Լրահոս
Օրվա լրահոսը

«Քվեարկության ընթացքում գրիչներ այլեւս չեն օգտագործվի»․ ՔՊ-ի առաջարկները ԸՕ-ի վերաբերյալ

Հուլիս 14,2022 11:55

2021թ․-ին կայացած ԱԺ արտահերթ եւ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են նաեւ դիտորդական առաքելությունների, մասնակցած քաղաքական ուժերի կողմից, ուստի առաջարկվում է լուծել այդ խնդիրները։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իր եւ ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը։ Ըստ դրա՝ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների պարագայում կուսակցությունների եւ դաշինքների համար նախատեսվում են առանձին քվեաթերթիկներ՝ անկախ նրանից, թե որքան է ընտրողների թիվը։

Արթուր Հովհաննիսյան

«Այսպիսով, քվեարկության ընթացքում վերացվում է գրիչների օգտագործումը։ Կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան քվեարկության օրից 15 օր առաջ, ինչն ընտրական հանձնաժողովներին հնարավորություն է տալու ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրությունը։ Այսպիսով` ունենալու ենք նույն մոդելով ընտրություններ, ինչպես ԱԺ ընտրությունների դեպքում է, այսինքն՝ տարբեր քվեաթերթիկներով։ Սա նվազեցնում է նաեւ անվավեր քվեաթերթիկների քանակը եւ բարելավում ընտրական գործընթացը։ Առաջարկվում է նաեւ համամասնական ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում, ինչպես որ ԱԺ ընտրությունների ժամանակ է։ Սա եւս բարձրացնում է վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ»,-հայտնեց Արթուր Հովհաննիսյանը։

Մյուս առաջարկով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնի համար առաջարկվում է սահմանել նույն չափորոշիչները, որոնք արդեն իսկ սահմանված են ԱԺ պատգամավորի դեպքում։ «Առաջարկվում է նաեւ վերանայել ԿԸՀ անդամների վարձատրության չափը, գործակիցները»,-տեղեկացրեց Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ փաթեթի մշակմանը մասնակցել են արդարադատության նախարարությունը, ՔՊ-ն, ԿԸՀ ներկայացուցիչները, հաշվի են առել նաեւ քաղաքացիական հասարակության եւ դիտորդական առաքելությունների նկատողությունները․ «Փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի շտկել նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած խնդիրները եւ վերջին չորս տարում ՀՀ-ում ձեւավորված ժողովրդավարության մակարդակի էլ ավելի բարձրացմանը նպաստել»։

Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այս նստաշրջանին եւս  չեն մասնակցում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031