Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միմյանց հասկանում ենք առանց խոսքի»

Հուլիս 13,2022 12:30

Ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու դաշնակահար Հայկ Մելիքյանը ներդաշնակ են աշխատում

2020թ. համավարակի պայմաններում ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու դաշնակահար Հայկ Մելիքյանը առաջին անգամ զուգանվագով հանդես եկան վիրտուալ հարթակում, որով փաստորեն սկիզբ դրվեց նրանց շարունակական ելույթներին։ Իսկ 2021թ. մեր երաժշտական կյանքում առաջին անգամ հիշյալ երաժիշտների եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) մասնակցությամբ կայացավ երեկո, որի ընթացքում հնչեցին տարբեր հեղինակների կամերային ստեղծագործություններ, որոնք ստեղծվել էին Չայկովսկու արվեստից ոգեշնչված։ Առաջին անգամ երաժիշտները դուետով հանդես են եկել 2017թ. Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։


«Առավոտի» հետ զրույցում իրենց դուետի ստեղծման առիթով երաժիշտները նշել էին, որ ամեն ինչ սկսվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահի պատերի ներսում. «Տարբեր առիթներով հանդիպումների ժամանակ խոսել ենք մշակութային աշխարհայացքի շուրջ եւ կարեւորել գործընկերոջ հետ բեմը, ինչպես նաեւ արժեքներ ու սկզբունքներ կիսելը։ Կամերային անսամբլում հետաքրքիր է երաժշտություն ստեղծելու ընթացքը եւ փորձերի ժամանակ հնարավորություն է ընձեռվում մանրակրկիտ աշխատել յուրաքանչյուր ֆրազի վրա, քննարկել յուրաքանչյուր մանրուք, թեեւ մեզ համար մանրուք հասկացությունն իսպառ բացակայում է, իսկ որ ամենակարեւորն է՝ միմյանց հասկանում ենք առանց խոսքի»։

Նշյալ երեկոյից հետո ծավալվեցին խոսակցություններ, թե ինչու կամերային երաժշտությունը չհնչեցնել կամերային դահլիճներում, մանավանդ որ՝ լատիներենից թարգմանաբար camera նշանակում է սենյակ եւ 16-րդ դարից սկսած այդ երաժշտությունը հնչել է հենց «սենյակներում», գործիքային անսամբլի տարբեր կազմերով՝ դուետ, տրիո, կվարտետ, կվինտետ եւ այլն։ Իսկ այդ երաժշտությունը զարգացման է հասել Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Ռախմանինովի, Դվորժակի, Շյոնբերգի եւ մյուս անվանի կոմպոզիտորների շնորհիվ։


Վերջերս, դարձյալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հանդիպեցինք Անուշ Նիկողոսյան-Հայկ Մելիքյան դուետին՝ նոր ծրագրով։ Մինչ համերգին անդրադառնալը նշենք, որ շրջանառվում էին խոսակցություններ, թե ինչու այդ դուետը կամերային երկացանկով հանդես չի գալիս հենց կամերային դահլիճներում։ Պատասխանը միանշանակ մեկն է՝ նախ, եթե կա պահանջարկ, այսինքն՝ ապահովվում է մեծ դահլիճ, ապա ինչո՞ւ հանդես չգալ այնտեղ եւ հետո՝ վաղուց արդեն աշխարհահռչակ երաժիշտներից շատերը դուետով հանդես են գալիս ոչ միայն մեծ համերգասրահներում, այլեւ մի քանի հազար հանդիսատեսի դիմաց՝ բացօթյա ամֆիթատրոններում։ Նշենք նաեւ, որ մինչեւ մեր երաժշտական կյանքում վերոնշյալ դուետի հայտնվելը, կարծես ընդունված էր կամերային մեկ համերգի ընթացքում ներկայացնել մեկ կամ երկու կոմպոզիտորի գործ, իսկ ինչպես շուրջ մեկ տարի առաջ, այնպես էլ վերջերս, Անուշ Նիկողոսյան-Հայկ Մելիքյան դուետի կայացած համերգը իսկապես առատ էր հենց թեկուզ հեղինակների առումով։ Չենք կարծում, որ այս երաժիշտներին առանձին ներկայացնելու հարկ կա, բայց այն, որ կամերային երաժշտությանը բնորոշ արտահայտչամիջոցների նուրբ մանրամասնումը՝ քնարական հույզերի, հոգեկան վիճակների առավել քան նրբին փոփոխություններ հաղորդելու մեծ հնարավորությունները ակնհայտ էին երաժիշտների կողմից 20-րդ դ. եւ ժամանակակից կոմպոզիտորների յուրաքանչյուր ստեղծագործություն մեկնաբանելիս։ Կատարվեցին ոչ միայն հայաստանյան, այլեւ համաշխարհային պրեմիերաներ։

Առաջին անգամ ծանոթացանք ամերիկացի կոմպոզիտոր Մորթոն Ֆելդմանի «Ուղղահայաց մտքեր- 2» ստեղծագործությանը, որը պիես է՝ գրված մենանվագ ջութակի համար։ Հեղինակին հաճախ անվանում են «աբստրակտ էքսպեսիոնիստ»։ Ընդ որում, վերջինս մտերիմ է եղել գեղանկարիչներ Ջեքսոն Փոլլոքի եւ Ֆիլիպ Գյուսթոնի հետ ու նրանց հետ կիսել արվեստի նկատմամբ իր ունեցած հայացքներն այնպես, ինչպես երաժշտարվեստում Անուշ Նիկողոսյանն ու Հայկ Մելիքյանը։ Առաջին անգամ հայ հանդիսատեսը առնչվեց դարձյալ ամերիկացի կոմպոզիտոր Հենրիկ Քոուելի արվեստին՝ անցյալ դարի սկզբներին նրա գրած Սյուիտի միջոցով։ Եթե միայն նշենք, որ կոմպոզիտորին աշակերտել է Գերշվինը, ապա ամեն ինչ ասված կլինի։ Քոուելը առաջինն է օգտագործել ռոյալի լարերի կսմիթային տեխնիկան, ինչը այսօր էլ մեծ տարածում ունի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններում։

Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ Հարություն Դելլալյանի, Չեխիայի ազգային դասականներից Լեոշ Յանաչեկի, բելգիացի Էժեն Իզայիի, ամերիկացի Ջոն Քեյջի, ֆրանսիացի Օլիվիե Մեսիանի երկերը եւս եւ իբրեւ համաշխարհային պրեմիերա՝ Եվրոպայում կատարելագործված, հիանալի կարիերա ծավալած, 2019-ից էլ հայրենիք վերադարձած Արթուր Աքշելյանի «Որտեղ մարում են աստղերը մեկուսի» ստեղծագործությունը։

Մեր երկրում կամերային երաժշտության ձեւավորման գործում մեծ ավանդ ունեն Կոմիտասը, Սպենդիարյանը, Տիգրանյանը, Ռոմանոս Մելիքյանը, Հարո Ստեփանյանը։ Նշանավոր են Արամ Խաչատրյանի դաշնամուրային եւ ջութակի պիեսները։ Իսկ տարբեր ժամանակահատվածներում տարբեր գործիքների համար ստեղծագործել են Սարգիս Բարխուդարյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Բաղդասարյանը եւ այլն։


Անդրադառնալով Անուշ Նիկողոսյան-Հայկ Մելիքյան դուետի համերգին, նշենք երեկոյից հետո հանդիսատեսի ընդամենը մեկ արտահայտություն՝ իհարկե, հետաքրքիր է մեկ համերգում լսել այսքան հեղինակների ստեղծագործություններ, այն էլ առաջին անգամ մեզ մոտ հնչող, էլ չենք խոսում կատարումների բարձր որակի մասին։ Նման կամերային երեկոներ կարելի է իրականացնել հայաստանյան պատմամշակութային վայրերում՝ Գառնի, Գեղարդ, Զվարթնոց եւ այլն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031