Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները չպետք է կրավորական կեցվածք ընդունեն». ՀՀ-ն ու Վրաստանը պատժամիջոցների տակ կհայտնվե՞ն Ռուսաստանի պատճառով. JAMnews

Հուլիս 14,2022 13:04

JAMnews. Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս։

Ի՞նչ են մտածում Հայաստանի և Վրաստանի վերլուծաբաններն այս ցուցակում ընդգրկվելու մասին, ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ Հարավային Կովկասի այս երկրներին։

Մեկնաբանություն Երևանից

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն այս նախազգուշացման հետ կապված վտանգներ է տեսնում՝ փոխանցումների սառեցումից ընդհուպ մինչև Հայաստանի անջատում SWIFT համակարգից:

Բալասանյանի կարծիքով՝ երկրի իշխանությունները չպետք է կրավորական կեցվածք ընդունեն ու սպասեն, որ իրավիճակը բարդանա, նոր միայն «ցայտնոտային քայլեր» ձեռնարկեն այն շտկելու համար:

«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին պետք է հրավիրվի Հայաստանի արտաքին գերատեսչություն, հայկական կողմը պետք է հայտնի իր մտահոգությունները: Կառավարությունը պետք է ներկայացնի փաստարկներ, թե ինչու է պահպանում տնտեսական ակտիվություն Ռուսաստանի հետ»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա:

Նախազգուշացումն, ըստ նրա, սպասելի էր, քանի որ ԱՄՆ-ն և Արևմուտքը խնդիր են դրել բոլոր կողմերից շրջափակել Ռուսաստանը, չթողնել, որ նա ունենա սողանցքներ պատժամիջոցների հաղթահարման համար: ԱՄՆ ցանկություններին տուրք տալը, սակայն, Բալասանյանը սխալ է համարում: Ասում է՝ Հայաստանը կարող է ապրանք ներմուծել և արտահանել, եթե դա արգելված ապրանք չէ:

«Ինտերպոլով հստակ ցանկ կա ֆիքսված, որոնց արտահանումը կամ ներկրումը արգելված է: Եթե խոսք է գնում ապրանքների մասին, որոնք ընդգրկված չեն այդ ցանկում, ապա Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավասու է ցանկացած ապրանք իր տարածքով արտահանել և ներկրել»,- շեշտել է միջազգայնագետը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն այդ ցուցակից հանելու համար Պետդեպարտամենտի հետ ակտիվ աշխատանք պետք է տանեն Հայ դատի գրասենյակն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ Բալասանյանը հույսեր չի կապում: Ասում է՝ Լիլիթ Մակունցն այս չափազանց կարևոր խնդիրը կարգավորելու համար քաղաքական և դիվանագիտական փորձառություն չունի:

Բալասանյանը շեշտում է՝ Հայաստանի տնտեսական զարգացման միակ ուղղությունն այսօր Ռուսաստանն է: Հիշեցնում է՝ Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, ուստի պետք է իր ունեցած բոլոր հնարավորություններով աջակցի իր տնտեսական գործընկերոջը: Ընդգծում է՝ դաշնակցի հետ տնտեսական հարաբերություններում «Հայաստանը պարտավոր չէ հաշվի առնել կամ հարցնել ինչ-որ պետության կարծիք»:

Մեկնաբանություն Թբիլիսիից

Կախա Գոգոլաշվիլի, «Ռոնդել» հիմնադրամի ավագ գիտաշխատող, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն․ «Անկախ նրանից՝ Վրաստանը կմիանա պատժամիջոցներին, թե ոչ, երկիրը պետք է հայտարարի, որ պատերազմի պայմաններում արգելում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան կամ այն ​​երկրներ, որոնք իրենց տարածքով Ռուսաստան ապրանք արտահանելու հետ կապված սահմանափակումներ չունեն։

Հակառակ դեպքում երկիրն իրոք կարող է բախվել պատժամիջոցների»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031