Լրահոս
Օրվա լրահոսը

Հողը, հարեւանները եւ մենք

Հուլիս 13,2022 15:00

«…բարձրացել, հողից կտրվել եք, հողին չեք ուզում տիրություն անել».
Վազգեն Սարգսյան

Ժամանակակից թուրքերին ծագում տված հուննու ցեղի պետության հիմնադիր Մոդեի մասին կա մի պատմություն։ Երբ հուննուների պետությունում ներքին խռովություններ էին, հարեւան դունխու ցեղը որոշեց օգտվել դրանից, Մոդեից պահանջելով իր նժույգը եւ սիրելի կնոջը։ Ցեղի ավագները զայրացած ցանկացան մերժել պահանջը, սակայն Մոդեն ասաց. «Ապրելով մարդկանց հարեւանությամբ, ինչու ափսոսել մեկ ձի կամ մեկ կին», եւ բավարարեց հարեւան ցեղի պահանջը։ Այնուհետեւ, դունխուն պահանջեց չբնակեցված մի հողատարածք, որը հարմար չէր ո՛չ անասնապահության, ո՛չ էլ բնակության համար։ Հուննուների ավագները որոշեցին, որ անպետք հողի համար պատերազմել չարժե եւ վճռեցին տալ այն։ Սակայն Մոդեն ասաց. «Հողը պետության հիմքն է, ինչպե՞ս կարելի է այն տալ», եւ հրամայեց գլխատել հողերը հանձնելու կողմնակիցներին։ Այնուհետեւ, նա հարձակվեց դունխուների վրա եւ ջախջախեց նրանց։
Երկու հազար տարուց ավելի վաղեմություն ունեցող այս պատմությունը բավականին լավ բնորոշում է թուրքական աշխարհի վերաբերմունքը հողի հանդեպ, որը գրեթե անփոփոխ հասել է նոր ժամանակներ։ Այսպես, 1919 թվականի սեպտեմբերին, երբ Օսմանյան կառավարությունը գործնականում համաձայնվել էր երկրի մասնատման հետ, Սեբաստիայում կայացած կոնգրեսի ժամանակ թուրքական Ազգային շարժումը կտրականապես մերժում է հայկական եւ արաբական պետությունների ստեղծումը եւ պահանջում, որ երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվի։ Արդեն 1920 թվականի հունվարին՝ Սեբաստիայի հռչակագրի հիման վրա ընդունվում է Թուրքական ազգային պակտը, կամ ազգային ուխտը, որի 6-րդ հոդվածը հատուկ նշում է Թուրքական պետության ինքնավարությունը թուրքաբնակ տարածքների նկատմամբ, այդ թվում այն, որոնք մենք համարում ենք մերը։

Ինչ եղավ հետագայում հայտնի է, այդպես էլ իրականություն չդարձած Սեւրի պայմանագիր, թուրք-հայկական պատերազմ եւ հողերի հերթական կորուստ, որը սողացող կերպով շարունակվեց նաեւ ԽՍՀՄ ժամանակ, վերածվելով տխուր ազգային «ավանդույթի»։
Գլոբալիզացիայի ներկայի տարածված գաղափարների շրջանում հաճախ են լսվում ձայներ, որ ժամանակակից աշխարհում հողը, դրա հանդեպ սեփականությունն ու ինքնիշխանությունն անցել են երկրորդ պլան, իրենց տեղը զիջելով ժամանակակից աշխարհին բնորոշ նոր տեխնոլոգիաներին, իսկ ազդեցիկ, տնտեսապես հզոր ու անվտանգ լինելու համար այլեւս կարեւոր չէ երկրի զբաղեցրած տարածքը, ուժեղ ու բարեկեցիկ կարելի է լինել նաեւ սահմանափակ հողերի վրա, իսկ որոշների կարծիքով՝ անգամ օտարության մեջ։

Հողի տնտեսական, ռազմական, դիվանագիտական, մշակութային, բարոյական, կրոնական եւ այլ արժեքների ու նշանակության վերաբերյալ մեր հաճախ սահմանափակ պատկերացումները եւ գիտելիքներն ակներեւ դրսեւորվել են որոշիչ իրավիճակներում։ Լեոն, օրինակ՝ նկարագրում է մի այսպիսի երեւույթ. «Մինչ թուրք ասկյարը պատերազմ էր գնում աջից ու ձախից ունենալով մի-մի զինված քուրդ կամ թուրք, հայ զինվորը՝ դաշտում կռվելիս տեսնում էր, որ իր թիկունքում գտնվող հայ գյուղացիները՝ մինչեւ ատամները զինված, փախչում են՝ տանելով իրենց հետ իրենց ընտանիքները, ալյուրի պարկերը»։ Այս երեւույթը եւս տեղափոխվել է մեր օրեր. Ռուսաստանի խաղաղապահների կողմից հրապարակված թվերը՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախ վերադարձած մարդկանց վերաբերյալ մեկնաբանության կարիք չունեն։

Ավանդույթը փոխելու համար, կարեւոր է ստեղծել համընդհանուր գիտակցություն, որ միայն ինքնիշխան եւ հասարակության կոլեկտիվ պաշտպանության ներքո գտնվող հողի առկայությունն է հանդիսանում քաղաքակրթության ժամանակակից բարիքներից խաղաղ օգտվելու, պաշտպանված հարստություն ունենալու եւ ազատ ստեղծագործելու ու զարգանալու նախադրյալը։ Հակառակ թեզը պատմությունը մեզ՝ հայերիս, բազմիցս ապացուցել է։ Որտե՞ղ է, ո՞ւմ է պատկանում Թուրքիայի հայկական կապիտալը, Բաքվի ու Թբիլիսիի հայկական ժառանգությունը եւ այսօր արդեն Շուշիի ու Հադրութի սեփականությունը։

Վերոգրյալից էլ բխում է այն պարզ գաղափարը, որ հողը կենսական նշանակություն ունեցող գերագույն արժեք է, որը հնարավոր է պաշտպանել կամ հետ վերադարձնել միայն զենքով՝ կանոնավոր բանակի միջոցով, ամբողջ հասարակության անմիջական մասնակցությամբ։ Այլապես, որքան էլ հաստ ու բարձր լինեն անձնական սեփականության պատերը՝ ամրագրված տասնյակ սեփականության վկայականներով, դրանք ի զորու չեն պաշտպանել անհատին թշնամուց, եթե ամբողջ հանրությունը չներգրավվի այդ գործընթացում։

Շատերը հավանաբար մոռացել են, որ եթե մեկ դար առաջ մենք հաճախ գաղթում էինք մեկ վայրից մյուսը, սակայն նույն կայսրությունների մեջ, ապա այսօր այլեւս այդ հնարավորությունը չկա։ Ո՞ր հարեւանը թույլ կտա բնակություն հաստատել իր ինքնիշխան տարածքում։ Անգամ իրեն քաղաքակիրթ համարող Միացյալ Թագավորության ղեկավարը նշել է, որ որոշ ուկրաինացի փախստականներ կարող են ուղարկվել Ռուանդա։

Արդեն փաստ է, որ 30 տարիների ընթացքում մեզ չհաջողվեց 30.000 հազար քառակուսի կիլոմետր հողը դարձնել տուն աշխարհասփյուռ հայերի համար, ստեղծել զգացում, որ եղածը բոլորինն է, այն պետք է պաշտպանել ամեն կերպ եւ, որ դա յուրաքանչյուրի պրագմատիկ, այլ ոչ թե սրբազան պարտականությունն է, որը բխում է ինքնապաշտպանության պարզ բնազդից։

Փոխարենը օդում կախված է հողի անտեր լինելու, կամ Կասկադից հեռու գտնվող մի ինչ-որ բնակավայրում ապրող մարդկանց խնդիրը լինելու զգացումը, ինչպես նաեւ եթերային արեւմտյան եւ արդեն արեւելյան հողերը վերադարձնելու պատրանքը։

Իհարկե տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ընթացքում ձեւավորված աշխարհայացքը, մտածելակերպը եւ արժեհամակարգը դժվար է փոխել միանգամից, հատկապես մեզ նման ծանր սոցիալական իրավիճակում գտնվող պետության համար, սակայն պետք է սկսել խոսել դրա մասին, ուսումնասիրել այլ ազգերի փորձը, մշակել հայության գոյատեւման եւ զարգացման հիմնարար սկզբունքները, որոնք համընդհանուր կլինեն բոլորի համար՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հաջորդ քայլը կարող է լինել համահայկական սկզբունքների ամրագրումը, որեւէ իրավական ուժ ունեցող փաստաթղթում, օրինակ՝ Սահմանադրության մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ սահմանադրական բարեփոխումների աշխատանքներում ավելի լայն ներկայացված լինեն մտավորականները, Սփյուռքի հայերին ներկայացնող կազմակերպությունները, ինչպես նաեւ ոլորտային փորձագետները։

Եվ վերջապես կարեւոր է, որ հերթական Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին գնալիս, յուրաքանչյուր հայաստանցի գիտակցի, որ ոչ թե ընտրություն է կատարում նախկինի եւ ներկայի միջեւ, այլ որոշում է այն արժեհամակարգը, որով ապրելու եւ առաջնորդվելու են ինքն ու իր ժառանգներն՝ առնվազն մի քանի տասնամյակ։

Դավիթ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆ, բ.գ.թ.

«Առավոտ» օրաթերթ
12.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Գրել եք միայն զենքով կա հային փրկություն,ու 88ի շարժման բռունցքն եք նկարում տեղադրել մեկ էլ 6րդ դարի ինչ որ ավտոմատ,գոնե մի հատ ժամանակակից հզոր զենք տեղադրեիք…
    Նկարն ու ասելիքը իրար չի բռնում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031