Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Քոքոբելյանը՝ 50 հազար դրամով ՀԷԿ գնելու մասին

Հուլիս 13,2022 19:45

«Արգիշտի-2» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Յուրի Քոքոբելյանն այսօր արձագանքել է Մարց գետի վրա գործող հիդրոկայանը 50 հազար դրամով գնելու մասին աղմկահարույց հոդվածին։ Ըստ Քոքոբելյանի հայտարարության, ՀԷԿ-ը ունեցել է խնդիրներ վարկային պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված, բացի այդ տեխնիկական ինչ-ինչ պատճառներով աշխատել է ոչ իր ամբողջ դրվածքային հզորությամբ։

«Բանկի, ՀԷԿ-ի նախկին սեփականատիրոջ եւ Յուրի Քոքոբելյանի միջեւ եռակողմ համաձայնությամբ տեղի է ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի գործարք, որի ընդհանուր արժեքը կազմել է 2,300,000 ԱՄՆ դոլար + 50,000 ՀՀ դրամ, որտեղ 2,300,000 ԱՄՆ դոլարը ՍՊԸ-ի նախկին սեփականատիրոջ կողմից բանկի նկատմամբ չկատարված վարկային պարտավորությունն է, իսկ 50 հազարը՝ բաժնեմասի անվանական արժեքը»,-գրված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանը գրել էր՝ Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50 հազար դրամի դիմաց են վաճառել Մարց գետի վրա գործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել վարչապետ Փաշինյանի եղբայրը։

«Կասկածահարույց գործարքը կնքվել է Դարբինյան եղբայրների ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի 20-ամյա եղբորորդու՝ Յուրի Քոքոբելյանի միջև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ։ Պետական ռեգիստրի տվյալներով` վաճառքի օրն իսկ ընկերության տնօրեն է դարձել վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որ բնակվել է Ռուսաստանում և Հայաստան է վերադարձել 2018-ի հեղափոխությունից հետո։ «Ազատության» գրավոր հարցումից հետո պետական ռեգիստրը տրամադրել է մեկուկես էջանոց առուվաճառքի պայմանագիրը, որում նշված է. «Վաճառողներն իրենց պատկանող 100 տոկոս բաժնեմասերը վաճառում են գնորդին սեփականության իրավունքով։ Բաժնեմասերի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ սահմանվում է 50 հազար դրամ»,-գրել էր ռադիոկայանը։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր՝ Արմեն Փաշինյանի՝ այս ընկերությունում տնօրեն նշանակվելուն, ապա Քոքոբելյանը պարզաբանել է․ «Ընկերության տնօրեն հանդիսացող Արմեն Փաշինյանը որեւէ կապ եւ առնչություն չի ունեցել ՀԷԿ-ի առուվաճառքի հետ, վերջինս պարզապես ընկերության տնօրենն է եւ իրականացնում է իմ՝ Ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատիրոջ կողմից իրեն վերապահած գործառույթները»:

Թե ինչո՞ւ է հենց Արմեն Փաշինյանին նշանակել տնօրեն, երբ է նշանակել, Քոքոբելյանը չի մանրամասնել։

 Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031