Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հասկանանք՝ մեր շահերը որոնք են, կարողանո՞ւմ ենք մեր շահերը ներկայացնել, թե՞ հետզհետե վերածվում ենք սպասարկու երկրի. Ռուբեն Մելքոնյան. «Փաստ»

Հուլիս 14,2022 10:54

Տպավորություն է ստեղծվում, թե հայ-թուրքական հարաբերությունները բռնել են կարգավորման ուղին, և Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցն էլ այն ապացույցներից մեկն է, թե գործընթացը շատ արագ ու կայուն կերպով է առաջ գնում: Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցն առաջին հերթին ուղղված էր այդ իմիտացիայի տպավորությունն ամրապնդելուն:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով, որ իրականում Էրդողանը հեռու է դիվանագիտական էթիկետը հարգելուց, իսկ տարբեր կրոնական ու պետական տոների հետ կապված հարևան կամ ոչ հարևան երկրների ղեկավարների հետ զրուցելը նրա համար առաջնահերթություն չէ: «Բացի այդ, Էրդողանը եղել ու շարունակում է մնալ ամենահակահայկական գործիչներից մեկը: Չմոռանանք իր ելույթը Բաքվում՝ 44-օրյա պատերազմից հետո: Մեծ հաշվով, նա մի անձ է, որը գովերգում ու արդարացնում է երիտթուրք ցեղասպաններին: Ակնկալել, որ Էրդողանը փոխել է իր մոտեցումները, իսկ այդ հեռախոսազրույցն Էրդողանի նվերն է հայությանը, ուղղակի դաժան միամտություն է, որը հայ ժողովրդին դարեր շարունակ ուղեկցում է»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով Թուրքիայի նախագահի՝ ամիսներ առաջ արված հայտարարությունը, ըստ որի, Վրաստանի վարչապետը իրեն էր փոխանցել Փաշինյանի՝ իր հետ հանդիպելու առաջարկը:

«Թուրքիայի որևէ նախապայման չի փոխվել, Թուրքիայի քաղաքականությունը 100 տարվա ընթացքում ևս չի փոխվել: Ինչպես 100 տարի առաջ, 100 տարի հետո, այսօր ևս Թուրքիայի և Ադրբեջանի այժմյան ղեկավարները խոսում են «Զանգեզուրի միջանցքի», Սյունիքն օկուպացնելու, Արցախի մասին: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների այս ոգևորությունը ու դրական շեշտադրումները, որ ցույց են տալիս պաշտոնական քարոզչամեքենայով, որևէ կապ չունեն իրականության հետ»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ Հայաստանը 30 տարի է՝ հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Անդրադառնալով հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու հետ, Ռ. Մելքոնյանը երեք հարթություն առանձնացրեց: Առաջինն ընդգծեց նախապատրաստական բնույթի մասին:

Խնդիրը պարզ չէ, տարբեր շերտեր ունի ու նաև հետփուլային չէ: Այսինքն, այս պահին գործարկվում է մեծ խաղի առաջին փուլը՝ ի դեմս սահմանը երրորդ երկրների համար բացելուն, բայց ենթադրում եմ, որ շարունակություն է լինելու՝ երկրորդ, երրորդ փուլ, ինչը մեծ քաղաքականության մաս է: Այնտեղ առաջին հերթին ՌԴ-ն է որոշակի մասնակցություն ունենալու, ուղղակի պետք է հասկանանք, թե մեր շահերը որոնք են, արդյոք կարողանո՞ւմ ենք մեր շահերը ներկայացնել, թե՞ հետզհետե վերածվում ենք սպասարկու երկրի»,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031