Լրահոս
Օրվա լրահոսը

Առձեռն արժեքավոր աշխատություն

Հուլիս 14,2022 12:30

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ եւ նախարար, պատմագիտության դոկտոր Դավիթ Բաբայանի խմբագրությամբ լույս է տեսել «Արցախյան հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատությունը (Երեւան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչության տպարան, 2022)։ Պատմաքաղաքական, դիվանագիտական, հանրագիտարանային եւ քարոզչական բնույթ ունեցող աշխատությունը բովանդակում է Արցախ-Ղարաբաղի համառոտագրված պատմության առանցքային փաստերն ու իրողությունները, հասկացությունները՝ արդի գաղափարախոսական ճշմարիտ դիրքերից։
Պատմաքաղաքական այս դրույթներն իրական ու հավաստի, հիմնավոր ու համոզիչ դարձնելու նպատակով աշխատության մեջ ներկայացված են բազմաթիվ փաստեր, բանալի-բառ-հասկացություններ, միջազգային ատյանների տեսակետներ, դիվանագիտական շոուներ եւ որոգայթներ, շողոմ խոստովանություններ, անթիվ-անհամար պատվիրակությունների այցելություններ, համաձայնագրեր ու դաշնագրեր, սահմանադրական խաղեր եւ այդ ամենը, ի վերջո, ուղղված էր հայ ժողովրդի մարդկային իրավունքի, ազգային շահերի, ֆիզիկական գոյության դեմ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պետականորեն ծրագրված աներեւակայելի ոճրագործությամբ, մեծ տերությունների շահերն արտահայտող դիվանագիտությամբ։

Հետաքրքրական եւ ուսանելի է այն հանգամանքը, որ աշխատության մեջ, ըստ էության, միասնական շաղախով են ներկայացված Հայաստանի եւ նրա 10-րդ նահանգի՝ Արցախի հիմնախնդիրներն ու պայքարի անդուլ ոգու ծառացումներն օտար զավթիչների դեմ։ Այս միտքն առանց նախընթաց պատմության հերոսական ու ողբերգական դրվագներին անդրադառնալու՝ անմնացորդ հաստատում են մեր նորօրյա պատմության Ադրբեջանա-Ղարաբաղյան առաջին՝ (1991-1994), քառօրյա՝ (2016) եւ 44-օրյա պատերազմները (2020)։

Ոճակառուցվածքային առումով եւ բովանդակային ուղղվածությամբ խնդրո առարկա աշխատության մեջ արդիական քաղաքական փիլիսոփայությամբ, իրատեսական, տրամաբանական ստուգապատում եզրույթներով շարակարգված, հայտարարի են բերված Արցախյան հիմնախնդրի տեսանելի ու գլխավոր կետերը, որոնք ամփոփված են «Անհրաժեշտ պատմական հասկացություններ», «Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտություն. իրավական, քաղաքական եւ մարդասիրական հարթություններ» եւ «Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հասկացությունները» երեք մաս-բաժիններում։

Ընդսմին՝ անդրադարձ է կատարված նաեւ ներկայիս արհեստածին Ադրբեջանի կեղծապատիր, հայատյաց պատմությանը, նրա այլակերպ ու հեղհեղուկ ձեւավորման մանրամասներին, ծավալապաշտական նկրտումներին ու գործողություններին, քաղաքական-սատանայական ու տմարդի կեցվածքին։ Ինչպես նշված է աշխատության մեջ, ադրբեջանա-հայկական (Արցախյան) հակամարտության «սկիզբը» համարվում է 1918 թվականը։

«Արցախյան հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատության մեջ անդրադառնալով Արցախի ազատագրական շարժումների ակունքների խնդրականին՝ ամրագրված են, որ պատմական Հայաստանի 10-րդ նահանգը՝ Արցախը տակավին 5-6-րդ, 10-12-րդ եւ 16-19-րդ դարերում ոչ միայն պահպանում էր իր պետական անկախությունը, այլեւ զգալի դերակատարություն է ունեցել Կիլիկյան Հայաստանի կայացման եւ զարգացման գործում։ Ավելին՝ Արցախի եւ Հայաստանի թագավորները՝ Հասան Ջալալը եւ Հեթում Ա-ն դիվանագիտական բանակցությունների միջոցով մոնղոլական արշավանքից զերծ պահեցին Արցախը, Արեւելյան Հայաստանը եւ Արեւմտյան Հայաստանի մի մասը։ Այս համապատկերում հիշատակության արժանի է, ինչպես դա արձանագրված է աշխատության մեջ, հայ մելիքների, այսպես ասած, Ղարաբաղի խանության (1747-1822թթ.) առաքելական, պետականակերտ գործունեությունը։

Ինչպես հայտնի է, հայոց պատմության բոլոր հանգրվաններում թուրք ազերիները հետեւողական նպատակադրումներով պարբերաբար բռնաճնշումների, ասպատակությունների էին ենթարկում, զինված ընդհարումներ էին հրահրում հայության բոլոր հատվածներում։ Եվ այդ համատեքստում Արցախին վերաբերող փաստական հարուստ նյութը դնելով շրջանառության մեջ, աշխատության էջերում ճշմարիտ հասկացություններով, դիպուկ ձեւակերպումներով ու բնութագրումներով պատասխան է տրվում մի շարք խնդիրների, որոնք թեեւ համառոտագրված, բայց ամբողջացնում են Արցախի պատմությունը՝ ազատագրական պայքարի չընդհատվող ուղիների որոնման տրամաբանությամբ եւ լայն տարածության վրա։ Աշխատության մյուս կարեւոր շեշտը Հայոց ազատագրական պայքարի մեջ եղած քաղաքական կողմնորոշումների բացահայտումն էր եւ Ռուսաստանն այն առանցքն էր, որի շուրջը խմորվում էին հայության ճակատագրի փրկության իրական տեսլականները, թեեւ եվրոպական պետություններին ապավինելու խնդրականը եւս օրակարգային էր։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո 1921 թվականի հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, իսկ 1923 թվականին ձեւավորվեց ԼՂԻՄ, որն ուղղակիորեն Արցախը հանիրավի դարձվեց Ադրբեջանի կողմից թիրախավորված երկրամաս։

Ճիշտ է, Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միջազգայնացվեց, ներգրավվեցին եւ իրենց միջնորդություններն առաջարկեցին մի շարք երկրներ ու միջազգային կազմակերպություններ, որոնց թվում առավել ակտիվ էր ԵԱՀԿ-ն, բայց նա էլ ի դերեւ եղավ եւ շարունակվող պատերազմները, ներքին խժդժությունները, իշխանությունների կրավորական կեցվածքը, ժողովրդավարական սկզբունքներին, ազգային արժեքներին դավաճանելը, արտաքին քաղաքականության չգոյությունը պատճառ հանդիսացան Արցախի պարտության համար։ Անգամ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացները ի զորու չեղան խնդրի լուծմանը եւ այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Բայց, ինչպես ասում են՝ կյանքը շարունակվում է եւ հայկական պետականության վերականգնումը Արցախում պետք է դառնա Հայաստանի ու Սփյուռքի օրակարգային խնդիրը։ «Արցախյան հիմնախնդիրը եւ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատությունը, իրավամբ պատմագիտական, քաղաքագիտական եւ դիվանագիտական բանաձեւերի յուրահատուկ մի ժողովածու է, որը ուղեցույցի եւ շտեմարանի արժեք կարող է հանդիսանալ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների, բուհերի ուսանողների եւ զանգվածային լրատվական միջոցների համար՝ շարադրված իրազեկ հետազոտողի եւ ներշնչված հայրենասերի գրչով։

Գլխավոր այդ հասկացություններից, շերտերից բացի, կան բազմաթիվ ենթաշերտեր, հարցեր կան նաեւ, որոնք գիտական լուծում են ստացել աշխատության մեջ։ Գրքի հարուստ բովանդակությունը՝ հրահանգային նշանակությունը եւ արժեքային որակը, անշուշտ, հարուցում են օտարալեզու թարգմանության խնդիրը։

Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031