Հեղափոխությունից հետո պետական հաստատությունները լայն բացեցին դռները մասնագիտական որակներից զուրկ, բայց հեղափոխությանը եւ դրա առանձին լիդերներին հավատարիմ մարդկանց առաջ:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը, որն այժմ ՀԿ է ստեղծել՝ «Հանրային ծառայողների արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» անունով, մեզ հետ զրույցում խոսեց աշխատանքային ստաժի պահանջների մեղմացման մասին: «Եթե նախկինում սահմանել էինք 5 տարի, հիմա 3 է, որտեղ 3 էինք սահմանել, հիմա 2 է: Հարմարեցվում է մարդկանց, որոնք փորձ չունեն, աշխատանքային գործունեություն չեն վարել, բայց հանրային ծառայության նման նուրբ օրգանիզմը դրանից քայքայվում է»,- ասաց նա:
Որպես անկման վառ օրինակ՝ նա առանձնացրեց Քաղծառայության գրասենյակի ստեղծումը, որը 2018 թվականի փոփոխված օրենքով, նվազ դերակատարում ունի՝ ֆունկցիաների ապակենտրոնացում է իրականացվել, որի արդյունքում մրցույթները պետական մարմիններն իրենք են անցկացնում: «Եթե նախկինում մրցույթները կենտրոնացված էին, գոնե ինչ-որ շեմեր կային, լավ, թե վատ, պահում էինք, մարմինների հետ բախումներ էինք ունենում, էսօր ամեն մարմին ընտրում է իր աշխատողներին: Դեպքեր կան, երբ իրենց նախընտրած թեկնածուն չի հաղթում, եւ այդ դեպքում մրցույթի արդյունքները չեղարկում են: Մինչդեռ նման մեխանիզմ կամ ընթացակարգ օրենքում չկա: Դա միայն դատական կարգով կարելի է չեղարկել, եթե օրենքի խախտմամբ մրցույթ է տեղի ունեցել»,- նշեց Մանվել Բադալյանը: Նա հիշեցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը՝ որ 2018-ից Հայաստանում վերացել է խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտը: «Եթե նախկինում պաշտոնյաները մի 10-20 տարում էին ցինիկանում, անցնում չափերը, ապա հիմա դրա համար 2-3 տարի է հարկավոր։ Ես սա ցավով եմ ասում: Իսկ ամենադաժանը ԺՊ-ների համակարգն է, մարդ կա՝ երեք տարի ԺՊ է: Նախկինում եթե կար ծառայողական քննություն, աշխատանքից ազատվելու ժամանակ խորհուրդը համաձայնություն տալիս էր կամ չէր տալիս, հիմա դա էլ է մարմիններին փոխանցվել: Այսինքն՝ մարդուն ապօրինի աշխատանքից ազատողը պետք է ինքն իրեն տույժ տա: Ցենզերի առումով կրթության պահանջն է իջեցվել»,- ասաց Մանվել Բադալյանը:
Բանն այն է, որ նախկինում պետական բարձր պաշտոնների, դատավորների, այլոց համար պահանջվում էր պետական նմուշի կամ ոչ պետական, բայց հավատարմագրված բուհերի դիպլոմ: Նոր օրենքով այս պահանջը եւս հանվել է, ինչը սկանդալների տեղիք է տվել: Բավական է հիշել Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի եւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կեղծ դիպլոմները:
Կարդացեք նաև
Առհասարակ, դատական իշխանության ձեւավորման առումով չափանիշների անկումն ավելի տեսանելի է:
Օրինակ, 2007 թվականի դատական օրենսգրքով, որը գործել է մինչեւ 2018 թվականի մարտ ամիսը, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում իրավաբան գիտնականների ընդգրկման կարգը նախատեսում էր, որ, օրինակ, վերաքննիչում նշանակվելիս թեկնածուն պետք է գիտական աստիճան ունենա, իսկ վճռաբեկում՝ լինի իրավագիտության դոկտոր եւ վերջին 8 եւ 10 տարիների ընթացքում դասավանդած լինի բուհում կամ ունենա դասավանդելու իրավունք: Հիմա վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու համար բավական է ունենալ 10 տարվա իրավաբանի ստաժ: Ցանկացած հիմնարկում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: