, որ այս դռնից մտցնեն, այն դռնից՝ հանեն։ Ցմահ պետք է դատապարտեն հանցագործներին, որովհետեւ իմ տղային սպանել են իրենց գողությունը տեսնելու համար»,-ասում է Նանա Մուրադյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ