Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախում բնակարան չենք ուզում, Հայաստանում ենք ուզում, որ այստեղ համայնքով ապրենք եւ երբ պետք լինի՝ Հադրութ վերադառնանք»․ Լեւոն Հայրյան

Հուլիս 14,2022 13:08

44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանված քաղաքացիներն այսօր կրկին բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են իրենց տալ փախստականի կարգավիճակ։

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ առաջնայինը մեր կարգավիճակի հարցն է, որն փորձում են տարբեր ձեւով լղոզել․ «Մեկն ասում է՝ բռնի տեղահանված, հարկադիր տեղահանված, եւ այլն։ Ասում են ներքին տեղահանված, այդ դեպքում ստացվում է՝ Հադրութը Հայաստանի մաս է։ Կամ ՀՀ-ն թող հայտարարի, որ Հադրութը Հայաստանի մաս է, թեկուզ օկուպացված է, մենք համաձայնենք ներքին տեղահանված կարգավիճակին, կամ թող հայտարարեն, որ Արցախը անկախ է, հետեւապես մենք այլ պետությունից ենք տեղափոխվել: Չէ որ մեզ ինքնաթիռներով կամ գնացքներով չեն բերել, մենք հրետակոծության, բայրաքթարների, ռազմական ուժի ազդեցության պատճառով ենք թողել դուրս եկել»։

Հայրյանի կարծիքով՝ փախստականի կարգավիճակ տալու համար որեւէ խնդիր չկա․ «Մեկ էլ ասում են՝ օրենք չունենք, դուք ձեր ազգակիցների մեջ եք եւ այլն։ Այսինքն՝ ապօրինի կերպով կարելի է Հադրութը տալ, բայց չեն կարողանում համայնքին փախստականի կարգավիճակ տալ, չգիտես ինչու՝ դժվար է։ Բայց երբ իշխանությունները հանդիպում են միջազգային կառույցների հետ, մեզ անվանում են փախստականներ: Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի հանձնակատարի հետ հանդիպմանը ասաց՝ ափսոս, որ դուք Արցախի փախստականներին չեք կարողանում անմիջական օգնություն ցուցաբերեք։ Եթե դրսում մեզ անվանում եք փախստականներ, ապա ի՞նչն է իրենց խանգարում օրենք ընդունել փախստականների մասին»։

Անդրադառնալով բնակարանային խնդրին, Հայրյանն ասաց՝ փախստականներին կառավարությունը բաժանել է մի քանի խմբի՝ Բերձորի, Քաշաթաղի եւ Քարվաճառի բնակիչներին հիփոթեքային վարկեր են տալիս․ «Հադրութի եւ Շուշիի բնակիչներին ասում են՝ դուք պետք է վերադառնանք Արցախ եւ այլ շրջաններում բնակարան ստանաք։ Սա մեզ մոտ վատ կանխազգացում է առաջացնում։ Ուզում են այնտեղ մեզ տեղավորելով՝ մոռացնել տալ Հադրութը։ Դրա համար հաճախ հայտարարում ենք՝ Արցախում բնակարան չենք ուզում, Հայաստանում ենք ուզում բնակարան, այստեղ համայնքով ապրենք եւ երբ պետք լինի՝ Հադրութ վերադառնանք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031