Նախկին իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ պատասխանել թուրքական իշխանությունների ցուցաբերած «սիրաշահողական» քայլերին
Երեւանն ու Անկարան հուլիսի 11-ին ՀՀ վարչապետի ու Թուրքիայի նախագահի միջեւ կայացած հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն տարածեցին։ Եթե մի պահ մոռանանք 44-օրյա պատերազմը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ այսօր վարվող քաղաքականությունը, սույն փաստն, իհարկե, կարելի էր նույնիսկ պատմական համարել, որպես իրադարձություն, որովհետեւ վերջին 30 տարիներին դիվանագիտական հարաբերություններ չունեցող ու փակ սահմանների պայմաններում հարեւան երկրների իշխանությունների կողմից սա առաջին քայլ էր:
Թե ում նախաձեռնությամբ է իրականացել հեռախոսազանգն, ինչպես երեւում է, կողմերը պայմանավորվել էին չհրապարակայնացնել այդ թեման, ինչը, թերեւս, վկայում է այն մասին, որ հեռախոսազանգի համար ընդամենը առիթ էր անհրաժեշտ եղել, եւ այդ հեռախոսազանգն, այսպես ասած՝ նախօրոք ծրագրված մեկնարկ էր արդեն իսկ խորացող գործընթացի մեջ:
Նախ՝ ՀՀ կառավարությունը, ապա՝ ժամեր անց նաեւ Թուրքիայի ԶԼՄ-ները տարածեցին վերոնշյալ հեռախոսազանգի վերաբերյալ մամլո հաղորդագրությունը: Եվ քանի որ Երեւանն ու Անկարան նույն հաղորդագրությունն էին տարածել, ուրեմն, վստահ կարող ենք արձանագրել, որ այն նախօրոք համաձայնեցված գործընթացի սկիզբ էր:
Կարդացեք նաև
Այսպես, Նիկոլ Փաշինյանն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Քուրբան Բայրամի եւ Վարդավառի տոների առթիվ, ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Նրանք հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Հիշեցենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաեւ ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։ Հայ եւ թուրք բանագնացների հանդիպումից օրեր անց՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր հայաստանյան գերատեսչություններին կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչվի։
Փաշինյան-Էրդողան առաջին հեռախոսազրույցը գործընթացի սկիզբ է, բայց դրանից ոգեւորվել չարժե՝ եթե հիմք ընդունենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից վարվող միասնական քաղաքականությունն ընդդեմ Հայաստանի:
Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի փաստին եւ առհասարակ, շնորհավորանքի թեմային, ապա նկատվում է, որ այդ իրադարձությունը համացանցում «թոհուբոհ» է առաջացրել: Հարկ է հիշեցնել, որ դա Հայաստան-Թուրքիա առաջին ժեստը չէ, Հայաստանի նախկին իշխանությունները եւս նմանօրինակ ժեստեր իրականացրել են, թեեւ հանուն արդարության պետք է արձանագրել, որ Հայաստանի դիրքերն այն ժամանակ լիովին այլ էին: Հայկական կողմը ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակած կողմ էր եւ Հայաստանի նախկին իշխանությունները կարող էին իրենց թույլ տալ, այսպես ասած՝ հանդես գալով ուժի դիրքերից, պատասխանել թուրքական իշխանությունների ցուցաբերած «սիրաշահողական» քայլերին:
Այսպես, նորանկախ Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1993թ. ապրիլին մասնակցել է նախագահ Օզալի հուղարկավորության արարողությանը: Հատված Թաթուլ Հակոբյանի՝ «Հայերը եւ թուրքերը» գրքից. «Հայաստան-Թուրքիա արձանագրության նախագծի եւ Երեւան-Անկարա հարաբերությունների շուրջ բանակցությունները շարունակվեցին մինչեւ 1993թ. գարուն: Հունվարի 31-ին վարչապետ Դեմիրելը փոխվարչապետ Ինոնյուի եւ արտգործնախարար Չեթինի ներկայությամբ ընդունեց Լիպարիտյանին ու Շահնազարյանին: Քննարկվում են Թուրքիայից հացահատիկի մատակարարումը շարունակելու, Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու, հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր: Հայ ներկայացուցիչների այցը հաջորդել էր Տեր-Պետրոսյանի եւ Դեմիրելի միջեւ հեռախոսազրույցին, որի ընթացքում Հայաստանի ղեկավարը դիմել էր մարդասիրական օգնություն ցույց տալու խնդրանքով: Հայ բանագնացների հետ հանդիպման ընթացքում Դեմիրելը հավաստիացրեց, որ Թուրքիան կվերսկսի եղանակային պայմանների պատճառով մոտ մեկ ամիս դադարեցված ցորենի մատակարարումը եւ չնայած Ադրբեջանի բուռն դժգոհությանը, իր երկիրը կթույլատրի 100 հազար տոննա ցորենի փոխադրումը Հայաստան: «Այս ընթացքում պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվում էր, կար իրական վտանգ, որ Թուրքիան կարող է մասնակցություն ունենալ ռազմական առումով, այսինքն` կար վտանգ, որ Ադրբեջանին ռազմական օգնությունից զատ, Թուրքիան ռազմական գործողությունների մեջ կներքաշվի»,- ասում է Դավիթ Շահնազարյանը»:
Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որն այցելել է Հայաստան՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն էր՝ «Ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում։ 2008թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն ընդունեց Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզին: Այս հանդիպմանը քննարկվեց Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երեւան նախատեսվող այցին: Օրեր անց Գյուլը ժամանեց Երեւան՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը մեկնեց Բուրսա եւ Գյուլի հետ դիտեց Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը: 2009թ. Սերժ Սարգսյանն ու այն ժամանակ վարչապետ Էրդողանը հանդիպել էին Դավոսում։ «Ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում՝ 2008-2010թթ., Հայաստան են այցելել նաեւ Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեդ Դավութօղլուն: Երեւան այցելած վերջին բարձրաստիճան թուրք պաշտոնյան Դավութօղլուն էր, որը 2012թ. դեկտեմբերին Հայաստանում մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների խորհրդաժողովին:
Ինչ վերաբերում է շնորհավորանքներին, նաեւ՝ ցավակցություններին, ապա այդ շարքը բավական հարուստ է:
Այսպես՝ 2003թ. մարտին Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեր Սեզերը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
2005թ. հայտնի դարձավ, որ Էրդողանն առաջարկել էր ստեղծել երկու երկրների պատմաբաններից եւ այլ փորձագետներից բաղկացած խումբ, որը կուսումնասիրի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ երրորդ երկրների արխիվները: Ահա, 2005թ. ապրիլի 26-ին հայաստանյան մամուլում հրապարակվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որում ասվում էր. «Հարգելի պարոն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես, որպես հարեւաններ մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ եւ ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից Երեւանն առաջարկել է հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները եւ երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջեւ:
Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում կան հարեւան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, ինչի վերաբերյալ տարակարծիք են, սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում ու այդ բոլորով հանդերձ զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը: Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր ու համապատասխան քաղաքական միջավայր:
Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին, ուստի մենք կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ: Ահա այս համատեքստում կարող է գումարվել միջկառավարական հանձնաժողով՝ քննարկելու երկու երկրների միջեւ առկա ցանկացած խնդիր, կամ բոլոր կարեւոր խնդիրները՝ նպատակ ունենալով լուծել դրանք ու հասնել փոխըմբռնման»:
2008թ. փետրվարին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ ընտրություններում նրա հաղթանակը կհանգեցնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։
2009թ. Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության՝ սեպտեմբերի 21-ի առիթով: Իսկ Սերժ Սարգսյանը Թուրքիայի ազգային տոնի առիթով ուղերձ է հղել թուրք գործընկերոջը:
2010թ. փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերություններում եկել է այն պահը, երբ անհրաժեշտ է վճռականություն դրսեւորել եւ մեծ քայլ անել։
2010թ. մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի արեւելյան նահանգներից մեկում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
2011թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ անկախության 20-ամյակի կապակցությամբ։
2012թ. հոկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է իր թուրք գործընկերոջը՝ Աբդուլլահ Գյուլին Հանրապետության օրվա առթիվ։
2013թ. փետրվարին Թուրքիայի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
2013թ. հոկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։
Այսպես, մինչեւ 2013-ը՝ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել իր թուրք գործընկեր՝ Աբդուլլահ Գյուլին, շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրության օրը` հոկտեմբերի 29-ը: Իր հերթին Գյուլն էլ՝ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի անկախության՝ սեպտեմբերի 21-ի առիթով:
2014թ. մայիսին նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի Մանիսա նահանգում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետեւանքով Թուրքիայի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:
2014թ. օգոստոսին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, որում նշել էր. «Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:
2015թ. հուլիսին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
2016թ. հունիսին նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի եւ հարյուրից ավելի վիրավորների պատճառ էր դարձել:
Այսպիսով, 2014թ. օգոստոսի իր վերջին շնորհավորանքից հետո Սերժ Սարգսյանը այլեւս շնորհավորական ուղերձներ չհղեց Էրդողանին, որովհետեւ դառնալով նախագահ, Էրդողանը այդ տարի չշնորհավորեց Հայաստանի անկախության տոնը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 13.07.2022