Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձգտիր արվեստին»՝ ստուդիայի կարգախոսն ու ցուցահանդեսի խորագիրը

Հուլիս 14,2022 13:00

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրված էր Art & You արվեստի ստուդիայի սաների շուրջ 35 աշխատանք, ինչն, ըստ էության, ընդամենը մեկ տարի գործող ստուդիայի յուրօրինակ հաշվետվություն-ցուցահանդես էր։

«Առավոտի» հետ զրույցում ստուդիայի հիմնադիր տնօրեն Լուսինե Բարխուդարյանը տեղեկացրեց, որ ստուդիայի գլխավոր ուղղվածությունը նկարչությունն է ու դրանից բխող տիկնիկագործությունը, դեկորատիվ-կիրառական արվեստը։ Դասավանդում են նկարիչներ Արմինե Հովհաննիսյանը, Աննա Ավագյանը, նկարիչ, քանդակագործ Գագիկ Այվազյանը։ Ստուդիայում ուսանում է 50 սան՝ սկսած 4 տարեկանից։ Հաստատելով մեզ հասած տեղեկությունը, թե այս կարճ ժամանակահատվածում իրենց սաները մասնակցել են նույնիսկ միջազգային մրցույթի, տնօրենն ասաց. «Խոսքը հանրապետական եւ միջազգային՝ Global Art Fest եւ Universe Art մրցույթների մասին է։ Մեր սաները՝ 10-ամյա Աննա Շիրբակյանը, Ինգա Պետրոսյանը, որոնք ուսանում են Արմինե Հովհաննիսյանի, Գագիկ Այվազյանի, Էդգար Ամրոյանի արվեստանոցներում, արժանացան մրցանակների։ Ասեմ նաեւ, որ Universe Art-ի կազմակերպիչները անակնկալ մատուցեցին մրցանակակիրներին: Առաջիկայում Աննայի եւ Ինգայի աշխատանքները կցուցադրվեն Իտալիայում»։

Դիտարկմանը՝ դատելով սաների ներկայացրած աշխատանքներից եւ արվեստաբաններ Քրիստինե Սարգսյանի եւ Տաթեւ Համբարձումյանի հնչեցրած կարծիքներից, կարելի է վստահ լինել, որ իրենց ստուդիան կարճատեւ գործունեության ընթացքում առանձնանում է հայաստանյան նմանատիպ մշակութային-կրթական օջախներից եւ դիմանում մրցակցությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չենք կենտրոնանում մրցակցության վրա, մենք կարեւորում ենք սաներին տրված գիտելիքների որակը։ Նշեմ, որ ուսումնական գործընթացն իր մեջ ներառում է նաեւ ծանոթություն մերօրյա ճանաչված նկարիչների հետ։ Ի դեպ, սա ժամանակին բազմաթիվ քննարկումների ու տարաձայնությունների առիթ տվեց։ Ոմանք կարծում էին, թե 4-5 տարեկան երեխայի հետ գուցե վաղ է նման ծավալի աշխատանքներ տանել՝ ծանոթացնել նկարիչներին, նրանց ստեղծագործություններին եւ այլն։ Ծագած բանավեճի արդյունքում որոշում կայացրինք այնուամենայնիվ փորձել կիրառել նման աշխատաոճ, չէ՞ որ հենց մանկուց է պետք երեխային ծանոթացնել գեղեցիկի աշխարհի հետ, ինչը, վստահ ենք, իրականացվում է հենց այդ ճանապարհով։ Ընդամենը մեկ օրինակ բերեմ. մեր 5 տարեկան սաները արդեն տարբերակում են Սարյանի, Մինասի, Իսաբեկյանի, զարմանալի թող չթվա՝ նույնիսկ Վան Գոգի, Գոգենի եւ մյուս տաղանդավոր նկարիչների ձեռագրերը։ Ինչու ոչ, կրկնում եմ՝ վաղ տարիքից է հարկավոր նման աշխատանք տանել երեխաների հետ։ Ի վերջո, դա յուրատեսակ ինֆորմացված լինելու ճանապարհ է, չէ՞… Իհարկե, այս ամենը պետք է իրականացնել չափի մեջ, չմոռանալով, որ գործ ունենք երեխաների հետ։ Կարեւորում ենք նաեւ այցերը թանգարաններ, երբեմն դասաժամերն անցկացվում են արվեստանոցից դուրս, իսկ առաջիկայում որոշել ենք քաղաքից դուրս գալ ու տեսարժան, պատմամշակութային վայրերում դասեր անցկացնել։


Ընդունված կարգ կա՝ մշակութային օջախները բարեկամական կապեր են հաստատում, կազմակերպում փոխայցելություններ արտասահմանյան նման կառույցների հետ։ Art & You արվեստի ստուդիան պատրաստվում է մինչեւ տարեվերջ նման գործունեություն ծավալել»։ Այդ կապակցությամբ Լուսինե Բարխուդարյանը առանց մանրամասնելու բարձրաձայնեց միայն Մոսկվայի անունը, հետո էլ հավելեց. «Իհարկե, մենք կարեորում ենք միջազգային մրցույթներին մասնակցությունը, ինչը մեծ մոտիվացիա է երեխաների համար, մեծ փորձ։ Դրան էլ եթե գումարենք այլ երկրներից իրենց հասակակիցների փոխայցելությունները, հիանալի կլինի։ Նշեմ, որ անշուշտ ցանկալի է, բայց մեր գերխնդիրը չէ, որ ստուդիայի յուրաքանչյուր սան նկարիչ դառնա։ Համաձայնեք, որ մանկուց արվեստի հետ շփվող երեխան հետագայում ինչ մասնագիտություն էլ ընտրի, մի տեսակ տարբերվում է իր մոտեցումներով, աշխարհընկալմամբ։ Տեսեք, մեր դասաժամերը ուղեկցվում են դասական երաժշտության հնչյուններով։ Դա եւս հնարավորություն է երեխային մոտեցնելու գեղեցիկին, բարձր արվեստին, այդպիսով դաստիարակելով բազմակողմանի զարգացած մարդ։ «Նարեկացի» կենտրոնում ցուցահանդեսի խորագիրն է «Ձգտիր արվեստին», որը նաեւ ստուդիայի կարգախոսն է»։

Համակարգչային դիզայներ մասնագետ մեր զրուցակից-տնօրենը անկեղծացավ. «Երբեք չէի պատկերացնում, որ ստուդիա կհիմնեմ։ Ճիշտ է, երեխաների հանդեպ անսահման է սերս։ Ցուցահանդեսից հետո երբ ինքս ինձ հետ մենակ մնացի, հուշերս տարան մանկության տարիներ… Ուղիղ պետք է ասեմ՝ ուսուցիչների հարցում, ցավոք, բախտս չի բերել, նույնիսկ հիասթափության շրջան եմ ունեցել… Գուցե վերամբարձ հնչի, բայց մեզ գոհացնում է մեր մեկամյա գործունեության արդյունքը, հատկապես փաստեմ, որ ցուցահանդեսից հետո գոհունակության հեղեղ է թափվել ծնողների կողմից։ Ստուդիայում տիրում է անկաշկանդ ու հանգիստ մթնոլորտ, յուրաքանչյուր նոր ձեռնարկ նախաձեռնելիս առաջին հերթին մտածում ենք, որ գործ ունենք երեխաների հետ. նրանց ամեն ինչ բարձրարվեստ մատուցելուց բացի, պետք է շատ զգույշ լինել, նրանք շատ փխրուն են։ Եվ կրկին թող վերամբարձ չհնչի՝ գուցե ոչ հեռու ապագայում մենք էլ ձեռնամուխ լինենք, ասենք՝ համահայկական մրցույթի (ժպտում է- Ս. Դ.)»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներն արված են «Նարեկացի» արվեստի միությունում։

«Առավոտ» օրաթերթ
13.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031