Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու պիտի պատասխան տաս, գերագույն գլխավոր հրամանատար». Խաչիկ Մանուկյան

Հուլիս 13,2022 15:10

«Ես լսել եմ Ալիեւի հայտարարությունը, երբ ասում էր` ես մասնակից եմ եղել 2018թ թավշյա հեղափոխությանը: Սա հենց այնպես արված հայտարարություն չէր: Բոլորս էլ կռահում էինք, թե ինչ պետք է լիներ, որովհետեւ իշխանության եկան մարդիկ, եւ թուրքամետ ուժերի ներկայությունն այնքան նկատելի դարձավ մեզանում, որ պարզապես կոծկել չէր լինի»,-«Հայելի» ակումբում նշեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

«Ես զարմանում եմ, որ իրենք չհասկացան, որ ընդամենը խաղալիքներ, խամաճիկներ են այս խաղի մեջ: Նրանք, ովքեր Հայաստանում ներկայացնում են իշխանություն, հետո հասկացան, որ խաղաղությունը, ինչը նրանց ասվել էր, տեղի չունեցավ, այսինքն` պատերազմի վերափոխվեց: Եվ հիմա նրանց կողմից արվող հայտարարություններն էլ կցկտուր են, վախեցած, հայտարարություններ են անում` իրենք իրենց չհավատալով: Զարմանալին այն է, որ իրենք իրենց չեն հավատում, բայց բազմություն կա, որ դեռեւս շարունակում է հավատալ ստախոսներին: Ես կուզեի, որ ստի համար պատժամիջոցներ կիրառվեին, ոչ թե հայհոյանքների համար, որովհետեւ սուտը երկիր է կործանում, հայրենիք է կործանում, ազգ է ոչնչացնում, եւ այդ սուտը հիմա նորից շարունակվում է»,-հավելեց նա:

Խաչիկ Մանուկյանի ձեւակերպմամբ, այս ժամանակահատվածում պատերազմը առանցքային նշանակություն ունի, եւ եթե դա շրջանցում ենք, կոծկում ու առաջ անցնում, ուրեմն ոչինչ չենք հաջողելու: «Ինչու եղան անհամաձայնությունները գեներալների մեջ, ինչու ինչ-ինչ հայտարարություններ արվեցին… Հիշո՞ւմ եք` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կասկածում ե՞ք, որ ես Գերագույն գլխավոր հրամանատարն եմ… Ես բազմաթիվ անգամ ասել եմ` չեմ կասկածում, եւ դու պիտի պատասխան տաս, Գերագույն գլխավոր հրամանատար, այն բոլոր զոհերի համար, որոնք հանիրավի կերպով եղան, դու պիտի պատասխան տաս բոլոր հակասությունների համար, որոնք եղան մարտադաշտերում, դու պիտի պատասխան տաս, որ վերջին պահին Շուշիի մոտակայքում քաջերը լքված մնացին, չունեցան փամփուշտ ու մթերք…Դու ինչի՞ Գերագույն գլխավոր հրամանատարն էիր, դավաճանությա՞ն, հողերը հանձնելու գերագույն գլխավոր հրամանատարը, մարդկանց կոտորելու գերագույն գլխավոր հրամանատարը, երկիրը սրընթաց անդունդի տանելու գերագույն գլխավորը…»,-ասաց բանաստեղծը:

Նրա խոսքով, ինչպես պատերազմի օրերին, հիմա էլ են քաջերը դավաճանվում, ու հանրությունը կարծես հակված չէ լրջորեն մոտենալ այս հարցերին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031