«Որդիս՝ Կարապետ Անտոնյանը հուլիսի 9-ին կդառնար 22 տարեկան, նա զինվորական ծառայություն է իրականացրել Ջրականում, իսկ 44-oրյա պատերազմի ժամանակ 13 տանկ է ոչնչացրել: Կարոս պատերազմի օրերին արժանացել է լեյտենանտի կոչման, սխրանքների համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրվել «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց հերոսի մայրը՝ Գոհար Անտոնյանը:
Նա ասում է, որ որդին կռվել է աննահանջ, եւ անհահացել հոկտեմբերի 13-ին Ջրականում:
«Սեպտեմբերի 27-ից որդիս եղել է մարտերի մեջ, նա աչքի է ընկել խիզախությամբ: Կարոս ժամկետային զինծառայող էր, ֆագոտիստ: Երբ հրամանատարը զոհվում է, որդուս են տալիս հրամանատարությունը: Դա պաշտոնապես մակագրվում է հոկտեմբերի 5-ին, բայց սեպտեմբերի 28-ից ինքն արդեն հրամանատար է եղել, գործողություններ է կառավարել, եղել է տարբեր տեղերում: Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Մարտական Խաչով» պարգեւատրվել է, երբ ողջ էր, պարզապես չի իջել դիրքերից, որ վերցնի, ասել է՝ հասկանում եմ պարգեւի արժեքը, բայց հիմա դիրքը չեմ թողնի: Դրա համար հետմահու են հանձնել մեզ: Այս տարվա հուլիսի 9-ին՝ որդուս ծննդյան օրը Եռաբլուրում մեզ փոխանցեցին Կարոյիս սպայական կոչումն ու ՀՀ նախագահի շնորհած՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանը»,-պատմեց տիկին Գոհարը:
Հերոսի մայրը նշեց, որ որդին սովորել է Ա. Խանջյանի անվան դպրոցում, ապա Պոլիտեխնիկական վարժարանում, հետո ընդունվել է նաեւ Պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը:
Կարդացեք նաև
«Կիսատ թողնելով ուսումը նա զորակոչվում է բանակ, իր գիտելիքները մարտի դաշտում է օգտագործել, իր գիտելիքներով, հաշվարկներով է կարողացել այդքան տանկ ու զինտեխնիկա ոչնչացրել, մարտական սխրանքներ կատարել: Մարտական ընկերները այնպիսի բաներ են պատմում, ասում են՝ թշնամու ոչ մի տանկ չի կարողացել մոտենալ իրենց դիրքերին: Իր մարտական ընկեր Վահեն պատմում է, թե ինչպես է մոտեցող 6 տանկերը գրագետ հաշվարկների շնորհիվ ոչնչացրել, խփել է առաջին տանկին ու վերջին տանկին»,-ասաց հերոսի մայրը:
Տիկին Գոհարը նշում է, որ Կարոն սիրելի ու հարազատ մարդկանց հետ խոսելիս միշտ «ջան» եւ «սիրտս» բառերն էր հաճախ օգտագործում. «Կարոս շատ ընկերասեր էր, մարդամոտ…Սիրում էր եւ աշխատել, եւ սովորել, մաթեմատիկան իր ամեն ինչն էր: Ինքը լավ հումոր ուներ: Կարոս ծնվել ու ապրել է Երեւանում, բայց գյումրեցու արյունն իրենն ասում էր: Ինքը թեկուզ տխուր ժամանակ իր հումորայնությամբ կարող էր փոխել բոլորի տրամադրությունը»,-ասում է հերոսի մայրը:
Կարոն երկու եղբայր ունի, մեկը՝ 19 տարեկան է, մյուսը՝ 9: «Փոքր եղբորով՝ Արտյոմիկով Կարոս ապրում էր, շատ մեծ էր իրենց միջեւ եղած տարիքային տարբերությունը, իսկ Աշոտի հետ երեք տարվա տարբերություն էր»,-ասում է մայրը:
Հավելում է, որ երկու որդիներն էլ հպարտությամբ են ընդունել հերոս եղբոր մարտական պարգեւները. «Արտյոմը դեռ փոքր է, բայց գիտակցում է, որ Կարոս մարտական սխրանքների համար է ստացել, իրենք հպարտ են, որ այդպիսի եղբայր ունեն, իրենք անցյալով չեմ մտածում Կարոյիս մասին: Կարոն միշտ իրենց հետ է, ու հիմա էլ ամեն վայրկյան ապրում ենք Կարոյիս սխրանքներով…Կարոյիս շքանշանները միայն իր եղբայրներինը չեն, ճիշտ է՝ շքանշանները մեզ հանձնեցին, բայց դրանք ամբողջ ազգինն են, ամբողջ ազգի համար է կռվել որդիս»,-ասաց Գոհար Անտոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է հերոսի մայրը: