Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահեստային» դատավորը «պահեստապետը» չէ

Հուլիս 13,2022 14:00

Մի քիչ մատչելին, քանի որ ես դեռ ուսումնասիրում եմ

Նոր Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունները տարատեսակ մեկնաբանությունների տեղիք են տվել: Փորձեմ ներկայացնեմ մի քիչ մատչելին, քանի դեռ ուսումնասիրում եմ, ինձ նման շատերը, ովքեր գործ ունեն դատարանների հետ:

Ըստ փոփոխությունների, տուժողը, երբ դատարանում հանդես կգա ԻՐ միջնորդությամբ, ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐՈՂ է կոչվում, դատախազը՝ ՀԱՆՐԱՅԻՆ: Իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներին օրենքը հորդորում է՝ մի օգտագործեք ամբաստանյալ բառը, մինչեւ վերջ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ, եթե արդարացվի՝ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼ, եթե դատապարտվի՝ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՄԵՂԱԴՐՅԱԼ: Մենք նոր բառ ենք «նվեր» ստացել. «ՎԵՐԴԻԿՏ» բառը: Կարդում ենք. ՎԵՐԴԻԿՏ՝ մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունն է…

Բոլորս հավասար ենք օրենքի առջեւ եւ առանց խտրականության հավասարապես պաշտպանվում ենք օրենքով, սա մնացել է, քանի որ որքան հասականում եմ, լեզվաբան չի մասնակցել օրենքի խճճմանը:

Սահմանվել է՝ Եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից եւ ծավալից ելնելով, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը, մինչեւ նախնական դատալսումները սկսվելը, այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ, գործընկերներիս մնում է հորդորեմ, հանկարծ չգրեք, պահեստապետ:

Մենք հրաժարվել ենք «տուժողի իրավահաջորդ» կարգավիճակից, տուժողի իրավահաջորդը նույն ինքը տուժողն է։ Ինչպես իր ՖԲ գրառման մեջ մեկնաբանել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը. «Այսպիսով, տուժողի իրավահաջորդը պարզապես ստանում է տուժողի կարգավիճակ։ Դրանով վերանում է այն հակատրամաբանական վիճակը, որ մահացած մարդուն «տուժող» էին ճանաչում, որ հետո նրա հարազատին շնորհեին «տուժողի իրավահաջորդի» կարգավիճակ»։

Ի դեպ, դատական գործընթացների ժամանակ հաճախակի էին այն դեպքերը, երբ տուժողի հարազատներից յուրաքանչյուրը փորձում էր ինքը կարգավիճակ ստանար: Ամուսնալուծված ընտանիքների դեպքում հաճախակի էին նման դեպքերը: Ըստ փոփոխությունների, տուժող կարող է ճանաչվել մերձավորներից առավելագույնս երկու անձ։

Չգիտեմ, ինչ կտա, «տուժողի ներկայացուցիչ» բառակապակցության փոխարեն «տուժողի լիազոր ներկայացուցիչ» բառակապակցության ներմուծումը, ինչպես ասում են՝ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվում:

Մենք փաստորեն կգնանք ոչ թե դատական նախնական նիստերի, դատաքննություն լուսաբանելու, այլ՝ «դատալսումների»:

Նախատեսվել է «նախնական դատալսումներ», «հիմնական դատալսումներ» եւ «լրացուցիչ դատալսումներ»:

Վերջինս լուծում է պատժի հարցը, կայացվում արդարացման վերդիկտ՝ վերջնական ակտ, նախկին «դատավճիռ» ակտի անվան փոխարեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031