ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած՝ «Դիվանագիտական ծառայության մասին օրենքում» փոփոխությունների նախագծով՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի (դիվանագիտական պաշտոն է) համար կսահմանվի 5 տարվա աշխատանքային ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն։ «Այս հնարավորությունը կօգտագործվի, որպեսզի այս պաշտոնին հավակնող մարդկանց շրջանակը հնարավորինս մեծացվի։ Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ԱԳՆ բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը եւ բարելավումը։ Սա կարեւոր է ԱԳՆ հետագա գործունեության համար»,-ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր հայտարարեց Վաղարշակ Հակոբյանը։
Նախագծի հարակից զեկուցողն էր ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, որն ԱԳՆ անունից ողջունեց այս նախաձեռնությունը։ Ուշագրավ է, որ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Պարույր Հովհաննիսյանին ասաց․ «Հասկացա, որ սա համատեղ նախաձեռնություն է պատգամավորի եւ նախարարության։ Հրատապությունն ինչո՞վ է պայմանավորված՝ հաշվ առնելով, որ մեր հանձնաժողովը տեղյակ չէ այս նախագծից։ Մեզ կարծիքի համար այն չի ուղարկվել»։ Նշենք, որ նախագիծը 24-ժամյա ռեժիմով է քննարկվում։
Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս փոփոխությունը դեռեւս ամիսներ առաջ սկսված գործընթացի մի մասն է միայն, ուղղված է համակարգի ուժեղացմանը․ «Սա ոչ այնքան հրատապության, որքան գործընթացն առաջ մղելու մոտեցում է»։
Աղաջանյանը նկատեց․ «Առավել եւս, որ քննարկումները վաղուց էին սկսվել։ Անկեղծ՝ չեմ հասկանում, թե ինչու է շրջանցվել ինստիտուցիոնալ ճանապարհը՝ մինչեւ լիագումար նիստ հասնելը։ Տվյալ նախագիծը չի եկել մեր հանձնաժողով, մենք քննարկելու հնարավորություն չենք ունեցել։ Ասացիք, որ հրատապությունը չէ խնդիրը, ուստի կառաջարկեի հետաձգել, քննարկել մեր հանձնաժողովում, եթե հրատապության վերաբերյալ այլ հիմնավորում չունեք»։
Կարդացեք նաև
Պարույր Հովհաննիսյանն արձագանքեց, որ քննարկումների ժամանակացույցից արդեն իսկ հետ են ընկել, իսկ նախագիծը հետաձգելու վերաբերյալ ոչինչ չասաց։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վաղարշակ Հակոբյանին հորդորեց լույս սփռել իրավիճակի վրա։ Վաղարշակ Հակոբյանը, դիմելով Աղաջանյանին, ասաց․ «Անհասկանալի է ձեւակերպումը, թե սա համատեղ օրենք է։ Այն ես եմ ներկայացրել, չի կարող համատեղ լինել։ Իհարկե, կառավարության հետ քննարկել ենք։ Որքանով տեղյակ եմ՝ այս օրենքի պրոֆիլային հանձնաժողովը պետք է լինի պետաիրավական հանձնաժողովը։ Որքանով տեղյակ եմ՝ Վլադիմիր Վարդանյանը տեղեկություններ ունի այս օրենքից։ Հիմա ընթացակարգը հասկանանք, եւ ես կառաջարկեմ, որ դուք էլ դառնաք քննարկմանը մասնակից»։
Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ասաց․ «Հանուն արդարության, կարծում եմ, ճիշտ կլիներ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկել։ Որպես այդ հանձնաժողովի նախկին նախագահ եմ ասում»։
Ապա քվեարկությամբ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Առաջիկայում սպասվում է երկրորդ ընթերցումը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ