Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարմանալի է, որ ՀՌՀ նախագահը միանգամից վստահ ասում է, որ դադարեցնելու է լիցենզիան»․ Վահե Գրիգորյան

Հուլիս 13,2022 20:03

Հուլիսի 7-ին հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) որոշեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր․ «Եթե այդպիսի հայհոյանք հնչի երկրորդ անգամ, ես՝ որպես հանձնաժողովի անդամ, ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեր հեռուստաընկերության գործունեությունը ժամանակավոր կասեցվի»։ Հիշեցնենք՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն Aravot.am -ի հետ զրույցում ասել էր՝ «ՀՌՀ նախագահի վերջին ամփոփիչ ելույթի ժամանակ հնչածը ոչ թե նախազգուշացում, այլ սպառնալիք կանվանեի»։

ՀՌՀ որոշումը բողոքարկվել է վարչական կարգով։ Սահմանադրագետ, այս գործով «Հուսաբեր» ՓԲԸ լիազոր ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, կայացնելով վարչական տույժ նշանակելու մասին որոշում, խախտել էր հեռարձակողի իրավունքները։

Առաջին խախտումը կայանում է նրանում, որ մեղքի բացակայության պայմաններում պատասխանատվություն է նախատեսվել։ Երկու դրվագի մասին է խոսքը՝ հեռուստասերիալի եւ ուղիղ եթերում հնչած հայհոյանքի։ Ըստ ՀՌՀ-ի՝ հեռարձակողը հայհոյանք էր հեռարձակել, մինչդեռ  ուղիղ եթերում հնչած հայհոյանքը չէր կարող կանխատեսելի լինել հեռարձակողի կողմից, քանի որ խոսքն ուղիղ եթերի մասին է։ Օբյեկտիվ իրականությունում հեռարձակողը հնարավորություն չի ունեցել կանխելու այն։ Բացի այդ, ուղիղ եթերում հայհոյանք հնչեցնողներից մեկը ոստիկան է։ Շատ տարօրինակ է, որ պետական մեկ մարմին մյուս պետական մարմնի ներկայացուցչի հնչեցրած հայհոյանքի հիմքով փորձում է կասեցնել հեռուստատեսության գործունեությունը կամ սահմանափակել նրա իրավունքներն ու պարտականությունները»։

Ինչ վերաբերում է հեռուստասերիալին, ապա Վահե Գրիգորյանի խոսքով․ «Հեռարձակողի հեռարձակման դեպքում իբր առկա էին եղել հայհոյանքներ, մինչդեռ հեռարձակողը պնդել եւ ապացուցել էր, որ իր հեռարձակած տարբերակում հայհոյանքներ չեն հնչել։ Գուցե դա ինտերնետ տիրույթում  հանդիպած տարբերակ է եղել։ Սակայն խախտելով հեռարձակողի՝ լսված լինելու իրավունքը, ՀՌՀ ղեկավարը հայտարարեց տուգանելու մասին՝ «մենք կտուգանենք, գուք գնացեք բողոքեք»․․․սրանով արդեն իսկ ակնհայտ էր, որ ՀՌՀ-ն վարչական լսում իրականացրեց վարչարարության ձեւական կողմի ապահովման նպատակով։ Ակնհայտ է, որ վարչարարություն իրականացնողի կողմից այսպես խախտվում է հեռուստաընկերության՝ լսված լինելու իրավունքը։ Այլ հանգամանքներ էլ կան, որոնք հիմնավորված ներկայացրել ենք հայցադիմումի մեջ։ Հույս ունենք, որ վարչական դատարանը կմնա արդարադատության բարձունքում եւ կվերացնի այդ ոչ իրավաչափ, ապօրինի որոշումը»։

Ինչ վերաբերում է Տիգրան Հակոբյանի վերոնշյալ հայտարարությանը՝ «Եթե այդպիսի հայհոյանք հնչի երկրորդ անգամ, ես՝ որպես հանձնաժողովի անդամ, ամեն ինչ կանեմ, որպեսզի ձեր հեռուստաընկերության գործունեությունը ժամանակավոր կասեցվի», Վահե Գրիգորյանը նշեց․ «Նախ, հեռարձակողը, ինչպես ասացի, հայհոյանք չի հեռարձակել։ Ուղիղ եթերի պարագայում դա չի կարող համարվել դիտավորությամբ արված արարք, քանի որ հեռարձակողը կանխատեսելու եւ կանխելու հնարավորություն չուներ։ Եվ, զարմանալի է, որ սահմանադրական մարմին հանդիսացող ՀՌՀ-ի նախագահը, առանց տեղյակ լինելու, որ հանձնաժողովում որոշումները կայացվում են կոլեգիալ սկզբունքով, միանգամից վստահ ասում է, որ դադարեցնելու է լիցենզիան։ Ցանկալի է, որ նա ծանոթ լիներ գոնե այն նորմատիվ-իրավական ակտերին, որոնց հիման վրա հանձնաժողովը գործում է։ Որպես տվյալ գործով հեռարձակողի՝ կամավորության հիմունքներով ներկայացուցիչ, միանշանակ հասնելու եմ նրան, որ հեռարձակողի բոլոր իրավունքները լինեն պաշտպանված եւ երաշխավորված, եւ ցանկացած ոչ իրավաչափ նորմատիվ-իրավական ակտ, որը կկայացվի նրա հանդեպ, անվավեր ճանաչվի սահմանադրության եւ օրենքների ուժով»։

ՀՌՀ որոշման հետ կապված Տիգրան Հակոբյանի պարզաբանումները՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031