Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսած 2005 թ.-ից եղել են Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ, որոնք ՀՀ-ում ձեռք են բերել բնակելի կամ արտադրական, հասարակական սպասարկման տարածքներ. Կադաստրի կոմիտեի նախագահ. «Հրապարակ»

Հուլիս 14,2022 10:13

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է այս պահին անշարժ գույքի շուկայում։ Ամենուր խոսում են մեծածավալ շինարարությունից, անշարժ գույքի մեծ պահանջարկից ու դրանով պայմանավորված՝ գների բարձրացումից։ Թովմասյանն ասաց, որ անշարժ գույքի շուկան այսօր գտնվում է պատմական ամենաբարձր ակտիվության փուլում։

– Մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Ադրբեջանից եւ Թուրքիայից են գալիս քաղաքացիներ եւ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերում։ Կասե՞ք՝ վերջին երկու-երեք տարվա ընթացքում եղե՞լ են Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիներ, որոնք փորձել են ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերել եւ ձեռք են բերել։

– Տեսեք, ՀՀ օրենսդրությունը՝ սկսած երեւի իր ստեղծման օրվանից, արգելում է միայն գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերումն օտարերկրյա քաղաքացիների կողմից։ Ինչի՞ համար, որովհետեւ գյուղատնտեսական հողերը մեծ մակերեսներ են եւ, ընդհանրապես, գյուղատնտեսական հողերը մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեն։ Դրա համար մենք դա, որպես այդպիսին, արգելված ենք համարում, եւ նպատակ էլ չկա այստեղ որեւէ փոփոխություն անել։ Ինչ վերաբերում է բնակարանների, բնակելի տարածքների, արտադրական զոնաների եւ այլնի մասին, էստեղ օրենսդրությունը որեւէ արգելք չի սահմանում։ Եվ սկսած 2005 թվականից՝ եղել են Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր ՀՀ-ում ձեռք են բերել բնակելի տարածքներ կամ արտադրական, հասարակական սպասարկման տարածքներ։ Թուրքիայի քաղաքացիների պարագայում 70 է քանակը՝ 2005-ից մինչ օրս, մաքսիմում գործարքների քանակը, եթե չեմ սխալվում, եղել է 2017 թ․, այն էլ չեն գերազանցել տասը՝ բնակարանների ձեռքբերման տեսանկյունից։ Բայց, միեւնույն ժամանակ, էդ որ ասում ենք՝ Թուրքիայի քաղաքացի, բոլորի կամ մեծամասնության ազգանունները վերջանում են «յան»-ով։ Այսինքն՝ հայեր են իրենք։

– Իսկ Ադրբեջանի քաղաքացիների մասո՞վ ինչ կասեք։

– Ադրբեջանի քաղաքացիների մեջ եւս կային այդպիսիները, որոնք հայեր են, բայց իրենք ունեցել են էդ անձնագիրը եւ էստեղ էլ եկել, համապատասխան ընթացակարգով ստացել են որոշակի փաստաթղթեր։

– Այսինքն՝ Ադրբեջանո՞ւմ բնակվող հայեր են։

– Ես չեմ կարող ասել՝ բնակվող են, թե բնակվող չեն, մենք չենք կարող դա տեսնել։ Էստեղ խնդիրն այն է, որ սա իրականում էն պրոբլեմը չէ, որ մենք դրա մասին խոսենք։ Էսօր, օրինակ, որոշակի երկրներում, երբ որ այլ պետության քաղաքացի գնում՝ անշարժ գույք է ձեռք բերում, ի՞նչ է տեղի ունենում՝ էդ ներդրման հիման վրա իրեն տալիս են համապատասխան կացության իրավունք։ Բացի դա, սա արտաքին աշխարհից որոշակի ֆինանսական միջոցների ներգրավում է նաեւ պետության տնտեսության մեջ։

– Իսկ ռազմավարական առումով խնդիր չե՞ք տեսնում՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ոչ բարեկամական հարաբերությունները, չնայած ձեր կառավարությունը գնում է բարեկամության։

– Չէ, տեսեք՝ խնդիրն ինչին է վերաբերում։ Ընդհանրապես, աշխարհում անշարժ գույքի ձեռքբերման տեսանկյունից, եթե մենք ասում ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերը սահմանափակված են, եւ հնարավորություն չկա ձեռք բերել, բնակարանի գնումը որեւէ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչով է խնդիր առաջացնում Հայաստանի Հանրապետությունում։

– Կապիտալ են ունենում մեր երկրում, անշարժ գույք, կարող են մեր բնակֆոնդը զբաղեցնել, հատկապես որ ունեն մեծ ռեսուրսներ, քանակով շատ են, կարող են տնտեսական էքսպանսիայի ենթարկել Հայաստանը, ինչպես Աջարիայում է։

– Տնտեսական էքսպանսիան կապ չունի իրենց կողմից էստեղ անշարժ գույք ունենալու կամ չունենալու հետ։ Տնտեսական էքսպանսիան արդեն Կադաստրի կոմիտեի ոլորտը չէ, սա արդեն էկոնոմիկայի ոլորտ է, եւ էդտեղ պետությունը եթե կսկսի խնդիր տեսնել, համապատասխան գործիքներ կսկսի կիրառել։

– Իսկ պատերազմից հետո Ադրբեջանից կամ Թուրքիայից ՀՀ-ում անշարժ գույք ձեռք բերե՞լ են։

– Միանշանակ՝ ոչ, ես նշեցի՝ 2017 թվականին է ամենաշատը ձեռք բերվել, այն էլ՝ տասը բնակարան։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031