Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․ ««Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, այդ գործառույթը դառնում է լիարժեք պետական»

Հուլիս 14,2022 13:44

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին որոշման նախագծին։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն ասաց, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ի եւ ոստիկանության միջեւ 2017-ին կնքվել է պայմանագրի լուծման մասին համաձայնագիր, ընկերությանը, որպես պատճառված վնասի հատուցում, վճարվել է 2,5 մլրդ դրամ։

Ոստիկանապետն ասաց, որ նախագծով նախատեսվում է ոստիկանության ենթակայության ներքո ստեղծել ՊՈԱԿ, որը լինելու է տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափերի եւ այլ տեսակի սարքերի օգտագործման, վերահսկման եւ հանցագործություններ, վարչական իրավախախտումներ ամրագրող մարմին։

Նա ասաց, որ մոտ ապագայում նախատեսվում է ընդլայնել տեսալուսանկարահանող համակարգերի կարողությունները եւ իրավապահ մարմինների գործունեության միջոցով այդ կարողությունները ուղղել նաեւ հանցագործությունների նախականխմանը, բացահայտմանը, հետախուզվող անձանց հայտնաբերմանը, հասարակական կարգի պահպանմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ այս որոշմամբ այն գործառույթը, որն իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ» մասնավոր ընկերությունը, կիրականացնի այս ՊՈԱԿ-ը։

Փաշինյանի խոսքով․«Գիտեք՝ այս պատմությունը որտեղից է սկսվել, նաեւ ժամանակի ընթացքում մենք բազմիցս ենք դրան անդրադարձել, նաեւ՝ ընդդիմադիր դաշտում գործելու ժամանակահատվածում։ Բայց այս որոշման համար վերջին կաթիլը հանդիսացել է այն, երբ մենք մրցույթ ենք հայտարարել, փորձել ենք հնարավորինս այդ մրցութային պայմաններով պաշտպանել հանրային շահը, բայց տեսել ենք, որ մրցույթը մանիպուլյացիաների համար է օգտագործվում, ինչ-որ սխեմաներ են օգտագործվում։ Եվ մենք որոշել ենք ընդհանրապես այս թեման ֆունդամենտալ ձեւով փակել։ Ավելի շուտ չէինք իրականացնում այս գործառույթը, քանի որ գործառույթը բարդ է, եւ մեր հիմնական խնդիրն էր՝ արդյոք կկարողանանք պետական տանիքի ներքո այդ գործառույթն իրականացնել։ Մենք հիմա համոզված ենք, այդ գործառույթները պատշաճ կիրականացվեն, եւ այստեղ այլեւս խոսակցություն չի լինի, որ պետությունը եկամտի որ մասը ում հետ պետք է բաժանի, մենք այդ ամբողջ եկամուտը բերում ենք պետական տիրույթ։ Այսինքն՝ արձանագրենք, որ այսպիսով «Սեքյուրիթի Դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, եւ այդ գործառույթը դառնում է լիարժեք պետական»։

Փաշինյանն ասաց՝ մի շարք հանցագործություններ ուսումնասիրելով, այդ թվում՝ աղմկոտ, երբ տեսախցիկների տակ տեղի է ունենում հանցագործություն` մասնակիցները մասնավոր խանութների հետ համաձայնությամբ արագ ջնջում են տեսանյութերը․ «Մենք ուզում ենք այնպիսի օրենսդրական կարգավորումներ անենք, որ պաշտպանենք այն մասնավոր կազմակերպություններին, որի տեսախցիկի տեսանելիության ներքո տեղի է ունեցել հանցագործություն։ Կարգավորում ենք ուզում անել, որ այդ տեսանյութերը ինչ-որ ժամանակ պետք է պարտադիր պահպանվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031