Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 13-ին ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում զբոսաշրջային ոլորտի կայուն զարգացման և համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ:
Արտակ Բեգլարյանը ողջունել է ներկաների այցը Արցախ, նշել, որ հատկապես պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել խթանել դեպի Արցախ այցելությունները:
«Թեև պատերազմի հետևանքով սահմանափակվել է զբոսաշրջային վայրերի աշխարհագրությունը և որոշակի անվտանգային հարցեր են առաջացել, սակայն Արցախը մնում է զբոսաշրջային գրավիչ ուղղություն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, բնության հուշարձաններով ու տարաբնույթ ակտիվություններով: Այս պայմաններում հատկապես հայերի կողմից Արցախ այցելությունները մեզ համար ոչ միայն սոցիալ-տնտեսական նշանակություն ունեն, այլև՝ մշակութային, համազգային միասնականության, ինչու չէ նաև քաղաքական: Այդ տեսանկյունից կառավարությունը պատրաստ է հնարավորինս համագործակցել դաշտի բոլոր դերակատարների հետ՝ ըստ կարիքի շտկումներ իրականացնելով պետական քաղաքականության մեջ»,- ասել է պետական նախարարը:
Կարդացեք նաև
Մ. Ապրեսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել ֆեդերացիայի գործառույթներն ու ծրագրերը զբոսաշրջային ոլորտում, ընդգծել, որ իրենք պատրաստ են առավելագույն ջանքեր ներդնել Արցախում զբոսաշրջության դաշտի վերականգնման ու զարգացման համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել զբոսաշրջության բնագավառում պետական մարմինների և մասնավոր հատվածի համագործակցությունը, աշխատել հանրության շրջանում Արցախի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող տեղեկատվության տարածման, ինչպես նաև պետական ոլորտային քաղաքականության բարելավման շուրջ:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին