Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ եմ՝ Ֆրանսիան ապագայում ևս կշարունակի կարևոր դերակատարում ունենալ ցնցումներով լի այս դժվարին ժամանակաշրջանում ի հայտ եկած մարտահրավերների հաղթահարման հարցում. Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Մակրոնին

Հուլիս 14,2022 11:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ:

Նամակում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ՝ խաղաղության, զարգացման և բարգավաճման լավագույն մաղթանքներ հղելով բարեկամ ու եղբայրական Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին։

Ազգային միասնության այս օրը՝ հուլիսի 14-ը, լավագույնս է խորհրդանշում Ֆրանսիայի ու ֆրանսիացիների անցած բարդ ու փորձություններով լի ճանապարհը՝ հանուն արդարության և համամարդկային արժեքների հաղթանակի, հանուն արժանապատիվ և լուսավոր ապագայի։

Մենք բարձր են գնահատում Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ բարեկամությունը՝ հիմնված հազարամյակի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարուստ շփումների, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքի վրա։ Ուրախ ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ գործուն քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում հատկապես կարևորում ենք նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված՝ Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի դրույթների հետևողական իրականացումը, ինչպես նաև այս տարվա մարտ ամսին Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի գրանցած հաջողության շարունակականության ապահովումը։
Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործընթացում։

Այս կապակցությամբ վերահաստատում եմ Հայաստանի վճռական հանձնառությունը՝ հասնել հիմնահարցի խաղաղ ու տևական կարգավորմանը։

Մեծարգո նախագահ,

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական միությունում Ֆրանսիայի նախագահությունը պատվով իրականացնելու ու հաջողությամբ ավարտին հասցնելու կապակցությամբ։ Վստահ եմ՝ Ֆրանսիան ապագայում ևս կշարունակի կարևոր դերակատարում ունենալ աշխարհաքաղաքական ցնցումներով լի այս դժվարին ժամանակաշրջանում ի հայտ եկած բոլոր մարտահրավերների հաղթահարման հարցում՝ հօգուտ միջազգային համերաշխության ու համընդհանուր բարօրության։

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի համար այս նվիրական տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ և հայ ժողովրդի ցանկությունը առաջիկայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ պետական այցով:

Ջերմորեն՝

Նիկոլ Փաշինյան»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031