Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհմինե Ենոքյանի անվտանգության ապահովում և գործի արդյունավետ քննություն. ՀԿ-ների հայտարարությունը

Հուլիս 13,2022 18:40

ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին

ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնավարումն ավարտող Արթուր Դավթյանին և նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին

 

ԴԻՄՈՒՄ – ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հուլիսի 12-ին լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է գրել այն մասին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի ուղղությամբ գիշերվա ժամերին հրազենից կրակոցներ են արձակվել, իսկ ավելի վաղ՝ 2022 թ․ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը, հրկիզվել էր իր բնակարանի դուռը։ Հրազենային երկու հարձակումների ժամանակ էլ Թեհմինեն և իր հետ բնակվող մայրը գտնվել են բնակարանում, և արձակված գնդակները նրանց չեն դիպել միայն երջանիկ պատահականությամբ։ Թեհմինե Ենոքյանի, ինչպես նաև նրա մոր կյանքն ու անձնական անձեռնմխելիությունը տևական ժամանակ է, ինչ սպառնալիքի տակ են, մինչդեռ ՀՀ ոստիկանությունը չի իրականացնում անձանց պաշտպանելու և հանցագործությունը արագ ու պատշաճ քննելու և ավելի ծանր հանցագործությունները կանխարգելելու իր գործառույթը։ Տարակուսելի է հատկապես այն փաստը, որ ռազմական օբյեկտի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքի ուղղությամբ հրազենային կրակոցի արձակումը չի բացահայտվել առաջին անգամից հետո և փաստացի չի կանխարգելվել երկրորդ անգամ։

ՀՀ գլխավոր դատախազությունից, ոստիկանությունից և քննչական կոմիտեից պահանջում ենք անհապաղ ապահովել Թեհմինե Ենոքյանի և նրա հետ բնակվող հարազատների անվտանգությունը՝ հրատապ կարգով իրականացնելով օպերատիվ գործողություններ՝ հայտնաբերելու և մեկուսացնելու մահափորձ և ահաբեկում իրականացնող հանցագործ(ներ)ին և հնարավոր պատվիրատուներին, ինչի համար իրավապահ մարմինները պարտավոր են պատշաճ, այն է՝ կյանքին ու առողջությանը ծանր վնաս հասցնելու փորձի որակում տալ նախաքննության փուլում գտնվող գործին, այլ ոչ թե գործը քննել «գույքի վնասման» կանխավարկածով։ Պահանջում ենք դիտարկել տուժած անձի՝ Թեհմինե Ենոքյանի ներկայացրած բոլոր կասկածներն ու նախկինում Ոստիկանություն ներկայացրած ու պատշաճորեն չքննված բողոքները, որոնք կարող ենք նույն հանցավոր շղթայի մաս կազմած լինել։

Պահանջում ենք նաև իրականացնել ներքին կարգապահական քննություն, թե ինչու նման աղաղակող սպառնալիքի դեպքում գործը քննող քննիչները նախաքննությունը չեն իրականացրել կյանքի դեմ իրականացված հանցագործության կանխավարկածով և ինչու չեն կանխել հրազենային հարձակման երկրորդ փորձը, երբ մարտ ամսին հրկիզվել էր նույն բնակարանի դուռը։

Դիմում ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր մանդատի հնարավորինս լայն շրջանակներում այս դեպքը պահել ուշադրության կենտրոնում և պատասխանատու մարմիններից պահանջել Թեհմինե Ենոքյանի անվտանգության ապահովում և գործի արդյունավետ քննություն, այդ թվում՝ անգործություն դրսևորած պաշտոնյաների պատասխանատվության ենթարկում։

Թեհմինե Ենոքյանի և նրա մոր կյանքի նկատմամբ հանցավոր արարքների շարժառիթները կարող են պայմանավորված լինել ինչպես Թեհմինե Ենոքյանի հասարակական-բնապահպանական գործունեությամբ, այնպես էլ դրդված լինել անձնական և գենդերային հիմքով։ Հատկապես մտահոգիչ է, որ Հայաստանում գենդերային հիմքով կանանց հետապնդումների ու սպանությունների ամոթալի բարձր թվի ֆոնին ՀՀ իրավապահ մարմինները շարունակում են անպատասխանատու կերպով թույլ տալ, որ հասարակական-մասնագիտական ակտիվություն դրսևորող կնոջ կյանքի նկատմամբ սպառնալիքները շարունակվեն և չկանխվեն, նույնիսկ այն դեպքում, որ տուժող Թեհմինե Ենոքյանն առկա գործով և նախկինում պատշաճորեն չքննված՝ հրկիզման գործով քննիչներին ներկայացրել է իրեն ենթադրաբար հետապնդողի մասին իր կասկածները։

 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Սպիտակի հելսինկյան խումբ» ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ

«Իրավունքի ուժ» ՀԿ

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

ՕքսԵՋեն հիմնադրամ

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031