Հարցազրույց կանադահայ ջութակար Ռուբեն Կոսեմյանի հետ
– Ռուբեն, խնդրում եմ ներկայացնել Ձեր նոր ձայնասկավառակը, ի՞նչ է այն ներառում:
– Նոր ձայնասկավառակի մեջ ընդգրկված են Բրամսի ջութակի 3 Սոնատներ եւ Սկերցոն, որը սկզբնականում գրվել էր որպես Ջութակի սոնատի 3-րդ մաս։ Այդ սոնատը 3 կոմպոզիտորի՝ Շումանի, Բրամսի եւ Դիտրիխի ընդհանուր գաղափարն էր` նվիրված հայտնի ջութակահար Յ. Յոահիմին, որտեղ Դիտրիխը 1-ին մասի հեղինակն է, Շումանի գրչին պատկանում են 2-րդ եւ 4-րդ մասերը, իսկ Բրամսին՝ 3-րդ մասը։
– Տեղյակ ենք, որ Պետերբուրգյան նախագծեր էլ կան, խնդրում եմ որոշ «փակագծեր» բացեք:
– Առաջին նախագիծը վերաբերում է իմ` ջութակի եւ դաշնամուրի համար փոխադրությունների երկրորդ եւ երրորդ ժողովածուի տպագրմանը։ Երկրորդ նախագիծը՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետից 6 դրվագների փոխադրության տպագրումն է, որը նույնպես իրագործվելու է Սանկտ Պետերբուրգի հայտնի տպագրատան կողմից։
– Որքանով տեղյակ եմ` կատարել եք 72 նյութերի փոխադրություններ, ո՞ր կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին է խոսքը:
– Փոխադրել եմ տարբեր ժամանակաշրջանների եւ ուղղությունների ներկայացուցիչ կոմպոզիտորների ստեղծագործություններ, կոմպոզիտորների թվում են` Սկարլատին, Շուբերտը, Լիստը, Շումանը, Մոշկովսկին, Չայկովսկին, Սկրյաբինը, Ռախմանինովը, Ռավելը, Գերշվինը։ Հատուկ տեղ ունեն հայ կոմպոզիտորները՝ Կոմիտասը եւ Բաբաջանյանը։
– Առաջիկայում ի՞նչ համերգներ եք պլանավորել:
– Տպագրվելուց հետո պետք է կատարվեն Պրոկոֆեւի Տրանսկրիպցիաները «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետից, նախատեսվում են նաեւ համերգներ Եվրոպայում։
– Հայաստանի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
– Իմ 72 փոխադրությունները ուզում եմ տպագրել Հայաստանում։ Պլանավորում եմ թողարկել ձայնասկավառակ, նվիրված հայ հռչակավոր կոմպոզիտորների 100-ամյակին, որտեղ կընդգրկվեն Ղ. Սարյանի, Ա. Բաբաջանյանի, Է. Միրզոյանի, Գ. Հովունցի ստեղծագործությունները։
– Խնդրում եմ նաեւ Պրոկոֆեւի թոռան հետ համագործակցությանն անդրադառնաք:
– Ս. Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետից 6 համարների փոխադրությունը ջութակի եւ դաշնամուրի համար, մեծ աշխատանք եւ առանձնահատուկ լուծումներ պահանջեց։ Ընթացքում կապ ստեղծվեց Ս. Պրոկոֆեւի` արտերկրում բնակվող ժառանգների հետ, մասնավորապես՝ կոմպոզիտոր Գաբրիել Պրոկոֆեւի հետ։ Նա իր հավանությունն է տվել փոխադրությանը, նշելով, որ այն հետաքրքիր եւ չափազանց գրագետ է արված, հետաքրքրվել է նաեւ, թե ինչպես են ընտրվել դրվագները եւ ինչպիսին է փոխադրության հիմնական գաղափարը։ Հույս ունեմ՝ այս համագործակցությունը ապագայում կընդլայնվի։
Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.07.2022