Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ից». Դավիթ Մաթևոսյանի կյանքը՝ հայրենապաշտության վառ օրինակ

Հուլիս 13,2022 12:41

ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՎԱՌ ՕՐԻՆԱԿ

Հուլիսի 11-ին կայացավ մեղրեցի պետական գործիչ, ազատամարտիկ, մտավորական, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Մաթեւոսյանի «Խաղաղության հավատամքով» գրքի շնորհանդեսը։

Հրապարակում ենք շնորհանդեսին կայացած ելույթից մի հատված.

Այսօր մենք՝ այստեղ Դավիթ Մաթեւոսյանի հավաքված բոլոր զինակիցներս, ընկերներս եւ հարազատներս, անչափ երջանիկ ենք, քանի որ եկել ենք ոչ թե լոկ նրան նվիրված գրքի շնորհանդեսի, այլ իրականում` իր հետ հանդիպելու եւ զրուցելու պայծառ հնարավորության համար։

Մարդիկ, որ իրեն չեն ճանաչել, կարող են հարց տալ. ինչպե՞ս թե հանդիպել կամ զրուցել մի մարդու հետ, որը հիմա ներկա չի, մեր կողքին չէ։ Նրանք ուղղակի չգիտեն, որ Դավիթ Մաթեւոսյանը մեզ համար հենց այդպիսի մարդ էր, անգամ դեռ երբ ողջ էր եւ շփման համար հասանելի. նա մեր կյանքում հենց այդպիսի գոյություն էր՝ մարդ, որի հետ խոսում֊զրուցում ես, մտքեր փոխանակում եւ խորհուրդ հարցնում անգամ այն ժամանակ, երբ նա կողքդ չի։

Կյանքի օրոք էլ նա մշտապես մեր հոգում էր եւ մեր անտեսանելի զրուցակիցն էր, որովհետեւ իր առօրյա կյանքով եւ գործունեությամբ բարոյականության, քաջության եւ սկզբունքայնության այնպիսի նշաձող էր հաստատել, որ մենք շատ հաճախ ինչ-որ բան անելուց կամ ասելուց առաջ ինքներս մեզ հարցնում էինք. «Իսկ Դավիթը ինչպե՞ս կվերաբերվի այս արարքին, կամ ինչպե՞ս նա կվարվեր նման դեպքում»։ Այդ իմաստով շատ բան չի փոխվել իր հեռանալով, իրականում, դեռ մի բան էլ ավելի է նա հաստատվել մեր սրտներում, հոգիներում եւ մտքերում, որովհետեւ հիմա մենք ավելի հաճախ ենք խոսում եւ խորհրդակցում նրա հետ։

Դավթին չճանաչող մարդիկ նորից հարց կտան. այդ ինչո՞վ է նա նման կարգավիճակ ձեռք բերել։ Որոշ ժամանակ մտորելով այս հարցի շուրջ, ամենակարճ պատասխանս հետեւյալն է։ Դավթի հզորությունը նրա անսահման խիղճն էր, որը գերզգայուն մերկ նյարդի էր նման։ Այդ գերզգայուն մերկ խիղճն էր, որ նրան երբեք չէր թողնում թուլանալ, իջնել սովորականության, անտարբերության, ծուլության ճահիճը։ Այդ խիղճը նրան պատասխանատու էր դարձնում ամեն ինչի համար՝ ի՛ր, իր ընտանիքի՛ եւ զավակների՛, հայրենիքի ճակատագրի՛, նաեւ՝ իր գաղափարական զինակիցների՛ եւ ընկերների՛ համար։

Խմբագրի կողմից.

«Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ, Դավիթ Մաթևոսյանն ինձ համար, նախ և առաջ, Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ից: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ». Լևոն Տեր-Պետրոսյան

«Ինչպիսի փորձանքի տակ էլ, որ գլուխս դնելու լինեմ, ինչ պիտակներ էլ, որ կպցնեն, միևնույն է՝ իմ հնարավորությունները, ունակություններն ու ազդեցությունները գործադրելու եմ հանրության լայն շրջանակներում խաղաղության հաստատման անհրաժեշտությունն իբրև համոզմունք ամրապնդելու և «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով ընտրությունների գնացող քաղաքական ուժին լիարժեք աջակցելու համար». Դավիթ Մաթեւոսյան

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման սկզբից ևեթ նրա առաջամարտիկներից ու կազմակերպիչներից էր Դավիթ Մաթեւոսյանը։ Արդեն 1989-ից նա նաև ազատամարտիկ էր այս բառի բուն նշանակությամբ՝ Մեղրիի տարածաշրջանում կազմակերպել է սահմանների պաշտպանությունը, նաև որպես զինվոր՝ զենքը ձեռքին կանգնել է դիրքում, գնացել ճակատամարտի, նստել ու քնել խրամատում։ Այդպես էր 1990-ականների Ղարաբաղյան շարժման ու պատերազմի տարիներին, երբ 30-ամյա երիտասարդ էր, այդպես էր 2020-ի պատերազմում, երբ տարիքի այդ 30-ը արդեն կրկնապատկվել էր։

Անհնար էր, չէր կարող տանը նստել Դավիթը, երբ պատերազմ էր։ Եվ չնստեց։ Գնաց ինքնուրույն, ինքնակամ, իր պատկերացրած վտանգին դիմակայելու։ Գնաց որպես խաղաղության մարտիկ և անմահացավ հանուն խաղաղության…

Հերոսական է եղել Դավիթի կյանքը այս բառի ամենաբազմակողմ նշանակությամբ։

Այս ժողովածուն ընթերցողին ներկայացնում է մարդկային այն կերպարներից ու գործիչներից մեկին, որոնց ամենօրյա տքնանքի, անմնացորդ նվիրումի ու պայքարի առարկայացումն էր Ղարաբաղյան շարժմամբ սկիզբ առնող Հայոց պատմության հերոսական տասնամյակն իր անհավատալի հաղթանակներով ու ձեռքբերումներով։

Հրապարակվող ժողովածուն առաջին ձեռքից կարևոր և արժանահավատ սկզբնաղբյուր է՝ վերջին 30 տարվա Հայաստանի պատմության, քաղաքական մթնոլորտի, ամենատարբեր արժեքավոր մանրամասների, մասնավորապես՝ Ղարաբաղյան շարժման, ղարաբաղյան առաջին պատերազմի, 2007 թվականի աշնանից ծավալված Հայկական երկրորդ համաժողովրդական շարժման իրողությունների ճանաչման, օբյեկտիվ վերհանման ու գնահատման համար։ Որպես այդպիսին՝ այն անպայման պետք է կազմվեր ու հրատարակվեր։ Դավիթ Մաթևոսյանի զոհվելուց, անժամանակ մահվանից հետո այս գիրքը նաև յուրատեսակ մի հուշարձան է նրա հիշատակին։

ՆՐԱ ԿՅԱՆՔԸ ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՎԱՌ ՕՐԻՆԱԿ Է: ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ։

Լուսանկարում՝ Հերոսածին տիկին Երմոնյան որդու՝  մեղրեցի պետական քաղաքական գործիչ, ազատամարտիկ, մտավորական, 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Մաթևոսյանի գրքի շնորհանդեսին

Մեղրիի Համայնքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031