Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, խնդիր կա, որը չգիտեմ, թե ինչ ձեւով կմեկնաբանվի։ Խորհրդարանն արձակուրդ է գնալու». մանդատազրկման նիստը՝ հուլիսի 14-ին. հարցը կմտնի՞ փակուղի. «Հրապարակ»

Հուլիս 13,2022 10:33

Նախօրեին ԱԺ կայքում հրապարակվեց պաշտոնական փաստաթուղթ՝ նախագծի տեսքով, համաձայն որի՝ ՔՊ խմբակցությունը որոշել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ հրավիրել։ Կարճ ժամանակ անց նախագիծը հեռացվեց կայքից, սակայն այդ հարցն իշխող ՔՊ-ի օրակարգում է։ ԱԺ խորհուրդը նիստ կգումարի սահմանված ժամկետի վերջին օրը՝ հուլիսի 14-ին։ Ուշագրավ է նաեւ, որ ՔՊ-ում, ըստ որոշ տեղեկությունների, երեկոյան ժամին են նիստը նշանակել։ ԱԺ խորհուրդը մի քանի ժամ է ունենալու ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով որոշում կայացնելու համար։ Բանն այն է, որ հուլիսի 15-ից խորհրդարանն արձակուրդ է գնալու, եւ պատգամավորներն այլեւս չեն կարող գործունեություն ծավալել ու որոշումներ կայացնել։

Խոսքը «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների 33 պատգամավորների մասին է, ՔՊ-ի թիրախում չեն ընդդիմությանը դավաճանածները՝ Իշխան Զաքարյանն ու Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ Մարտուն Գրիգորյանը, որը Վանեցյանի փոխարեն է մանդատ ստացել։ Մյուս 33 պատգամավորը, պարզվում է, հատել են բացակայությունների թույլատրելի շեմը, այդ հիմքով էլ փորձելու են նրանց զրկել մանդատներից

ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Այո, ԱԺ նախագահը կանոնակարգով պարտադրված է՝ տեղեկանքը ստանալուց մեկ շաբաթվա ընթացքում խորհրդի նիստ հրավիրել։ Եթե ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայանում, հարցը մեկ շաբաթով հետաձգվում է, հետո առանց իրենց էլ կարող են քննարկել։ Բայց այստեղ, այո, խնդիր կա, որը չգիտեմ, թե ինչ ձեւով կմեկնաբանվի։ Խորհրդարանն արձակուրդ է գնալու։ Սա նշանակում է, որ եթե խորհրդի անդամները գնացին արձակուրդ, կամ մնաց մեկը՝ ԱԺ նախագահը, բնական է՝ խորհրդի նիստ չեն կարող անել, որովհետեւ արձակուրդի մեջ են»։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլ տալի՞ս է, որ այդ օրակարգով նիստը հետաձգեն, դիցուք, սեպտեմբերին անեն, թե՞ սահմանված մեկշաբաթյա ժամկետում պետք է անեն։ «Ես չեմ կարող այս պահին ասել, որովհետեւ այդ թեմայով քննարկում այս պահին չի եղել, հավանաբար՝ հետո կլինի»,- ասաց Սողոմոնյանը։ «Կանոնակարգ օրենքը երկու նորմն էլ սահմանում է՝ ե՛ւ արձակուրդ ուղարկելը ամռանը, ե՛ւ հարցը քննարկելը, հիմա ես չգիտեմ, թե ով ինչպես կմեկնաբանի»,- նշեց քարտուղարության պետը, նաեւ վստահեցրեց, որ, իրենց հաշվարկներով, գրեթե բոլոր ընդդիմադիրները գերազանցել են բացակայությունների թույլատրելի շեմը․ «Հիմա մեկը գուցե 15-ով է գերազանցել, մյուսը՝ 30-ով, հաջորդը՝ 50-ով․․․»։

Սողոմոնյանը չհիշեց, թե քանի բացակայությունն է համարվում հարգելի։ ՔՊ մեր աղբյուրները, սակայն, ասում են՝ եթե անգամ պատգամավորները ներկայանան եւ նիստ գումարեն, ապա ոչ բոլոր պատգամավորների հարցում դրական որոշում կկայացնեն, մանդատներից զրկելու հավանություն կտան առավել շատ բացակայած տասնյակին, որոնց մասին ի սկզբանե խոսվում էր։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031