«Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածի եւ ՍԴ 98-րդ հոդվածի, նախատեսված է, որ եթե պատգամավորներն անհարգալի պատճառով մեկ կիսամյակային տարվա ընթացքում չեն մասնակցում քվեարկությունների կեսից ավելիին, ապա ԱԺ խորհուրդն իրավունք ունի դիմելու ՍԴ՝ կոնկրետ այդ պատգամավորներին զրկելու մանդատից։ Սա բացառիկ դեպք է, եւ բացառապես այն պատգամավորների համար, ովքեր ընտրվել են եւ առհասարակ չեն զբաղվում պատգամավորական, քաղաքական գործունեությամբ եւ ավելորդ պատգամավորական մանդատ են զբաղեցնում։
Բայց այն, ինչ հիմա անում է իշխող խմբակցությունը, այս բացառիկ մասնավոր դեպքի հետ որեւէ կապ չունի եւ իրենք իրականացնում են քաղաքական ակցիա, քաղաքական ներազդեցություն՝ լռեցնելու իրենց ընդդիմախոսներին»,-այս մասին այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն՝ անդրադառնալով ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությանը՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու։
Վաղը նախատեսված է ԱԺ Խորհրդի նիստում քննարկել այս հարցը։
Ղազարյանի խոսքով՝ կարեւոր է, թե որքանով են լեգիտիմ այն մարմինները, որոնք պետք է կայացնեն այս որոշումները․« Այս պահին այնպիսի իրավիճակում ենք , որ ՀՀ ԱԺ–ն այլեւս լեգիտիմ սահմանադրական մարմին չի հանդիսանում, որովհետեւ ԱԺ գործունեությունը կանոնակարգվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով, որտեղ սահմանված է, որ ԱԺ- ում որոշ պաշտոններ, ըստ Դոնթի բանաձեւի, պետք է իրավունքի ուժով զբաղեցնեն բացառապես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները»։
Կարդացեք նաև
Նա հիշեցրեց՝ ԱԺ խորհրդում այլեւս ընդգրկված չեն Իշխան Սաղաթելյանը, Արմեն Գեւորգյանն ու Վահե Հակոբյանը, որոնք, ըստ Ղազարյանի, ոչ օրինական ճանապարհով են զրկվել իրենց պաշտոններից․«Հետեւաբար, հարց է առաջանում, թե որքանով օրինական պետք է լինի նրանց դիմումը, որը ներկայացնելու են ՍԴ։ Եթե նրանք որոշում կայացնեն եւ դիմեն, պետք է որ ՍԴ-ն այս հարցին հատուկ ուշադրություն դարձնի։ Կարեւոր է նաեւ, թե որ մարմնին են պատրաստվում դիմել։ Նրանք պատրաստվում են դիմել մի Սահմանադրական դատարան, որն ինքնին ունի լեգիտիմության լուրջ պակաս»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ