Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք թփերի մեջ դարանակալած ոստիկան չենք, որ տեսնենք՝ մեկը խախտում է անում, փորձենք իրեն տուգանել»․Տիգրան Հակոբյան

Հուլիս 13,2022 14:25

«Այո, իհարկե, ցանկացած զգուշացում նաև սպառնալիք է»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը կարծում է, որ Տիգրան Հակոբյանի ելույթը սպառնալիք էր, ոչ թե զգուշացում և հարցին՝ արդյոք սպառնալու նպատակ ունե՞ր, այսպես պատասխանեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։

Ըստ նրա՝ Բագրատ Եսայանը յուրահատուկ է ամեն ինչ մեկնաբանում․ «Ես կարող եմ կրկնել իմ խոսքերը։ Եթե նույնատիպ հայհոյանքներ նորից հնչեն «Երկիր մեդիայի» եթերում, ես՝ որպես հանձնաժողովի նախագահ ամեն ինչ կանեմ, որ նրանք զրկվեն լիցենզիայից։ Ուզում են ընդունել՝ որպես զգուշացում, որպես սպառնալիք»։

Հիշեցնենք՝ Բագրատ Եսայանը պարզաբանել էր՝ հայհոյանքը հնչել է ինը վայրկյանի ընթացքում, և հեռուստաընկերության լրագրողը, որն աշխատում էր այդ վայրում, օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել զգուշացնել հայհոյանք հնչեցնողին և հնարավորություն չի ունեցել այդ թոհուբոհի մեջ օրենքով նախատեսված գործողությունը կատարել։ Այս առիթով Տիգրան Հակոբյանը նշեց․«Պարոն Եսայանը փորձում է արդարանալ, որ հնարավոր չէ ուղիղ եթերում խուսափել այդպիսի գռեհկաբանությունից կամ սեռական հայհոյանք հնչեցնելուց։ Պարոն Եսայանը նոր տնօրեն է, շատ հնարավոր է՝ ինքը որոշ բաներ հեռուստատեսային տեխնոլոգիաներից չգիտի։ Ոչ միայն դա հնարավոր է, այլև դա իրականացվում է այլ հեռուստաընկերություններում՝ օրինակ՝ «5-րդ ալիքում», «Ազատությունում», «Կենտրոնում», «Արմենիայում», որտեղ ուղիղ եթերում փողոցային հանրահավաքները լուսաբանելիս հատուկ միջոցներ են ձեռնարկվում․ խլացնում են և´օպերատորը, և´լրագրողը, և´ տեխնիկական անձնակազմը, ռեժիսորը, որոնք ապահովում են ուղիղ եթերը։ Դրա համար տասնյակ ձևեր կան, կան նաև տարբեր ուղեցույցներ, ուսումնական ձեռնարկներ՝ ինչպես դրանից խուսափել։ Բայց երբ ուղիղ եթերում դու տեսնում ես՝ ինչպես է լրագրողը, տեսնելով, որ ինչ-որ տեղ ծայրահեղ լարված իրավիճակ է, որտեղ ծեծկռտուք կա, հատուկ առանց իր բարձրախոսը խլացնելու՝ գնում է մտնում այդ իրավիճակի մեջ, դա նշանակում է՝ ինքը սադրում է և ուզում, որպեսզի այդպիսի հայհոյանքը հնչի եթերում»։

Նշենք, որ Բագրատ Եսայանն իր պարզաբանումներում նշել է, որ հայհոյանքն ընդունելի չէ «Երկիր մեդիայի» համար և այն հնչել է ինը վայրկյան։ Տիգրան Հակոբյանն ասաց․ «Եկեք փորձ անենք և ինը վայրկյանում հնչեցնենք հայհոյանքը։ Դուք կտեսնեք, որ դա մի քանի հարկանի հայհոյանք կլինի։ Այսինքն՝ ի՞նչ է՝ ինը ժամ, թե՞ ինը րոպե պիտի տևեր։ Մենք մի բան պիտի հասկանանք․ հասարակությունը, մեդիան, մեդիայի պատասխանատուները ինչ-որ կոնսենսուսի պիտի գանք ու տաբուներ դնենք։ Ամբողջ աշխարհը զարգացել է տաբուների շնորհիվ։ Զարգացած հասարակությունները որոշել են, որ այդպիսի բան չպետք է լինի։ Մենք մի քանի տարի խոսում ենք, որ հայհոյանքը՝ որպես լրատվական միջոցի ուղերձ հանրությանը պետք է արգելվի, և մենք ամեն ինչ անելու ենք, որ դա չլինի։ Այստեղ որևէ արդարացում, թե պետք է նախազգուշացնեին և այլն, չի անցնում, որովհետև տասնյակ անգամ նախազգուշացվել է»։

Մեր հստակեցմանը՝ «Երկիր մեդիային» այս առիթով նախազգուշացվե՞լ է, Տիգրան Հակոբյանը պատասխանեց․ «Բոլորին տասնյակ նամակներ են ուղարկվել։ Բոլորի հետ հստակ աշխատում ենք։ Մենք թփերի մեջ դարանակալած ոստիկան չենք, որ տեսնենք՝ մեկը խախտում է անում, փորձենք իրեն տուգանել»։ Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ արձագանք են ստացել «Երկիր մեդիայից», ՀՌՀ նախագահն ասաց․ «Տարբեր, որ, այո, կանենք։ Երբ քաղաքական կողմնորոշումը շատ ավելի բարձր է որոշ ղեկավարների մոտ, քան հանրային շահերը, մենք ունենում ենք նման ցավալի իրավիճակներ»։

Մեր փաստմանը՝ Բագրատ Եսայանը վստահեցնում է, որ իրենց առաջնահերթ խնդիրը եղել է հեռուստադիտողի համար ապահովել տեղեկատվություն, ուստի փորձել են ապահովել նվազագույն միջամտություն եթերին, որ հեռուստադիտողն ինքը կարծիք կազմի, թե ինչ է կատարվում այդ պահին Երևանում, բայց նաև շեշտում է, որ հայհոյանքն ընդունելի չէ իրենց համար, Տիգրան Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Այսինքն՝ կարող եք հայհոյանք գրել ու ասել, որ սա հանրային շահից բա՞րձր է, բայց նման բան դուք չեք անում, չէ՞։ Մենք ունենք մշտադիտարկման գործիքակազմը, տեսնում ենք՝ ինչ են ցուցադրում, հեռուստաընկերություններն ինչ բովանդակություն ունեն։ Երբ կիրակի օրով իրենց վերջին հանրահավաքից հետո էլի մեկուկես ժամ փրայմ թայմ ժամանակին կրկնում են իրենց երթն և հանրահավաքը, այստեղ, իհարկե միտում կա, որովհետև նույնիսկ ամենահետաքրքիր գեղարվեստական ֆիլմը երեք օր շարունակ ցույց չեն տալիս։ Եթե երթը նորից կրկնում են, ուրեմն կամ ցույց տալու այլ բան չունեն, կամ հատուկ փորձում են ՀՀ-ում կրքերը բորբոքված պահել»։

Տիգրան Հակոբյանն ասաց, որ «Երկիր մեդիայի» հետ կապված որոշումը հանձնաժողովը կայացրել է միաձայն ու պարզաբանեց․ «Բոլոր մեղքերը վերագրում են ինձ՝ որպես հանձնաժողովի նախագահի։ Հանձնաժողովը բաղկացած է յոթ անձից։ Նրանք ունեն տարբեր քաղաքական հայացքներ, արժեհամակարգեր, աշխատել են տարբեր վարչակարգերում՝ որպես պաշտոնյաներ․ ունենք մշակույթի երկու նախկին նախարար, շատ լավ արվեստաբաններ, երգահաններ, կատարողներ, մանկական ալիքի ղեկավար, և մենք՝ բոլորս այդ որոշումը՝ հայհոյանքի համար պատժելու ընդունել ենք միաձայն․ դա կոնսենսուսային որոշում է»։

Հետաքրքրվեցինք՝ այս խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կան, միգուցե հանդիպեն «Երկիր մեդիայի» տնօրինության հետ, փորձեն համաձայնությա՞ն գալ, Տիգրան Հակոբյանը պատասխանեց․ «Իսկ ի՞նչ լուծում եք տեսնում․ կանչենք, երեխայի պես ասենք՝ քֆուր մի՞ հեռարձակեք։ Ես մի քանի անգամ հանդիպել եմ, պայմանավորվել ենք, որ շատ բաների ենք ըմբռնումով մոտենում, շատ բաների վրա օրենքի սահմաններում աչք ենք փակում, հակառակ դեպքում և´ «Երկիր մեդիայի» և´ այլ հեռուստաընկերությունների նկատմամբ շաբաթը մեկ մի քանի վարույթ կբացվեր, և նրանք կպատժվեին։ Մենք դա չենք անում, քանի որ փորձում ենք իրենց ազատ գործունեության դաշտը ստեղծել։ Այդ բոլոր պայմանավորվածությունները պահվում էին մինչև այս փողոցային ցույցերը։ Այդ ժամանակ չգիտես ինչու մոռանալով իրենց պարտականությունների մասին՝ որպես հանրային մուլտիպլեքսում հեռարձակող, մոռանալով իրենց՝ մրցութային հայտում տված խոստումների և պարտականությունների մասին՝ նրանք, ցավոք, դառնում են բութ քարոզչական գործիք։ Ջարդում են ամբողջ հաղորդացանցը, հանում են մանկական ծրագրերը, ֆիլմերը և դառնում են այդ ընդդիմադիր շարժման քարոզչական և տեղեկատվական ուղեկից։ Դրա համար կան կաբելային ցանցեր, համացանց, այսինքն՝ տեսալսողական հոսքեր, որոնցով նրանք կարող են այդ գործառույթն ապահովել։ Հանրային մուլտիպլեքսը այն սուվերեն տարածքն է, որտեղ մտնելու համար բոլորը պարտավորություն են վերցնում գործել ի շահ հասարակության։ Սա է սահմանափակումը։ Ուզում եք կուսակցական քարոզիչ լինել, փառք Աստծո, այսօր տեխնիկական միջոցները թույլ են տալիս․ գնացեք տասնյակ կայքեր բացեք, տեսալսողական հոլովակներ սարքեք, բայց հանրային մուլտիպլեքսը զերծ պահեք կուսակցական և քաղաքական քարոզչությունից։ Դա է խնդիրը, և կարծես այդ կոնսենսուսը քիչ թե շատ գործում էր մինչև արտակարգ իրավիճակը։ Սակայն հենց նման արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր լրատվամիջոց առաքելություն ունի նպաստել հանրային համերաշխությանը, լուծումներ գտնել և բացի ընդդիմադիր ցույցերից՝ հանրային մուլտիպլեքսում գործող ցանկացած հեռարձակող պետք է լուսաբանի ՀՀ ամբողջ անցուդարձը, իսկ դա միայն Ֆրանսիայի հրապարակով չէր սահմանափակվում»։

Անդրադառնալով «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմին, որն ըստ հանձնաժողովի՝ պարունակում է համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, մասնավորապես՝ ծաղր Հայ Առաքելական եկեղեցու և քրիստոնեական հավատքի խորհրդանիշ խաչի, Հիսուսի կերպարի նկատմամբ և Բագրատ Եսայանի այն պնդումներին, թե դա գեղարվեստական գործ է և այն չափորոշիչները, որոնք հանձնաժողովն օգտագործում է, գեղարվեստական գործի հետ կապված չի կարելի կիրառել, նաև Բագրատ Եսայանի այն պնդումներին, թե իր մոտ դիսոնանս է առաջանում՝ ի՞նչն է հիմք ծառայել վարույթը հարուցելու համար, Տիգրան Հակոբյանն ասաց․ «Քրեական ենթամշակույթն ամբողջ աշխարհում ֆիլմերում լուսաբանվում է։ Հայտնի «Կնքահայրից» սկսած, որի օրինակը Բագրատ Եսայանը բերում է, վերջացրած տասնյակ այլ ֆիլմերում, որտեղ նկարագրվում է քրեական ենթամշակույթը։ Բայց այդ ենթամշակույթը չի տարածվում ամբողջ հասարակության, տարբեր ոլորտների վրա։ Մինչդեռ այս ֆիլմում ստացվում է, որ քրեական ենթամշակույթը մետաստազի պես գրավել է ամբողջ մեր երկիրը, Լոս Անջելեսի մեր համայնքը։ Խառնել քրեական ենթամշակույթը, «Հայաստան» հիմնադրամը պախարակել, սուտ բաներ ասել, երկու կադրը մեկ ցույց տալ Եռաբլուրը, անհեթեթ բաներ խոսել պատերազմի մասին և այդ ամենը խառնել, դա տեղեկատվական դիվերսիա է Հայաստանի դեմ։ Այդ ֆիլմը նկարահանված է դրսում, չգիտեմ՝ ում կողմից։ Չեմ զարմանա, որ վաղը, մյուս օրն այդ ֆիլմն Ադրբեջանում թարգմանված ցույց տան՝ որպես Հայաստանին բնորոշ վարվելակերպ։ Մի բան անելիս մտածել է պետք, ոչ թե հետո արդարանալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031