Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ բացասական ազդեցություն ունենա նաեւ «Քառասունակն» աղբյուրների վրա. Հատիս լեռն ու ամրոցը. Զոհրաբ Ըռքոյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հուլիս 13,2022 10:46

Կոտայքի մարզում՝ Կոտայքի սարավանդի հյուսիս-արեւելքում է 2528 մ բարձրությամբ Հատիս լեռնագագաթը՝ Կապուտան գյուղից մոտ 2.5 կմ հարավ-արեւելք: Ամբողջ սարավանդում հեռվից երեւում է կոնաձեւ լեռը, որի լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Մայիսի կեսին, երբ բարձրանում էինք, նույն ձորակներում դեռ ձյուն կար, լանջերին՝ գեղեցիկ զանգակներ ու դրանց նման ծաղիկներ, որոնց Մարտունու շրջանում «Ուլի ականջ» ենք անվանում։ Լեռան արեւելյան հատվածում հատկապես կան ժայռոտ ելուստներ, իսկ հարավային ստորոտից սկիզբ են առնում, ինչպես կոչում են, «Քառասունակն» աղբյուրները։ Լեռան գագաթին շատ վաղուց մեր նախնիները հզոր ամրոց են հիմնել, որի ավերակներն ու պարիսպները պահպանվել են եւ պատմում են մեր քաջակորով ու ուժեղ պապերի մասին:

Հատիսի ամրոցը տեղացիներն անվանում են նաեւ Քյոռօղլու ամրոց, Շամիրամի բերդ, պարզապես՝ Բերդ: Թե ինչո՞ւ են կապել Քյոռօղլու հետ, չգիտեմ։ Այդ կիսահեքիաթային, կիսաիրական կերպարը, ըստ պատումների, ապրել է 17-րդ դարում։ Իսկ մեր նշած ամրոցը հազարամյակների պատմություն ունի։

Հատիս լեռան վրա գտնվող ամրոցի պարիսպների կիկլոպյան շարվածքները նույնպես հուշում են, որ այն կառուցվել է Ք. ա. առաջին հազարամյակում: Ամրոցի պարիսպները ձգվում են լեռան գագաթով մեկ: Իսկ պարիսպների ներսում եղել են շինություններ, որոնց ավերակները նույնպես պահպանվել են: Հարավարեւմտյան կողմում ամրոցն ունի եռաշերտ պարիսպներ՝ կառուցված մեծամեծ քարերով, առանց շաղախի: Նույն կողմում պարսպի մի հատված իջնում է լեռան լանջով մոտ 200 մետր: Բավական լայն է այն, ունի նաեւ խցեր: Հարավարեւելյան կողմում պարիսպն ավելի ցածում է կառուցված: Հյուսիսային պարսպի սկզբնամասում կա քարանձավ, որի մուտքը վերեւից է:

Լեռան հարավային կողմում մի ոչ խոր ձորակի արեւելյան ափին բլրակի վրա պահպանվել է նման աշտարակ։ Բուն աշտարակն ունի մոտ 10 մ տրամագիծ եւ կառուցված է բավականին մեծ քարերով։ Բլրի ներքին հատվածում նույնպես պարիսպ է շարված։ Մինչ Լ. Մկրտչյանը դրոնային նկարահանումներ էր կատարում, Ա. Գնունու հետ շրջեցինք տարածքում։ Պարզվեց՝ հնադարյան բնակատեղի է, որտեղ շատ են նաեւ դամբարանները։ Դրանցից մեկի մոտ պահպանվել է նաեւ կուռքի քարե արձան՝ որոշակի քանդակով։ Առավել հետաքրքիր էր ձորակի ժայռոտ ափը։ Այս հատվածում հեռվից էլ նշմարվում էր, որ շրջանաձեւ շարված քարեր կան։ Փարախնե՞ր են, թե՞ այլ նպատակով… Իսկ ձորակի ժայռերից մեկին աստիճաններ էին քանդակել։ Ըստ հնագետների՝ հնարավոր է՝ որպես զոհասեղան է ծառայել։

Ավարտելով նկարահանումները՝ այցելեցինք Զառ-Ծար գյուղի Սուրբ Կարապետ եւ նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներ։ Հաջորդ կանգառը Գեղաշեն գյուղում էր, որտեղ կանգուն է 10-րդ դարի Կանաչ խաչ մատուռը։ Սրբատան ներսում կան 2 միջնադարյան խաչքարեր, որոնցից մեկը կիսված է։ Մատուռի բակում՝ ձախ կողմում, 12-13-րդ դարերի ամբողջական խաչքար կա՝ պատվանդանի վրա։ Գյուղից մոտ 3 կմ հարավ՝ բարձր դիրքում, որտեղից երեւում է ողջ բնակավայրը՝ Հատիսի թիկունքում, գտնվում է 17-րդ դարի սրբատուն՝ Սուրբ Սարգիսը, որի ներսում իր չափերով (մոտ 3, 5 մ բարձրությամբ) բավական մեծ խաչքար կա՝ բաժանված կտորների։

Գեղաշենի 2 մատուռները հիմնանորոգվել են վերջին տարիներին՝ պահպանված սրբությունների վրա։ Օրերս հայտարարվեց, որ Հատիսի գագաթին պետք է կանգնեցվի Հիսուսի արձանը։ Համացանցում արդեն լուսանկարներ կան, որոնցում երեւում է՝ արձանի հիմքերի փորման աշխատանքներ են կատարվում։ Բազում մեքենաներ են բարձրացել լեռան գագաթ։ Պարզ է՝ սա մեծ վնաս կհասցնի հատկապես պատմական ամրոցին։ Հնարավոր է՝ բացասական ազդեցություն կունենա նաեւ «Քառասունակն» աղբյուրների վրա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031