Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտվել է Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության եւ լսված լինելու իրավունքը. Սերգեյ Չիչոյանի, Մեսրոպ Մակյանի եւ Անի Մխիթարյանի հատուկ կարծիքները

Հուլիս 13,2022 20:55

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի, ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանի եւ Անի Մխիթարյանի կարծիքով, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ արդար դատաքննություն չի իրականացվել, խախտվել է նրա լսված լինելու իրավունքը: Հիշեցնենք, ԲԴԽ երեք գիտնական անդամների՝ Գրիգոր Բեքմեզյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Դավիթ Խաչատուրյանի կողմից նախաձեռնված կարգապահական վարույթի հիման վրա օրերս դադարեցվեցին ավելի վաղ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները:

ԲԴԽ երեք անդամներ՝ Սերգեյ Չիչոյանը, Մեսրոպ Մակյանը եւ ԲԴԽ դատավոր անդամներից Անի Մխիթարյանը չէին համաձայնել ԲԴԽ որոշման հետ եւ հատուկ կարծիքներ էին գրել: Անի Մխիթարյանը նաեւ դեմ էր քվեարկել: Հիշեցնենք նաեւ, որ Սերգեյ Չիչոյանն այժմ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Անի Մխիթարյանի արձանագրմամբ, ԲԴԽ խորհուրդը նաեւ չի ապահովել անձի՝ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հանդես գալու իրավունքը, դատաքննության կողմերի իրավահավասարության սկզբունքը, մրցակցային դատավարության սկզբունքը, քանի որ վերջնական որոշումը կայացվել է դատավարության միայն մեկ կողմին լսելու պայմաններում։ Այսպիսով, ըստ Անի Մխիթարյանի, հնարավորություն չի ստեղծվել, որպեսզի ԲԴԽ-ն օբյեկտիվ ու անաչառ որոշում կայացնի:

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման առիթը դարձել է լրատվամիջոցներից մեկում հրապարակված հարցազրույցը: Այդ հարցազրույցում Ռուբեն Վարդազարյանն անդրադարձել է Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի վերաբերյալ ՍԴ որոշմանը: ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննել է առանց նրա եւ նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանի մասնակցության: Արամ Օրբելյանը նշել էր, որ չի կարող ներկա գտնվել նիստին, քանի որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստերին եւ միջնորդել է կարգապահական վարույթը կարճել: Իր այդ միջնորդությունը մերժելու պարագայում էլ միջնորդել էր հետաձգել դատական նիստը։ Վարույթի քննության ընթացքում, Անի Մխիթարյանը եւս միջնորդել էր՝ հետաձգել դատական նիստը, որին միացել են նաեւ Սերգեյ Չիչոյանը եւ Մեսրոպ Մակյանը, որպեսզի հնարավորություն ստեղծվի Ռուբեն Վարդազարյանի դիրքորոշումը եւս լսելու։ Խորհուրդը, սակայն, առանց կողմի մասնակցության ավարտել էր գործի քննությունը, հեռացել խորհրդակցական սենյակ: Հունիսի 23-ին՝ Վարդազարյանի կողմից իր եւ Գագիկ Ջհանգիրյանի զրույցի աղմկահարույց ձայնագրության հրապարակումից երկու օր անց, հրապարակվեց նաեւ Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը:

Իրենց հատուկ կարծիքում, Սերգեյ Չիչոյանը եւ Մեսրոպ Մակյանը արձանագրել են, որ ԲԴԽ Խորհրդի անդամները զրկվել են Ռուբեն Վարդազարյանին հարցեր ուղղելու, հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ պահանջելու, վկաներ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու հնարավորությունից։ Այդ նիստին իր՝ Ռուբեն Վարազդատյանի չներկայանալը ԲԴԽ խորհուրդը որակել է «իրավունքներից հրաժարվել», մինչդեռ հատուկ կարծիք ունեցող դատավորներն արձանագրել են, «Վարդազարյանի համար իր վարքագծի նման հետեւանքները կանխատեսելի չէին կարող լինել, քանի որ վերջինս ի սկզբանե հանդես է եկել ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի միջոցով, որն իրացրել է իր իրավունքներն ամբողջ ծավալով» եւ երբ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել Խորհրդի նիստը հետաձգելու վերաբերյալ՝ դրա հիմքում դնելով հիմնավոր պատճառ, «Վարդազարյանը չէր կարող ողջամտորեն ենթադրել, որ իր եւ իր ներկայացուցչի բացակայությունը կարող էր առաջացնել նման հետեւանքներ եւ կանխատեսեր դրանք: Բացի այդ, եթե դատավորն ունի ներկայացուցիչ, ենթադրվում է, որ այն նպատակ է հետապնդում նաեւ Խորհրդի նիստերին՝ իր ներկայացուցչության ապահովումը վերջինիս միջոցով, ինչը պակաս կարևոր չէ»։

Սերգեյ Չիչոյանի եւ Մեսրոպ Մակյանն գնահատմամբ, նաեւ անհամաչափ են գնահատել եւ իրենց անհամաձայնությունն են հայտնել կիրառված կարգապահական տույժի առնչությամբ: Նրանք գտնում են, որ Վարդազարյանի նկատմամբ պետք է կիրառվեր խախտմանը համաչափ՝ ավելի մեղմ պատասխանատվության միջոց՝ նկատողություն, քանի որ դրա կիրառմամբ հնարավոր էր հասնել օրենքով ամրագրված իրավաչափ նպատակներին։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031