Լրահոս
Օրվա լրահոսը

«Սագամար»-ի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը պետք է դառնա պայման՝ ազդակիր համայնքներից նոր համաձայնությունների ստացման համար

Հուլիս 14,2022 12:04

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հանդես են գալիս հայտարարությամբ, որում նշված է. «Հուլիսի 11-ին «Սագամար» ՓԲԸ-ն Լոռու մարզի մի քանի բնակավայրերում՝ Ուրասարում, Ստեփանավանում, Պուշկինոյում, Արջուտում և Նոր Խաչակապում, կազմակերպել էին հանրային լսումներ՝ Ստեփանավանի հանքային շրջանի Դեղին և Սև գետերի ավազանի հանքերևակումների տեղամասում նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ: Ընկերությանն է պատկանում Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը: Հանքը 2015թ. հետո չի շահագործվել, թեև ըստ ՊՎ-093 ընդերքօգտագործման պայմանագրի՝ շահագործման ժամկետը պետք է ավարտվի 2049թ.: 2021թ-ի մարտ ամսից ընկերությունը վերսկսել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները։

Երկրաբանահետախուզական աշխատանքների նոր հայտը նշանակում է, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեության տարածքը, քանի որ հավակնում է մոտ 130 քառակուսի կիլոմետր տարածքի վրա հետախուզում իրականացնել: Հատկանշական է, որ ընկերությունը գործնականում չի ներկայացրել համայնքների նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման մասին հաշվետվություն։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում «ԷկոԼուր»-ի կողմից իրականացված մոնիտորինգի համաձայն՝ 2021թ. դրությամբ ընկերությունը չի կատարել մի շարք պարտավորություններ՝ ինչպես ֆինանսական բնույթի, այնպես էլ՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Առանց վերականգնման են մնացել նաև ընկերության թափոններով աղտոտված տարածքները։ 2021 թվականին չեխական «Առնիկա» ՀԿ-ի կողմից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Արմանիս և Ուրասար բնակավայրերի տարածքներն աղտոտված են մկնդեղով, քրոմով, կադմիումով, կապարով, ցինկով, մոլիբդենով և այլ ծանր մետաղներով:

Մենք՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, կոչ ենք անում «Սագամար» ՓԲԸ-ին ներկայացնել ստանձնած պարտավորությունների մասին հաշվետվություն, ինչպես նաև ներկայացնել աղտոտված տարածքների վերականգնման, հետագա աղտոտումը կանխարգելող միջոցառումների պլան և ծախսերի ֆոնդ՝ այս աշխատանքների իրականացման համար։

Դիտարկում. «Սագամար» ՓԲԸ-ի կողմից Արմանիսի ոսկի -բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած սոցիալ-տնտեսական պարտավորությունների կատարման վերաբերյալ «ԷկոԼուրի» մոնիթորինգի ամփոփ տվյալները:

Սոցիալական պարտավորություններ

Ըստ 20․12․2012թ. ՊՎ-093 ընդերքօգտագործման պայմանագրի` ընկերությունն ազդակիր համայնքների նկատմամբ ունի հետևյալ սոցիալական պարտավորությունները.

1․ Յուրաքանչյուր 3 տարին մեկ Ստեփանավան քաղաքի և Ուրասարի գյուղի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին պարտավորվել է հատկացրել է 1,5 մլն. դրամ գումար:

2․ Յուրաքանչյուր 3 տարին մեկ Արմանիս թաղամասի աղբյուրների կապտաժի և վերանորոգման համար 1,0 մլն. դրամ և յուրաքանչյուր 5 տարին մեկ համայնքի ջրագծերի վերանորոգման համար՝1,0 մլն. դրամի ներդրումներ:

3․ Տարին մեկ անգամ Ստեփանավան քաղաքի փողոցների վերանորոգման համար կատարել 1,5 մլն. դրամի ներդրումներ:

4․ Ամեն տարի ազդակիր համայնքների երիտասարդների ուսման ծախսերում ցուցաբերել 1,0 մլն դրամի օգնություն:

5․ Միջհամայնքային ճանապարհների շինարարության և վերանորոգման ժամանակ, ըստ անհրաժեշտության, տրամադրել շինտեխնիկա կամ շինանյութ։

Համայնքների նկատմամբ ստանձնած սոցիալական պարտավորությունների փաստացի կատարողականը

Սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները և բարեգործական հատկացումները Ընկերությունը համայնքին չի կատարել։

– Ըստ Ընկերության՝ Հայաստանի ԱՃԹՆ-ի կայքում հրապարակված հաշվետվության՝ Ուրասար բնակավայրի դպրոցին 2017թ. նվիրել է 65000,0 դրամ արժողությամբ մոնիտոր և ստեղնաշար։ 2017թ. Ուրասարի և Արմանիսի դպրոցների համար կազմակերպել է ամանորյա միջոցառում՝ 362613 դրամ գումարի ֆինանասական ներդրումով։

2019թ-ին ընկերությունն Արմանիսի առաջին դասարանցիներին ընդհանուր 25533 դրամ արժողությամբ նվերներ է բաժանել, իսկ  Ուրասարի դպրոցի առաջին դասարանցիներին՝ ընդհանուր 31917 դրամ արժողությամբ նվերներ: Կազմակերպել է ամանորյա միջոցառում Արմանիսում՝ 84608 դրամ գումարի ֆինանսական ներդրումով, Ուրասարում՝ 109492 դրամ գումարի ֆինանսական ներդրումով:

– Ըստ Ընկերության ԷկոԼուրին ուղղված 04.08.2020թ. թիվ 32-20 նամակի՝

Ընկերությունը սեփական նախաձեռնությամբ 2017, 2018, 2019թթ. համար

Ստեփանավանի Արմանիս և Ուրասար համայնքների սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացրել է միջոցառումներ 2.009.388 ՀՀ դրամի չափով:

Բնապահպանական պարտավորություններ

Ընդերքօգտագործման պայմանագրով Ընկերությունը պարտավորվել է՝

1․ Ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից

2․ Ապահովել բնության, պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից

3․ Ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական

եզրակացությամբ նախատեսված պայմանները։

Բնապահպանական պարտավորությունների փաստացի կատարողականը

Ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ որևէ վերականգնողական աշխատանք այդ տարածքում չի իրականացվել:

– Չնայած նրան, որ հանքավայրը չի շահագործվում, թունավոր թափոններից աղտոտվածությունը տարածվում է մոտակա հողերում

– Հանքի տարածքից Չքնաղ գետ են ներհոսում հանքի թթվային արտահոսքերը`դառնալով ձկների զանգվածային անկման պատճառ

– Լցակույտերից և հանքավայրի տարածքից փոշին սփռվում է համայնքի, հողատարածքների ու արոտավայրերի վրա

– Ընկերությունը, անտեսելով բնապահպանական նորմերը, հանքի մեծածավալ թափոնները լցրել է Չքնաղ գետի ձորակ, որտեղից անձրևաջրերում լուծված թունավոր նյութերը լցվում են գետ

– Չի կատարվել ՇՄԱԳ փորձաքննական եզրակացության պահանջը, չի ավարտվել հողերի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը

– Մինչ ուսումնասիրությունների պահը չէին կատարվել Topas-Տ55 մակնիշի մաքրման կայանի տեղափոխման և տեղադրման աշխատանքները:

ԷԿՈԼՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031