Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև հուլիսի 13-ին ստորագրվեց Փոխընբռնման հուշագիր՝ ուղղված կինոոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։ Հայկական կողմից հուշագիրը վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխպրեզիդենտ Յաթեշ Վենկաթեշը։
Սույն հուշագրով, կողմերը կիրականացնեն մասնագիտական խմբերի փոխանակումներ՝ կինոարվեստի ոլորտում, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը երկու երկրների միջև:
Ըստ Հուշագրի, կողմերի հնարավորությունների սահմաններում, յուրաքանչյուրն իր երկրում կաջակցի մյուս կողմի կինեմատոգրաֆիական արտադրանքի ներկայացմանն ու արժևորմանը: Փոխադարձ համաձայնությամբ երկու երկրները կկազմակերպեն կինոարվեստին վերաբերող ֆորումներ՝ օնլայն կամ օֆլայն եղանակով, որին կմասնակցեն կինոոլորտով հետքրքրվող անձինք, այդ թվում՝ կինոգործիչները:
Հուշագրի կողմերը՝ հայ և հնդիկ մասնագետները կդիտարկեն նաև Հայաստանում ոչ ֆորմալ կրթության՝ ՀՆԴԿԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻ հիմնադրման հնարավորությունները: Այս պահին հնդկական կողմը փորձում է ընտրել հիմնադրվելիք ակադեմիայի հնարավոր տարածքը (Դիլիջան, Երևան)։
Կարդացեք նաև
Հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ժամանակակից արվեստի վարչության պատասխանատու Սվետլանա Սահակյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դան Դեվալը, Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը, հնդիկ պրոդյուսերներ և այլք։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վստահեցրեց, որ այս փոքրածավալ հայ-հնդկական հուշագիրը մեծ գործի սկիզբն է, քանի որ ցանկացած գործ սկսվում է փոքր քայլերից, հետևաբար հեռանկարում այս հուշագիրը կվերաճի մեծ ու արդյունավետ պայմանագրի։
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դան Դեվալը ուրախությամբ արձանագրեց հուշագրի ստորագրման կարևորությունը՝ հիշատակելով հայ-հնդկական բարեկամությունն ու դարավոր ամուր կապերը։ Հնդիկ դիվանագետը համոզված է, որ այս ձեռնարկը շուտով կհիշեցնի իր մասին՝ արձանագրելով մեծածավալ աշխատանքներ և հաջողություններ։
Հայաստանի ազգային կինոկենտրոն