Գործադիրն այսօրվա նիստում որոշում կայացրեց 11,8 մլրդ դրամ հատկացնել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ հանրապետության մի շարք ճանապարհների հիմնանորոգման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ճանապարհաշինությանն, ասաց՝ ծավալուն աշխատանքներ ենք իրականացնում, բայց աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չենք լուծել․ «Ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են առաջանում, իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչներ գործոններ, որոնք դրան նպաստում են։ Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը»։
Փաշինյանի խոսքով՝ բացի ճանապարհների որակի խնդրից, կա նաեւ այլ խնդիր՝ այդ ճանապարհներով երթեւեկում են սահմանված քաշից ավել քաշով մեքենաներ․ «Մեր քաղաքականությունն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որպեսզի կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ ժամանակով, պատշաճ նպատակին։ Մեր դիտարկումը ցույց է տալիս, որ խնդիրն առավելապես վերաբերում է այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյունաբերական ոլորտը։ Այսինքն՝ հատկապես հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում, որոնք ճանապարհի օգտագործելիության ժամանակահատվածի վրա շատ բացասական ազդեցություն են ունենում»։
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրեց, որ ձեռք է բերվել երկու ստատիկ կշեռք, մեկ հատ՝ շարժական, որն այս պահին Արմավիրի մարզում է, այն անընդհատ տեղափոխում են, քանի որ վարորդները կշեռքի մասին տեղեկանալուց հետո այլընտրանքային լուծումներ են գտնում, շրջանցիկ ճանապարհներով են երթեւեկում․ «Այս փուլում երկու կշեռքները տեղադրվելու են Սիսիանի հատվածում։ Նախատեսում ենք նաեւ Աշտարակի տարածքում»։
Կարդացեք նաև
Կշեռքների գործարկումից հետո 522 մշտադիտարկում է իրականացվել, եւ ինչպես ասաց Ասոյանը, նախորդ տարի կշեռքները շարքից դուրս էին եկել․ «Վարորդները միտումնավոր էին շարքից դուրս հանել, մեթոդներին տիրապետում են, միանգամից արգելակում են կշեռքների վրա կայանելու ընթացքում։ Բայց այս նոր ձեռք բերված կշեռքների դեպքում նման խնդիր չենք ունենա»։
Նա ասաց, որ նոր ձեռք բերված ստատիկ կշեռքները տեղակայվելու են ճանապարհային գրպանիկի տարբերակով․ «Ավտոմեքենան գալու է այդ հատվածում կշռավորվի եւ շարունակի»։
Վարչապետն էլ հավելեց, որ կան կշեռքներ, որոնք ներկառուցվում են ճանապարհին, վարորդները չեն էլ իմանում դրանց մասին։ Այս տարբերակն, Ասոյանի փոխանցմամբ, քննարկում են։
«Եկեք ձեռք բերենք, անում ենք՝ միանգամից լավն անենք։ Ինչի ենք բերում այնպիսինը, որ մեկ էլ փչացնեն, կոտրվի եւ այլն։ Էլ չեմ ասում լրացուցիչ վարչարարություն է առաջանում»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը պատմեց, որ Արմավիրի մարզ այցի ժամանակ բնակիչները պատմել են, որ այնտեղ ավազի հանք կա եւ մեքենաները գերբեռնված երթեւեկում են․ «Իհարկե, ճանապարհները պետք է կառուցենք, բայց երբ ասում ենք՝ ավազի հանք կա, պետք է արձանագրենք՝ հանքարդյունաբերության մեքենաները գերբեռնված են երթեւեկում, ու նախ՝ ճանապարհներն են ջարդում, հետո՝ մեքենան։ Այնպես որ` այս կշեռքների քաղաքականությունը պետք է անպայման իրականացնենք։ Ու այս փաստարկները՝ տնտեսական արդյունավետություն, մարդիկ տուն են պահում եւ այլն, այդ փաստարկը չկա, որովհետեւ այդ ճանապարհը որ քանդվում է նախատեսված ժամկետից շուտ, դա յուրաքանչյուր ընտանիքին ֆինանսական վնաս է հասցնում, որովհետեւ պետական բյուջեով է կառուցված։ Վայրի կլինի տեսնել, որ մարդիկ ավտոբուսներից կախված երթեւեկում են, նույնպես վայրի է գերբեռնված մեքենաները ու մեծ վնասներ են հասցնում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ