Այսօր՝ հուլիսի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրավիրել է հրատապ խորհրդակցություն: Եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ՝ հրդեհների առաջացման վտանգն ավելանում է: Գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել են իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում:
Ըստ զեկույցների, հանրապետության բոլոր ՀՓՋ-ները տեխնիկապես պատրաստ են և հագեցած իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ. էլեկտրոնային եղանակով հավաքագրվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել: Անօդաչու թռչող սարքերով շարունակվում է իրականացվել մշտադիտարկում և բնակչության իրազեկում:
Նախարար Փամբուխչյանը հանձնարարել է այս օրերին առավել սերտ համագործակցել Շրջակա միջավայրի նախարարության, մարզպետարանների, համայնքների հետ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություն անտառտնտեսություններում, արգելոցների և այլ խոտածածկ ու բուսածածկ տարածքներում: Հատուկ ուշադրության և կարևորության արժանացնել քաղաքացիների հետ տարվող իրազեկման աշխատանքները:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն