Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է գրանցել, որ այսպիսի բան դեռ չի եղել… Հասկանալի է, չէ՞, որ ռեալ առաջընթաց չկա, զուտ իմիջային հայտարարություններ են». Թուրքագետը՝ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի մասին

Հուլիս 13,2022 19:15

«Մի հեռախոսազրույցի վերաբերյալ հեռուն գնացող եզրակացություններ անելը դժվար է, բայց կարելի է գրանցել, որ այսպիսի բան դեռ չի եղել, որ ներքին տոների առիթով լինեն շնորհավորանքներ: Սա առաջին դեպքն էր, երբ ներքին ժողովրդական, ոչ պաշտոնական տոների առիթով երկու երկրների ղեկավարները հեռախոսային զրույց են ունենում եւ միմյանց շնորհավորում են»,- Aravot.am-ի հետ զրույցում Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի, հայ-թուրքական գործընթացում վերջին իրադարձությունների մասին խոսելով՝ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ պաշտոնական հաղորդագրություններից զատ այլ մանրամասներ հանրությունը չունի ու միայն կարող են եզրակացնել, որ երկու երկրների ղեկավարները դրանով փորձ են անում ցուցադրել ինչ-որ դրական տեղաշարժեր. «Իրականում առայժմ ռեալ քայլեր չենք տեսնում: Քանի որ բանակցությունները փակ են, մանրամասները չկան, մենք չենք տեսնում ռեալ տեղաշարժեր հայ-թուրքական հարաբերություններում: Նույնիսկ հուլիսի 1-ի հանդիպումը, որը տեղի ունեցավ, փաստորեն, Հայաստանին առանձնապես բան չտվեց:

Մենք տեսանք, որ հայկական կողմի առաջարկը՝ սահմանը բացել գոնե դիվանագիտական անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների համար չիրականացավ: Հայտարարեցին, որ սահմանը մոտալուտ ժամանակներում կբացվի երրորդ երկրի քաղաքացիների համար կամ օդային բեռնափոխադրումների համար, որը նույնպես Հայաստանին առանձնապես բան չի տալու, որովհետեւ նախ մենք մեծ առեւտուր չունենք Թուրքիայի հետ, մանավանդ՝ այս վերջին արգելքներից հետո, երկրորդը՝ օդային բեռնափոխադրումները բոլորովին չեն նպաստում Հայաստանի տնտեսական զարգացմանը: Հասկանալի է, չէ՞, որ ռեալ առաջընթաց չկա: Ստացվում է, որ ռեալ քայլերի փոխարեն մենք տեսնում ենք զուտ իմիջային բնույթի հայտարարություններ»:

Հարցին՝ ի՞նչ քայլեր կարելի էր ակնկալել, որ դրանից եզրակացնենք՝ ռեալ առաջընթաց կա հարաբերություններում, օրինակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատո՞ւմ՝ Անուշ Հովհաննիսյանը պատասխանեց. «Թուրքիան Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է անկախացումից հետո, բայց դիվանագիտական հարաբերությունների ճանաչումը պայմանավորել է սկզբից եւեթ որոշակի նախապայմաններով, որոնց մասին շատ ենք խոսել:

Ըստ էության  սա որերորդ  փորձն է հարաբերություններ հաստատել Հայաստան-Թուրքիա, ընդ որում, այդ թվում Թուրքիան հայտարարում է, որ առանց նախապայմանների է փորձում դա անել, մինչդեռ, եթե բերում ենք գոնե բաց աղբյուրներով մեզ հասած տեղեկությունները, իրականում, թեեւ հայտարարում են, որ նախապայմաններ չկան, բայց նախապայմանները այսպես թե այնպես նշմարվում են: Օրինակ, հայտարարում են, որ առանց Ադրբեջանի համաձայնության որեւէ քայլ Թուրքիան չի ձեռնարկի, օդի մեջ է նորից մնում Զանգեզուրի միջանցքի խնդիրը, թեեւ հայկական կողմն ասում է, որ ոչ մի միջանցքի մասին խոսակցություն չկա: Իրականում դա պահանջներից մեկն է Թուրքիայի: Այսինքն, որեւէ ռեալ քայլ Թուրքիայի կողմից, որը թույլ կտա, որ Թուրքիան պատրաստակամ է ինչ-որ քայլ անել հօգուտ Հայաստանի, առայժմ մենք չենք տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031