Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պաշտոնական փաստաթղթերով երկրաշարժին դիմակայելու լավ պլան է կազմված, բայց դրանք չեն իրականացվում»

Հուլիս 13,2022 17:10

«Հայաստանն աշխարհում համարվում է սեյսմիկ ակտիվ տարածաշրջաններից մեկը, ուստի մեզ համար զարմանալի չպետք է լինեն երկրաշարժերը, ուղղակի պետք է պատրաստված լինենք»,-ասում է Անահիտ Մարտիրոսյանը։ Նա մասնագիտությամբ փրկարար է, աշխատանքային մեծ փորձ ունի, լավ տեղյակ է, թե մեր երկիրն աղետներին դիմակայելու ինչ մակարդակի պատրաստվածություն ունի։
Նախօրեին մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել. հուլիսի 11-ին Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա եւ Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Սա հինգերորդ երկրաշարժն է այս տարածքում մեկ օրվա ընթացքում։

Թե ինչու է այս տարածքում հաճախ երկրաշարժ լինում, Անահիտ Մարտիրոսյանն ասում է՝ օրինակ Բավրայի հատվածում ճեղք է առաջացել, այդ պատճառով այդ կուտակված էներգիան այդտեղից դուրս է գալիս. «Երկրաշարժը ստորգետնյա ցնցում է, որը տեղի է ունենում երկրակեղեւի որոշակի հատվածում կուտակված էներգիայի լիցքաթափման արդյունքում, այսինքն՝ այդ էներգիան պետք է մի տեղով դուրս գա, քանի որ այնտեղ բացվածքն արդեն կա, այդտեղից էլ դուրս է գալիս»։

Տիկին Մարտիրոսյանն ասում է՝ մեր երկրում Գառնիի խզվածքն ամենավտանգավոր սեյսմիկ գոտիներից մեկն է, եւ եթե այդ հատվածում տեղի ունենա երկրաշարժ, ապա Երեւանը շատ լուրջ իրավիճակում կհայտնվի. «1669-ին Գառնիում ավերիչ երկրաշարժ է եղել։ Հավանականություն կա, որ մի օր նույն ուժգնությամբ նորից լինի։ Ես շատ կցանկանայի, որպեսզի Երեւանի բնակչությունը պահանջատեր լինի, մարդիկ իրենց շենքերի սեյսմակայունության հարցը բարձրացնեին, համապատասխան մարմինները զբաղվեին այդ խնդրով։ Փլուզման ենթակա շենքերում մարդիկ չապրեին, որովհետեւ, ինչպես ասացի՝ սեյսմիկ գոտում ենք ապրում, եւ Աստված չանի, եթե լուրջ երկրաշարժ լինի, աղետ կլինի»։

Անահիտ Մարտիրոսյանը Հրազդան քաղաքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ է։ Ասում է՝ ծրագրեր ունի աղետներին պատրաստվելու, դիմակայելու մասին։ Այդ ծրագրերը, ինչպես Մարտիրոսյանն է ասում, միայն Հրազդանի բնակչության համար չեն։

«Շատ աշխատանքներ պետք է իրականացվեն բնակչության շրջանում, կարեւոր է բնակչության ուսուցանումը, համալիր ուսումնավարժություններն ու դասախոսությունները, սեմինարներն ու ցուցադրական հատուկ տակտիկական վարժությունների իրականացումը։ Մեր հնգամյա զարգացման ծրագրերում հստակ անդրադարձել ենք այս ամենին, բայց լավ կլիներ դրանք թղթի վրա չմնային։ Մեր բնակչությանը պետք է պատրաստել աղետներին, որքան պատրաստված լինեն, այնքան խուճապը քիչ կլինի, իսկ դրա համար մարդկանց գիտելիքներ են պետք։ Եւ իհարկե, որքան պատրաստված լինեն, զոհեր էլ քիչ կլինեն»,-ասում է Մարտիրոսյանը։
Նա նկատում է՝ պետական մակարդակով փաստաթղթային լավ պլաններ են կազմված, դրանք կարդալիս տպավորություն է, թե մենք կատարելապես պատրաստ ենք աղետներին, երկրաշարժերին, բայց դրանք չեն իրագործվում. «Օրինակ գրված է՝ եթե Գառնիում երկրաշարժ լինի՝ Երեւանից այսքան բնակիչ պետք է տարհանվի, ժամանակավոր կացարաններով պետք է ապահովվեն, գրված է, որ հավանականությունը մեծ է, որ զոհեր էլ չլինեն, բայց իրական կյանքում ոչ ոք չի զբաղվում այդ պատրաստվածության հարցերով, դրանք մնացել են թղթի վրա գրված»։

Մարտիրոսյանն ասում է՝ մարզերում չկան ապաստարաններ։ Ավագանու նիստում նա այս ապաստարանի հարցը շատ է բարձրացրել, առաջարկել է շենքերի նկուղները մաքրել, վերանորոգել այն գումարներով, որոնք բնակիչները համատիրություններին են վճարում. «Առաջարկներս օդում են մնում։ Բայց պայքարելու եմ, որպեսզի այդ հարցն առաջնային դառնա։ ԽՍՀՄ տարիներց Հրազդանում մեծ ապաստարան կա, որը այն ժամանակ ամեն ինչով ապահովված է եղել։ Հիմա այդպես չէ։ Ես շատ կցանկանայի, որպեսզի կրկին ուշադրություն դարձնեն դրան, վերանորոգեն, ներդրումներ արվեն։ Պատերազմն էլ ցույց տվեց, որ ապաստարանների խիստ կարիք կա մեր երկրում»։

Մարտիրոսյանն ասում է՝ եթե մայրաքաղաքում նոր շենքեր են կառուցվում, որոնք 9 բալի սեյսմակայունություն ունեն, ապա մարզերում նոր շենքեր գրեթե չեն կառուցում, 1988-ի երկրաշարժից հետո խորհրդային տարիներին կառուցված շենքերում այնպիսի ճեղքեր են առաջացել, բնակիչներն էլ չհասկանալով իրենց բնակարաններում ձեւափոխումներ են անում, հիմնական պատերը քանդում են, եւ էլ ավելի խարխլում շենքը։ Ասում է՝ շենքերի նկուղներն էլ ողողված են ջրերով, մաքրման աշխատանքներ չեն կատարվում, սա եւս խարխլում է շենքի հիմքը։

«Համապատասխան մարմինները պետք է զբաղվեն այս հարցերով, դրանք անվտանգային հարցեր են։ Եւ ընդհանրապես պետք է արգելվի բնակիչներին բնակարանում առանց թույլտվության ձեւափոխումներ անելը, նույնիսկ տուգանք պետք է սահմանել, քանի որ մարդիկ տան գլխավոր պատը քանդում են եւ ասենք խոհանոցը միացնում են հյուրասենյակին»,-ասում է Մարտիրոսյանը։

Խիտ կառուցապատումն էլ անթույլատրելի է, եւ ինչպես Մարտիրոսյանն է ասում, որքան խիտ է կառուցապատումը, շենքերն իրար մոտ են, այնքան աղետի ժամանակ փրկվելու հնարավորությունը նվազում է, բնակիչը շենքից դուրս գալու դեպքում ազատ տարածք չի ունենալու։

Փրկարարը մի քանի խորհուրդ է տալիս, թե ինչ պետք է անել երկրաշարժի դեպքում՝
1- 5-րդ հարկի բնակիչները պետք իջնեն ներքեւ, 5-ից բարձր հարկի բնակիչները պետք է բարձրանան տանիք, իսկ եթե խուճապահար վիճակ է, եւ հնարավորություն չկա տեղաշարժվելու, ապա պետք է պատսպարվեն շենքի միջին մասի հիմնական պատերի տակ կամ դրանցից կազմված անկյունների, հենասյուների մոտ կանգնեն։

Պետք է փաստաթղթերն ու տաք հագուստը միշտ պահել այնպիսի տեղ, որպեսզի հնարավոր լինի դրանք անմիջապես վերցնել ու դուրս գալ։

Չի կարելի կանգնել պատուհանների մոտ, շենքի արտաքին պատերից պետք է խուսափել։ «Շատ կուզեի մեր շենքերն էլ ճապոնիայի շենքերի պես լինեին՝ զսպանակների վրա։ Երկրաշարժի ժամանակ Ճապոնիայում շենքերը ճոճվում է, մարդիկ բնակարանից դուրս չեն գալիս։ Էլ չեմ ասում, թե այնտեղ մարդիկ ինչքան տեղեկացված են, պատրաստված են երկրաշարժերին։ Պետք է հասնել նրան, որ մեզ մոտ էլ մանկապարտեզից ուսուցանվեն մարդիկ, առաջին բուժօգնության կանոններին տիրապետեն, որովհետեւ, կրկնում եմ՝ սա անվտանգության հարց է եւ պետք չէ սպասել մեծ աղետ լինի, որից հետո նոր սկսենք սթափվել»,-ասում է Անահիտ Մարտիրոսյանը։

Ն.Ն.

«Առավոտ» օրաթերթ
13.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031