Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրա համար են Չավուշօղլուն, Բայրամովն ատում ընդդիմությանը, հրապարակավ «կպնում» ու պաշտպանում Նիկոլին»․ Աշոտյան

Հուլիս 13,2022 17:30

«Ինչո՞ւ են նորից կախվել ընդդիմությունից։ Ընդդիմությունն այս ընթացքում սխալներով հանդերձ կայացրել է մի փաստ, որն արձանագրվում է նաեւ թշնամիների եւ միջազգային գործընկերների կողմից, այն է՝ ՀՀ-ում կա խորքային քաղաքական ճգնաժամ։ Տասնյակ հազարավոր մարդկանց աջակցությամբ ամրագրված ընդդիմության օրակարգը մնացել է Նիկոլի բկին եւ նրան սպասարկողների, նրա աշխարհաքաղաքական տերերի բկին։ Ուստի ընդդիմությանը չեն սիրում, որովհետեւ քաղաքական ճգնաժամի հիմքում Նիկոլի դելեգիտիմացումն է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ իշխանական խմբակցությունը որոշել է ՍԴ դիմելու ճանապարհով ընդդիմադիր պատգամավորներին զրկել մանդատից։ Մանդատներից հրաժարման մասին Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունը՝ այստեղ։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ հիմա փորձ է արվում Նիկոլ Փաշինյանին նորից լեգիտիմացնելու, իսկ դրա համար պետք է ընդդիմությանը նեղը գցեն, մղեն դեպի խորհրդարան, որպեսզի ընդդիմությունն աշխատի այնպես, կարծես երկրում ոչ մի բան էլ չի պատահել․ «Քարոզչական ճանապարհով, ԱԺ խորհրդի նիստում դրված հարցով ուզում են նեղը գցել ընդդիմությանը։ Իրենց կարճ խելքով՝ ընդդիմությանը պետք է տանեն խորհրդարան, որ Նիկոլի լեգիտիմության ճգնաժամը լուծվի։ Ընդդիմության օրակարգը հարցականի տակ է դնում Նիկոլի քաղաքական որոշումների լեգիտիմությունն, այդ թվում՝ դրսի աչքերում։ Դրա համար են Չավուշօղլուն, Բայրամովը եւ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ ատում ընդդիմությանը, հրապարակավ «կպնում» ու պաշտպանում Նիկոլին։ Ուզում են սպառնալ մանդատների կորստով, որ վերադառնան խորհրդարան, որտեղ ընթացիկ քննարկումներ են հարկային օրենսգրքի կամ կենտրոնական բանկի հաշվետվության մասին։ Իբր ոչ մի բան չի եղել։ Արցախը կորցրել ենք, զոհեր տվել, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան Նիկոլի շնորհիվ ստանում են այն, ինչ ուզում են։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ընդդիմությունը պետք է գնա ԱԺ ու լուրջ դեմքով էկոլոգիական օրենսդրության քննարկման մասնակցի՞։ Աբսուրդ է»։

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հուլիսի 9-ին Հանրային հեռուստաալիքի եթերում ասել էր, որ ԱԺ-ում չի իրացվում ընդդիմադիր ձայնը․ «Մարդիկ ստացել են մանդատ, ամբիոն, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու հնարավորություն, հակակշռելու իշխանությանը բոլոր հարցերում, բայց իշխանությունն ասում է՝ բանակցության եմ գնում, եկեք ասեմ ինչ ենք բանակցում՝ մերժում են։ ՀՀ-ն 30 տարում ունեցել է բազմաթիվ բաց թողնված շանսեր, սա ևս մեկն է․․․ Ստեղծված էր շանս, որ ունենանք իրավիճակ, որ իշխանությունները փոխզսպվեն և հակակշռվեն պառլամենտի մակարդակում։ Հիմա ունենք իրավիճակ, որ ընտրվում է գլխավոր դատախազ, և որևէ ընդդիմադիր նրան հարց չի տալիս։ Վճռաբեկ դատարանի դատավորներ են ընտրվում, և ընդդիմադիր մանդատը չի իրացվում»։

Արմեն Աշոտյանի բնորոշմամբ, իշխանությունը «կախվել» է ընդդիմությունից նաեւ այն պատճառով, որ ուզում է հանրության ուշադրությունը շեղել օրակարգային խնդիրներից՝ Բերձորից սկսած, վերջացրած ՀՀ-Թուրքիա հարաբերություններով․ «Ուզում են ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, որ մասնակիցը դարձնեն իրենց դավաճանական քաղաքականությանը։ Կեղտոտ հակաքարոզչությամբ հարցադրումներ են անում, թե ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ ոչ փողոցում է, ոչ էլ ԱԺ դահլիճում եւ այլն։ Իրենց արեւին «կայֆավատ» են լինում, իսկ իրականում ընդդիմությունը ձեր ու Նիկոլի կոկորդին է։ Այո, ընդդիմությունը դեռ չի կարողացել Նիկոլին պաշտոնանկ անել, բայց ՀՀ-ի համար շատ վտանգավոր գործընթացներ դանդաղեցվել են կամ սառեցվել։ Նիկոլը քիչ է դրսի խաղացողների համար, որպեսզի վստահ լինեն, որ մեզ «կզցնելու» են, նրանց պետք է, որ իշխանությանն աջակցեն էլի մարդիկ։ Ընդդիմությունը դա չի անելու, ուստի պետք են լոյալ, նիկոլաբնակ քաղաքական ուժեր, որպեսզի պատրանք ստեղծեն, որ ոչ թե Նիկոլն է Արցախը ծախում, այլ հանրությունը։ Նիկոլին պետք են հանցակիցներ, որովհետեւ միայն ինքն ու իր ուսապարկերը քիչ են, լեգիտիմ չեն»։

Ապա Արմեն Աշոտյանն «ապուշ խոսակցություններ» որակեց պնդումները, թե ընդդիմությունը պետք է վերադառնա ԱԺ եւ հակակշիռ լինի իշխանության օրակարգին, որովհետեւ, Աշոտյանի խոսքով, հիմա երկիրն այն վիճակում չէ, որպեսզի ընդդիմության այդ գործառույթը դիտարկվի որպես գերակա․ «Իշխանությունը դավաճան է եւ արյունոտ, եւ նրան ոչ թե հակակշռել է պետք, ինչպես պնդում է Էդմոնը, այլ վերացնել, փոխել, չեզոքացնել։ Մենք Լիտվայում կամ Լյուքսեմբուրգում չենք, որ ընդդիմությունն անդարդ գնա քննարկելու գլխավոր դատախազի թեկնածու կամ վերահսկիչ պալատի զեկույց»։

Աշոտյանը հարցադրում արեց՝ որեւէ մեկին չի հետաքրքրո՞ւմ, որ հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող Էդմոն Մարուքյանը դրսի հետ աշխատելու ու արտաքին հարաբերություններով զբաղվելու փոխարեն՝ ընդդիմության դեմ է հանդես գալիս․ «Ինչո՞ւ է նրա պաշտոնն օգտագործվում մեր դեմ ներքին լսարանում, ընդդեմ ընդդիմության։ Ծիծաղելի է, որ Նիկոլին «պարտության սիմվոլ» անվանած Էդմոն Մարուքյանը հիմա փորձում է արդարացնել Նիկոլի արտաքին ու ներքին քաղաքականությունը։ Ինձ 4 տարի Հ1 չեն հրավիրում, դրա համար ստիպված այս ձեւաչափով եմ նրան պատասխանում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031