Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին էր գրում www.aravot.am կայքը 2008-ին. «արխիվացված հունվար»

Հուլիս 14,2022 13:30

Մենք պարբերաբար ներկայացրել ենք «Առավոտ» օրաթերթի արխիվային հրապարակումները, այս անգամ ներկայացնում ենք համանուն կայքում տպագրված ուշագրավ հրապարակումների ծաղկաքաղը:

Հունվարի 9. «Ըստ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի, որն, ի դեպ, 1998-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով զբաղեցրել էր երրորդ տեղը, այն ժամանակ իրենք կանխատեսել էին, որ Կ. Դեմիրճյանը կարող էր հաղթել ընտրությունների հենց առաջին փուլում, իսկ երկրորդ փուլի դեպքում մրցակցելու էին ինքն ու Կ. Դեմիրճյանը, բայց ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: ԱԺՄ նախագահը միաժամանակ հիշեցրեց, որ այն ժամանակ Ռ. Քոչարյանի թեկնածությունը պաշտպանում էր ոչ թե ինքը, այլ՝ բավականաչափ մեծ այլ ուժեր՝ ՀՅԴ-ն, «Երկրապահը», ՀՀՇ-ի շատ կարկառուն դեմքեր, այդ թվում՝ ՀՀՇ այն ժամանակվա նախագահ Վանո Սիրադեղյանը, Արարատ Զուրաբյանը, եւ ՀՀՇ-ից շատերը հաճախակի էին լինում Քոչարյանի շտաբում: Երկրորդ փուլում Քոչարյանի թեկնածությունը պաշտպանեցին նաեւ Դեմկուսի Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը եւ ուրիշներ,- պատմում է Վազգեն Մանուկյանը: – Նրանց պատճառաբանությունն այն էր, որ Ռ. Քոչարյանը, այնուամենայնիվ, ղարաբաղյան շարժման մասնակից է, իսկ Կարեն Դեմիրճյանի հաղթանակի դեպքում կարող են վերադառնալ կոմունիստական կարգերը: Առաջին փուլից հետո Էդիկ Եգորյանի նախաձեռնությամբ երեք անգամ հանդիպում տեղի ունեցավ իմ եւ Կ. Դեմիրճյանի միջեւ՝ 2-րդ փուլում նրա թեկնածությունը պաշտպանելու հարցը քննարկելու համար: Ես մեծ հարգանքով էի վերաբերվում Դեմիրճյանի անձին եւ կարծում էի, որ նրա՝ երկրի նախագահ դառնալը օգտակար կլինի: Շփվելով ժողովրդի հետ՝ նաեւ համոզված էի, որ նա 2-րդ փուլում առանց մեզ հետ միանալու էլ անպայման հաղթելու է, եւ այդ մասին ասացի իրեն»:

Հունվարի 10. «Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրին, Վարդան Օսկանյանը նշեց, թե դրա արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում «ոչ մի նոր միտք չի գտել»: Մեկնաբանելով նախկին նախագահի կողմնակիցների այն պնդումները, թե այսօր ՀՀ իշխանությունները ղարաբաղյան կարգավորումը տեսնում են Տեր-Պետրոսյանի կողմից 1997թ. առաջ քաշված սխեմայի մեջ, Օսկանյանը, մասնավորապես, նշեց. «Այն նախագծում, որի կողմնակիցն էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, նույնիսկ ակնարկ չկար ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի մասին, իսկ այն տարբերակում, որը մենք այսօր քննարկում ենք, այդ իրավունքը առանցքային տեղ ունի եւ գրված է սեւով սպիտակի վրա: Բացի այդ, ԼՂ բնակչությունը երբեք չէր ընդունի կարգավորման այն տարբերակը, որին կողմ էր նախկին նախագահը»: Վարդան Օսկանյանի գնահատմամբ, 2007թ. արդյունավետ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության համար՝ չնայած տարածաշրջանային եւ գլոբալ բնույթի մի շարք բարդություններին: Այդ բարդությունների թվում նա նշեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը»:

Հունվարի 22. «Հայտնի մի համոզմունք կա, թե մարդկային ուղեղը սառը պայմաններում թարմ եւ երիտասարդ է մնում: Եթե այս իմաստնությամբ դատենք Հայաստանի հանրային գրադարաններում տիրող իրավիճակը, ապա կստացվի, որ այստեղ հաճախող ընթերցողների եւ աշխատակիցների «բախտը բերել է»: Պատճառն այն է, որ գրադարանների տարբեր սենյակների ջերմաստիճանը հազիվ հասնում է +15-ի, իսկ ընթերցասրահներում երբեմն շատ ավելի ցուրտ է լինում: Եթե հաշվենք, որ գրադարանների աշխատակիցները օրական 7-8 ժամ են անցկացնում այս պայմաններում, իսկ ընթերցողները օրական միջինը 2 ժամ, կարելի է ասել, որ այդ «զովությունը» նրանց լրիվ բավական է կյանքի առաջիկա տարիներին թարմ ուղեղ ունենալու համար: Իսկ թե մյուս օրգաններն ինչ ճակատագիր կունենան, դժվար չէ գուշակել: Երբ այցելեցինք Ավ. Իսահակյանի անվան եւ Ազգային գրադարաններ, նկատեցինք, որ երկուսում էլ ընթերցողները վերարկուներով էին, իսկ գրադարանի աշխատակիցներից ոմանք մի քանի տակ փաթաթվել էին շալերով եւ շորերով: Գրադարանների տնօրեններից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, երբ է այս հարցը լուծվելու»:

Հունվարի 24. «Վահան Հովհաննիսյանը նախագահ ընտրվելու դեպքում խոստանում է մեկ տարի անց այնպես փոխել երկիրը, որ հայերը չճանաչեն այն: « … Ի՞նչ եմ ես երաշխավորում, ես երաշխավորում եմ արդարության վերադարձը: Բոլորս էլ գիտենք, որ այսօր կտրված է ժողովուրդ-իշխանություն կապը: Ճնշելով, ոտնահարելով պարզ ընտրողի կամքը՝ իշխանությանը արջի ծառայություն մատուցելով, բերում են, այսպես ասած, կազմակերպված քվեներ: Մատուցում են իշխանությանը ժողովրդի քվեների աղավաղված պատկերը: Շատ լավ գիտեք, թե ում մասին է խոսքը, շատ լավ գիտեք, թե ձեր մարզում եւ Հայաստանում ինչպես են անում: Բարձրաստիճան չինովնիկները, մեծահարուստները, կիսագողական թայֆաների ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են, թե ամեն ինչ շատ լավ ա, ժողովուրդը քեզ հետ ա, մենք քեզ ծառայում ենք, դու էլ մեզ արտոնություններ տուր: Եվ ստիպված իշխանությունը տալիս է արտոնությունները, եւ դրա համար օրենքի առջեւ բոլորը չէ, որ հավասար են: Եվ այն կարող է վերականգնել միայն այնպիսի ուժ, այնպիսի թեկնածու, որը այդ միջնորդներից կախված չէ, ես ոչ մի պարտավորություն չունեմ եւ ոչ մեկի առջեւ, բացի ձեզանից: Միջնորդները, որոնց մասին խոսում եմ, որոնք իրենց լավ են զգում ու ուզում են հավերժացնել էս վիճակը, սրանք անընդհատ իրենց վերարտադրում են՝ հենվելով աղքատների վրա, որոնց ձայնը կարող են գնել, օրինակ՝ նպաստառուն տնտեսական անկախություն չունի, ուրեմն քաղաքական անկախությունից էլ է զրկվում, եւ վերարտադրման մյուս ռեզերվը դա բացականերն են, խոպան գնացածները, որոնց տեղը ինչ-որ մեկը քվեարկում է: Ես կարծում եմ, որ կարող ենք սրա դեմն առնել: Տարօրինակ չէ՞, որ հայը ամեն տեղ հաջողության է հասնում՝ Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում, մի երկիր կա երկրագնդում, որտեղ հայ մարդը չի կարող հաջողության հասնել, դա իր հայրենիքն է»,- ասաց նախագահի թեկնածուն՝ խոստանալով հաղթանակի դեպքում այնպես փոխել երկիրը, որ հայը հպարտանա իր ՀՀ քաղաքացի լինելով»:

Հունվարի 25. «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանը երեկ այցելեց ԵՊՀ…

Դասախոսների խնդրանքով Ս. Օհանյանը անդրադարձավ նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի հայտնի հայտարարությանը՝ 15000-անոց բանակի մասին: «Այսօր մեր հաստիքները այնպիսին են, որ կկարողանանք մեր հարցերը իրականացնել՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ժամանակահատվածում»,- պատասխանեց Ս. Օհանյանը»:

Հունվարի 26. «Բլոգային հոբիով այսօր ՀՀ-ում «վարակված» է շուրջ 200 մարդ, 1000-ի է հասնում նրանց թիվը, ովքեր պարզապես կարդում են ուրիշների ստեղծած բլոգերը: Բլոգերները Հայաստանում ակտիվացել են 2005-ից, 2007-ին նրանց թիվն աճել է 2006-ի համեմատ: Ռ. Մուրադյանն այս կապակցությամբ ասաց. «Հասարակությունը չգիտի՝ ինտերնետն ինչ է: Նրանցից շատերը պարզապես գիտեն, որ կա կոմպյուտերչիկի մասնագիտություն: Դեռ կան մարդիկ, որոնք վախենում են համակարգչից՝ մտածելով, որ կարող է մի բան անեն դրա հետ, ինչը վատ կանդրադառնա իրենց վրա»: Թե ինչքանով է հասարակությունը «ինտեգրված» ինտերնետային աշխարհին, բնորոշվում է «պենեթրեյշըն ռեյթ» կոչվող տերմինով: ԱՄՆ-ում, ըստ Ռ. Մուրադյանի՝ դա 75 տոկոս է կազմում, ՌԴ-ում՝ շուրջ 40, Եվրոպայում՝ շուրջ 60: Բլոգեր-զրուցակցից «Առավոտը» հետաքրքրվեց, թե իրենց շարքերում կա՞ն քաղաքական գործիչներ կամ գիտնականներ: Պարզվեց՝ ոչ: «Բլոգային» Հայաստանում քննարկվում են բոլոր այն խնդիրներն ու թեմաները, որոնցով տարված է հասարակությունը: Օրինակ՝ առաջիկա նախագահական ընտրություններն այս պահին տարբեր բլոգերում քննարկվող ամենաառաջնային թեմաներից են: Ռ. Մուրադյանն իր՝ https://uzogh.livejournal.com հասցեով բլոգում քվեարկություն է անցկացրել, որին մասնակցել է 136 բլոգեր: Ըստ նրա, նախագահական «բլոգային» ընտրության արդյունքները այսպիսին են. «Առաջին տեղում՝ 32 ձայնով, Վազգեն Մանուկյանն է, երկրորդում՝ 21 ձայնով, Լեւոն Տեր-Պետրոսյանը, երրորդ տեղը 20 ձայնով զբաղեցրել է Սերժ Սարգսյանը: Ինչպես տեսնում եք, Սերժին ինտերնետում չեն սիրում»:

Հունվարի 29. «Հեղինե Շահբազյանն իր միակ որդուն կորցրել է 1992-ին՝ արցախյան թեժ մարտերի ժամանակ, երբ մահապարտների կարիքն այնքան շատ էր զգացվում: Տիկին Հեղինեն առանց որդու ապրում է արդեն 15 տարի: Այդ երկարուձիգ տարիների ընթացքում պետությունը երեք մեդալ է հանձնել (հետմահու) նահատակ զինվորի ընտանիքին եւ ընդամենը 700 քմ վարձակալական մի հողակտոր՝ 1994-ին, որն այժմ գտնվում է Աջափնյակ համայնքի վարչական տարածքում (1994-ին գտնվել է Երեւանի Շահումյանի շրջանում):

Զոհվածի ընտանիքն այն բարեխղճորեն մշակել եւ տիրապետում է 14 տարի, վճարում հողահարկն ու ոռոգման ջրի վարձերը: ՀՀ հողային օրենսգրքում կա հոդված, որի 64-րդ հոդվածը իրավունք է տալիս այդ ընտանիքներին՝ օգտվել անհատույց սեփականաշնորհման իրավունքից: Այդ իրավունքից կարող են օգտվել «Հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում բնակվող՝ զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձանց, չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հողամաս»: Ընդ որում՝ օրենսդիրն օրենքում հստակեցրել է, որ նշյալ արտոնությունից մարդիկ կարող են օգտվել մինչեւ 2007-ի հունիսի 30-ը: Տիկին Հեղինեն էլ, ցանկանալով սեփականաշնորհել նշյալ հողակտորը՝ մինչեւ ժամկետի լրանալը մեկ տասնյակից ավելի անգամ դիմել է քաղաքապետարան, Մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանության նախարարություն՝ խնդրելով միջնորդել օրինական իր իրավունքից օգտվելու համար: Քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնից նախ պատասխանել են, որ դրա համար իրավական հիմքեր չկան, իսկ հետագայում նույն կառույցից գրավոր տեղեկացրել են. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը (Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետը): Աջափնյակի թաղային համայնքի եւ Հ. Շահբազյանի միջեւ 700 քմ մակերեսով հողամասի համար կնքված պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցում չեն ստացել, եւ պայմանագիրը համարվում է առոչինչ»:

Հունվարի 31. «Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ, որտեղ էլ հակադարձել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությանը, թե՝ Տեր-Պետրոսյանն ուզում է «քիրվայություն» անել Ադրբեջանի հետ: «Եթե ինքը (Ռոբերտ Քոչարյանը) ժողովուրդների համագործակցությունը, բարիդրացիականությունը հասկանում է որպես քիրվայություն, դա իր կուլտուրայի արտահայտությունն է. ուրիշ ոչինչ»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ Վարդենիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տեր-Պետրոսյանը: «Այո, ես հայտարարում եմ, որ այդ հողը (Ղարաբաղը) 3000 տարի եղել է հայկական եւ 3000 տարի էլ դեռ մնալու է հայկական: Անհրաժեշտ է, որ այդ նվաճումը ամրագրվի միջազգային պայմանագրով, որից հետո, այո՛, մենք Ադրբեջանի հետ ե՛ւ համագործակցելու ենք, ե՛ւ բարիդրացիական հարաբերություններ ենք հաստատելու, որովհետեւ մեր ելքը դեպի արտաքին աշխարհ հիմնականում Ադրբեջանն է: Ադրբեջանական երկաթուղին էր ապահովում Հայաստանի բեռնափոխանակության 85 տոկոսը»:

«Առավոտ» օրաթերթ
13.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031