Լրահոս
Օրվա լրահոսը

Քարուքանդ փողոցը վարչապետին ներկայացրել են որպես վերանորոգված․ ի՞նչ է կատարվել Սարատակում (ֆոտոշարք)

Հուլիս 13,2022 15:56

Արթիկ խոշորացված համայնքի Սարատակ գյուղում կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվել է նախկին գյուղապետ Միշա Ղզրոյանի տան դիմացի թիվ 4 փողոցը, որը, սակայն, ընդգրկված չի եղել փողոցաշինական ծրագրում։

Ավելին, կառավարությանը զեկուցվել է, որ սուբվենցիոն ծրագիրը տեղը տեղին կատարված է․ պատշաճորեն վերանորոգված է ծրագրում ընդգրկված թիվ 5 փողոցը։ Մինչդեռ թիվ 5 փողոցի բնակիչներն ահազանգում են, որ այն քարուքանդ վիճակում է, այս փողոցում մատը մատին խփված չէ, անձրևաջրերից հեղեղներ են առաջանում, փողոցը սելավատարներ չունենալու պատճառով վերածվում է ցեխաշաղախ գետակի։

5-րդ փողոցի բնակիչներն անակնկալի են եկել՝ հետևելով ու դիտելով մայիսի 19-ի կառավարության նիստը, որի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարությանը հաստատմանն է ներկայացրել համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների համար ֆինանսավորման հերթական որոշումը, համաձայն որի՝ պետական բյուջեից 790 մլն դրամ է հատկացվել 20-21 թվականների 29 ծրագրի համար։

Զեկուցվել է, որ այդ ծրագրերից մեկն էլ իբրև իրականացվել է Շիրակի մարզի Սարատակ համայնքում ու հիմնանորոգվել է 5-րդ փողոցը։

Այս թեմային անմիջապես արձագանքեց լրագրող Աննա Վարդանյանը, որի ծնողները Սարատակ համայնքի 5-րդ փողոցում են բնակվում, ֆեյսբուքյան գրառմամբ կառավարությանը հարցնելով․ «Վարչապետն է ստո՞ւմ, թե՞ նրան խաբել են»։

Նա հրապարակել էր թիվ 5 փողոցի ցեխաշաղախ լուսանկարները՝ գրելով․ «Ուրեմն, թե՛ նախարարը, թե՛ մարզպետարանը, վարչական շրջանն ու գյուղապետարանը վերևից ներքև խաբել են կառավարությանը ու առանց վատ զգալու գրել մի ցուցակ ու տվել վարչապետին։

Հարգելի՛ պարոն Վարչապետ, Ձեզ խաբում են, գոնե այդ փողոցում մի քար անգամ տեղաշարժած չէ։

Ահա, սա նշված փողոցն է, որի համար գումար եք տրամադրել պետական բյուջեից։

Հարգելի կառավարություն, գումարը տրամադրելիս, բա չե՞ք նայում, հետևողական չե՞ք լինում, թե ինչպե՞ս են ծախսել այդ գումարները։ Բա նախարար եք, աշխատակից, մի օգնական, մի վարորդ չունե՞ք, որ ուղարկեք նայեն, կատարված աշխատանքները ստուգեն, համոզվեք, որ գործն արված է, հետո ցուցակը ներկայացնեք վարչապետին։ Ինչո՞ւ եք մարդուն խաբում։ Իսկ գուցե թվարկված մյուս համայնքներո՞ւմ էլ է նույն պատկերը՝ փողը վերցրած ու գործ չարված։

Բա էդ 790 մլն․ ի՞նչ եք արել, պարոն Սանոսյան, տեղյա՞կ եք։

Այո, վարչապետը ճիշտ է, որ ասում է՝ այսպես հատ առ հատ ներկայացնելը նաև վերահսկողական լծակ է։ Ահա տեսեք ինչպես է Ձեզ խաբում Ձեր իսկ թիմը»։

 

Aravot.am-ի հետ զրույցում էլ Աննա Վարդանյանն ասաց․ «Կամ Տեղական ինքնակառավարման մարմինները խաբում են կառավարությանը կամ կառավարությունն է խաբում ժողովրդին։ Ցանկացած մարդ կարող է գալ պարզ աչքով տեսնել, որ փողոցը սարքված չէ։

Ծնողներս 5-րդ փողոցի բնակիչներ են։ Ամենածիծաղելին այն է, որ կառավարության նիստում վարչապետին տալիս են արդեն «հիմնանորոգված» փողոցների անվանումներ։ Կառավարությունն առնվազն պետք է մտահոգություն հայտնի, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը տալիս է մի ցուցակ, որի մեջ ընթերցում է՝ Շիրակի մարզ, գյուղ Սարատակ, 5-րդ փողոց, արդեն հիմնանորոգված։

Բայց մենք տեսնում ենք, որ այս փողոցում որևէ բան արված չէ, թե ինչու արված չէ, թող իրավապահ մարմինները և կառավարության համապատասխան օղակները ճշտեն։

Երկրորդ ծիծաղելի փաստն այն է, որ կառավարության որևէ անդամ այս մասին տեղյակ չէ․ երբ որ զանգահարեցի և՛ տարածքային կառավարման նախարարություն, և՛ մարզպետարան, և՛ վարչապետի աշխատակազմ, և՛ թեժ գիծ, տեղեկացա, որ համայնքի վարչական ղեկավարը հիմնավորել է, թե շփոթել ենք։

Ի՞նչ է նշանակում շփոթել ենք․ շփոթել եք, տարել եք 5-րդ փողոցի փոխարեն 4-րդ փողոցն եք հիմնանորոգե՞լ, որտեղ նախկին գյուղապետի տունն է, գյուղապետի հարևանությամբ էլ գյուղապետարանի այդ ժամանակվա աշխատակցի՝ հաշվապահի, քարտուղարի տունն է։ Ամբողջ գյողապետարանում կար 2-3 հաստիք, որը զբաղեցնում էր այդ մի կինը՝ գյուղապետի հարևանուհին»։

Նա խնդրեց սա դիտարկել որպես ահազանգ, քանի որ գյուղի 5-րդ փողոցի բնակիչներն էլ իրենց հերթին իրեն են ահազանգել այս խնդրով։

«Կառավարության նիստում վարչապետը նկատեց, որ սա նաև վերահսկողական լծակ է ենթադրում, այսինքն՝ համայնքների բնակիչները, տեսնելով կարող են արձագանքել և ահազանգել՝ այդ գործն արվա՞ծ է, թե՞ չէ։

Հիմա սա համարեք ահազանգ, հարգելի պարոն վարչապետ։ Գործն արված չէ, թե ինչու արված չէ, կառավարությունը երևի տեղյակ է և հետամուտ կլինի, թե ինչու է այդպես, բայց հիմնավորումը, թե շփոթել ենք, առնվազն ծիծաղելի է։

Դա նույնն է, եթե հիվանդին տանեն հիվանդանոց սրտի նոպայով, սիրտը բուժելու փոխարեն կույրաղիքը հեռացնեն, հիվանդը մահանա ու ասեն՝ կներեք, շփոթեցինք»։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն էլ մեզ պարզաբանեց, թե գործընթացը ինչպես է տեղի ունեցել։ Ըստ նրա, հանրային լսումների է դրվել Սարատակի 4-րդ և 5-րդ փողոցների վերանորոգման հարցը, որը միասին կազմել է 860 գծամետր։ Հետագայում, ըստ պաշտոնյայի, քանի որ համայնքը ի վիճակի չի եղել իր բյուջեից 860 գծամետրի հիմնանորոգմանը մասնակցելու, մասնակցել է 360 գծամետրի կառուցմանը։

«4-րդ և 5-րդ փողոցները սկսվում են գյուղապետարանի շենքից․ 4-րդ գնում է դեպի ձախ, 5-րդ դեպի աջ։ Հետագայում, երբ գնացել են նախագիծ-նախահաշիվ անելու, գյուղապետարանից ցույց են տվել 4-րդ փողոցը՝ այդ 360 գծամետրը, որը իրենք ի վիճակի են եղել ֆինանսավորման։ Նախագիծ է արվել, նախահաշվային փաստաթղթերով անցել է 4-րդ փողոցը, բայց ծրագիր է գնացել 5-րդ փողոցը։

Թե ինչո՞ւ է 5-րդ փողոցն ընդգրկվել ծրագրում, չեմ կարող ասել, բայց 360 գծամետրը նորմալ կառուցված է, շահագործման է հանձնված՝ ասֆալտի լաբորատորիայի փորձարկումներով, իր ամեն ինչով։

Արթիկ համայնքի ղեկավարի ներկայացրած հայտի համաձայն, Սարապատի 5-րդ փողոցն արդեն իսկ ընդգրկվել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի մեջ, որը կլինի իրենց հանրային լսման շարունակությունը»,- ասաց Խաչատուր Խնձրցյանը։

Նկատենք, որ սա 2021 թվականի սուբվենցիոն  ծրագիր է։ Ըստ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի՝ այդ ամենն իր պաշտոնավարման օրոք տեղի չի ունեցել, եւ ծրագրի հաստատումը, փողոցի ընդունումն ու ավարտական ակտն իր լիազորություններից ու պաշտոնավարման ընթացքից դուրս են եղել։ Նազելի Բաղդասարյանը վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ անդրադարձել է Սարատակի փողոցաշինական այս ծրագրին՝ բարձրաձայնելով, որ ծրագրում այլ փողոց է նշված եղել, սակայն այլ փողոց են վերանորոգել։

Մարզպետ Բաղդասարյանն այս մասին զեկուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Գնել Սանոսյանին, որն իր հերթին փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Փողոցի լուսանկարները՝ Աննա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031