Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային հանդուրժողականության սահմանները

Հուլիս 14,2022 10:00

Ավագ սերունդն, իհարկե, հիշում է Սամուիլ Մարշակի հայտնի երգիծական պոեմը՝ «Միստեր Թվիստերը», որը ծաղրում է ամերիկացիների ենթադրյալ կամ իրական ռասիզմը: Նախկին նախարարը, իսկ այդ պահին՝ հարուստ բիզնեսմենը (ստեղծագործությունը գրվել է 1930-ականնների սկզբին) գալիս է Լենինգրադ, բախվում է խորհրդային մարդկանց ազգային եւ ռասայական հանդուրժողականության հետ, խիստ նեղվում է, բայց, ի վերջո, համաձայնում է ապրել «Անգլետեր» հյուրանոցի «լյուքս» համարում, չնայած այն բանին, որ իր հարեւանները լինելու են մաշկի տարբեր գույներ ունեցող, տարբեր ազգերի մարդիկ:

Խորհրդային Միության պաշտոնական «կրոնը» ինտերնացիոնալիզմն էր, եւ կայսրությունն այնքան ուժեղ էր ու ազդեցիկ, որ մարդիկ, անկախ իրենց ներքին համոզմունքներից, ստիպված էին, գոնե հրապարակավ, իրենց զգացմունքները չարտահայտել: Ներկայումս ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի պաշտոնական «կրոնը» «բազմամշակութայնությունն» է (multiculturalism), իսկ այն անհատները, որոնք շեղվում են այդ «կրոնից», արժանանում են խիստ պախարակման, եթե ոչ՝ վարչական տույժերի:

Գերմանիայում գործում է հակասեմիտիզմի դեմ պայքարի պետական հանձնաժողով. նրանք 20-րդ դարում, մեղմ ասած, «սայթաքել էին» այդ հարցում եւ չեն ցանկանում իրենց նախնիների ահավոր սխալները կրկնել: Ավելին՝ գլոբալացման ազդեցության տակ հետխորհրդային երկրներում նոր սերնդի շատ ներկայացուցիչներ, բարեբախտաբար, նույնպես կիսում են ազգային հանդուրժողականության գաղափարները: Կարող եմ բերել իմ սեփական օրինակը. երբ ես աֆրոամերիկացիներին «սխալ բառով» եմ անվանում (իհարկե, ոչ մի վատ բան նկատի չունենալով՝ պարզապես իներցիայի ուժով), իմ երեխաներն ինձ ուղղում են:

Ուրիշ հարց, թե որքանով խորն է այդ (անշուշտ՝ ճիշտ եւ ողջունելի) վարքագիծն արմատավորված, եւ որքանով է այդ ամենն առնչվում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերություններին: Ադրբեջանի պաշտոնական «կրոնը» հայատյացությունն է, եւ այդ ֆոնին «ինտերնացիոնալիզմ» կամ ազգային անծայրածիր հանդուրժողականություն քարոզելը մի տեսակ անբնական է, ոչ մի բանով չհիմնավորված պացիֆիզմն էլ, իմ կարծիքով, տեղին չէ: Բայց, մյուս կողմից, պատասխան ատելությամբ եւ վրեժխնդրությամբ ապրելը նույնպես, ինձ թվում է, արդյունավետ չէ: Ինձ համար ընդունելի չէ նաեւ, երբ «թուրք» արմատով բառն օգտագործվում է Հայաստանի ներքաղաքական պայքարում:

Փաստն այն է, որ մենք այս հարցերում դեռեւս չենք մշակել ազգային եւ պետական հայեցակարգ, որը կիրառելի կլինի թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների դեպքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031