Վարչապետի հարցը մնաց օդում
Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, քննադատում էր Հանրապետականներին, որ աշխատող աղքատներ են պահում, աղքատությունը ձեռնտու է իրենց, որովհետեւ ընտրություններին կարողանում են մի քիչ փող «խաղացնելով»՝ կառավարել: Երեկ «Առավոտը» Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարցրեց՝ հիմա ձեր իշխանությունը ինչո՞վ է տարբերվում այդ առումով նախկիններից, ձեր օրոք աղքատները հարստացել, դարձել են միլիոնատերե՞ր: Նախարարը պատասխանց, որ աղքատների միանգամից հարստանալու հնարավորությունների մասին հարցնելը ճիշտ չէ. «Լավ կլիներ, որ մեր երկիրը այնքան մեծ հնարավորություններ ունենար, լիներ Սինգապուր, լիներ Շվեյցարիա ու բոլոր խնդիրները միանգամից լուծեր: Չէ, դուք դիտարկեք, թե մենք 2018-ից հետո նույն աղքատության կրճատման ուղությամբ, նրանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ ինչ ենք իրականացրել ու առհասարակ սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների ու ծրագրերի իրականացման մասին ասեք: Օրինակ, ինչո՞ւ չեք խոսում, որ վերջերս կառավարության նիստում քննարկվեց աշխատող ու չաշխատող մայրերին երեխայի խնամքի նպաստ տրամադրելու մասին: Մենք նպաստում ենք, որ մարդիկ դուրս գան աշխատանքի, դա վերաբերում է ժողովրդագրությանը ու այն մայրերին, որոնք ունեն ֆինանսական խնդիրներ: Հիմա մենք վերանայում ենք մեր զբաղվածության ծրագրերը, դուրս ենք գալիս իներցիոն տրամաբանությունից ու փորձում ենք հնարավորինս մեծ շրջանակ վերցնել ու ավելի արդյունավետ ծրագրեր իրականացնել: Մենք ունենք անապահովության գնահատման նոր համակարգ, որը պետք է ներդնենք 2023 թվականին ու այդ համակարգը բոորովին այլ կերպ է գնահատելու: Մենք հնարավորություն ենք տալու մարդուն մրցունակությունը բարձրացնել, մարդը ավելի մրցունակ է դառնալու, իր հմտությունը զարգացնելով՝ կապելու ենք աշխատանքին ու զբաղվածությանը ու գնալու է իր բարեկեցության հետեւից»:
Ճշտեցինք՝ այսինքն, ոչ թե աղքատությունն եք կրճատելու, այլ մեթոդն եք փոխելու աղքատներին հաշվելու ու կարո՞ղ է հետո պարզվի, որ մեր երկրում աղքատ չկա՝ նախարարը պատասխանեց. «Ճիշտ վարչարարություն պետք է իրականացվի: Ես չեմ բացառում, որ անապահովության համակարգում լինեն մարդիկ, որոնք իրականում ստվերում են, սա էլ պետք է հաշվի առնենք: Պետք է ընտանիքի կարիքը գնահատող հիբրիդային նոր մեխանիզմներ ներդնենք: Կարծում եմ, օգոստոս ամսին մենք այդ մեխանիզմները կներդնենք: Մենք պետք է մարդուն տանք տեսլական, տանք հնարավորություն, որ ինքնիրացման միջոցով, նաեւ աշխատանքի, զբաղվածության, ինքն իր հնարավորությունը բացահայտելու միջոցով կարողանա իր բարեկեցությունն ապահովել»:
Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր արել եւ հարց ուղղել քաղաքացիներին. «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավելի դրամի չափով վարկ է փակում, ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ եւ 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն: Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ: Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե ոչ»:
Կարդացեք նաև
Նրան երկրորդելով՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանն ասել էր, որ բացահայտել են. «Ունենք նույնիսկ 1 մլն դրամ վարկ մուծող քաղաքացի, որը նպաստառու է: 6 մարդ 1 մլն դրամ վարկ է մուծում՝ ամսական»:
Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ այդ բացահայտումների գործընթացը շարունակվո՞ւմ է ու քանի՞ մարդ է միլիոնների վարկ փակում՝ նպաստառուների ցուցակում ընդգրկված լինելով: Նա պատասխանեց, որ շատ լավ տեղյակ է այդ խնդրին, դրա համար անապահովության գնահատման նոր համակարգ են ներդնում, որը կտա այդ բոլոր հարցերի պատասխանները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.07.2022