Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆիրդուսի փողոցի բնակիչներ. «Մենք կառավարության ձեռքը հո գերի չե՞նք»

Հուլիս 14,2022 13:56

33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչներն այսօր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին արտահայտում՝ կապված իրենց սեփականությունների դիմաց փոխհատուցման անհամարժեքության, սեփականատերերի հաշվին մասնավոր ընկերությունների համար գերշահույթ ապահովելու հարցի հետ: Նրանք նամակ էին պատրաստել վարչապետին փոխանցելու համար ու նաեւ հույս ունեին հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ու անձամբ նրան փոխանցել իրենց բողոքներն ու դժգոհությունը:

Վարդան Հովհաննիսյանը, որ ծնվել ու մեծացել է այս թաղամասում, Aravot.am-ին ասաց. «Արդեն 20 եւ ավելի տարի մենք ճնշման տակ ենք գերակա կոչված շահի պատճառով: Չենք հասկանում, թե այդ բացառիկ գերակա շահն ում շահն է: Օրենքով հստակեցված է, որ հատուցումը պետք է լինի համարժեք, իսկ մեզ թուլափայ են տալիս: Կենտրոնում, մեր տարածքին հարակից բազմաբնակարանի մեկ քառակուսի մետրը, մեր տեղեկություններով, սկսվում է $ 3500-ից: Իսկ մեզ հողի դիմաց տալիս են $ 1200-1700: Մեր պահանջն է, որ մեզ հատուցեն համարժեք գումար մոտակայում կառուցվող շենքերի մեկ քառակուսի մետրին համապատասխան: Մյուս պահանջը հետեւյալն է: Մենք հողի սեփականատեր ենք, ոչ թե բազմաբնակարան շինության տարածքի: Բոլորս էլ գիտենք դրանց տարբերությունը ու որ աշխարհում հողի կռիվ են տալիս, այլ ոչ թե շինության: Մենք ըմբռնումով ենք մոտենում իրենց ծրագրերին ու չենք ցանկանում խոչընդոտ հանդիսանալ: Բայց եթե մեզ մեր տներից հանում են, ուրեմն թող համարժեք հատուցեն, կամ տեղում տուն տան ըստ մեր բնակելի քառակուսի մետրի: Ընդ որում, իրենց իսկ գրած օրենքում նշված է նաեւ, որ մեզ 15 % էլ խրախուսում է հասնում: Սակայն չգիտես ինչ հաշվարկներով այդ 15 %-ն էլ մտած է բնակիչներիս առաջարկվող խայտառակ գումարի մեջ»:

Մեկ այլ բնակիչ՝ Վազգեն Փխլիկյանի խոսքով ինքը ամենամեծ հողակտորի սեփականատերն է՝ մոտ 2000 քմ: «Այդ ի՞նչ օրենք են գրել, որ ես իմ տան մեջ նստած, իրենք իմ տունը վերցնեն կալանքի, իրենք որոշեն՝ ով պետք է գնի ու ինձ ինչ գումար պետք է տա: Ի՞նչ գերակա շահ: Այստեղ գերակա շահ չկա, սա գերշահույթ է: Մեր հողը բացառիկ հող է քաղաքում, որը մեզանից վերցնում են բացառիկ շահի անվան տակ: Մենք իրենցից ոչինչ չենք ուզում: Մենք ուզում ենք ապրել մեր տներում: Իսկ եթե զոռով պետք է մեզ հանեն, քառակուսի մետրի գինը մեզ չի հետաքրքրում: Թող այնքան գումար վճարեն, որ կարողանանք մոտակայքում կառուցվող նորակառույցներում բնակարան գնել: Անգամ դա էլ էական չի: Գումարը չե՞ն ուզում տալ, ուրեմն, թող մոտակա շենքերում մեզ հասանելիք քառակուսի մետրով բնակարան տան ու այդ 15 %-ն էլ իրենց պահեն: Ո՞վ եւ ի՞նչ իրավունքով են մեզ ստիպում քաղաքի կենտրոնում գտնվող մեր հայրական օջախներից դուրս գալ ու գնալ ծայրամասեր, եթե իհարկե, իրենց առաջարկված գումարով ծայրամասում էլ հնարավոր լինի տուն գնել»,-ասաց նա:

Ֆիրդուսի բնակիչները դժգոհում են, որ արդեն 20 տարի իրենց տները կալանքի տակ են: «Մենք հո պետության, կառավարության ձեռքը գերի չե՞նք ընկել: Չեն թողնում տնօրինել մեր սեփականություն հանդիսացող գույքը, ասենք, տունը վաճառել: Գնորդներ կան, որ պատրաստ են փոխշահավետ գումարով ձեռք բերել մեր բնակարանները: Բայց արի ու տես, որ կառավարությունը չի թողնում: Անգամ ընթացիկ նորոգում արդեն չենք կարողանում անել այս անորոշության պատճառով»,-ասում են նրանք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031